Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանին կրկին «մեյդան» բերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ԵՏՄ անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի ղեկավարները որոշում են ընդունել ԵՏՄ մարմինների նախագահության, անձնակազմի եւ ԵՏՀ կոլեգիայի անդամների պարտավորությունների բաշխման վերաբերյալ: «ԵՏՄ երկրների նախագահները ԵՏՀ կոլեգիայի նախագահի թեկնածության որոշումն ընդունել են դեռ 2015-ի հոկտեմբերին: Նոր նախագահ կդառնա Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, ով ներկայում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է»,-նշված է ԵՏՄ մամլո հաղորդագրությունում:

Այժմ կոլեգիայում Միության յուրաքանչյուր երկիր կունենա երկուական ներկայացուցիչ: ԵՏՀ կոլեգիայի նոր կազմը պարտավորությունների կատարմանը կանցնի 2016 թվականի փետրվարի 1-ին: Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ից:

Երեկ «ժողովուրդ»-ն այս թեմայով զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:

-Տիկի՛ն Սարգսյան, ԵՏՄ երկրների նախագահների որոշմամբ` ԵՏՀ կոլեգիայի նոր նախագահ կդառնա Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը: Ձեր կարծիքով արդյո՞ք ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին կհաջողվի լուրջ արդյունքների հասնել այդ պաշտոնում:

-Իմ կարծիքը միանշանակ է, որ Տիգրան Սարգսյանը լինելով ՀՀ վարչապետ՝ ոչ մի դրական բան, ըստ էության, Հայաստանի համար չարեց, եթե չասեմ, որ բազմաթիվ վնասներ կրեց մեր երկիրը իր վարչապետության օրոք, հետեւաբար ակնկալել, որ նա այնտեղ ինչ-որ բան կարող է անել Հայաստանի օգտին, խիստ կասկածելի է: Ավելի ճիշտ, վստահ եմ, որ որեւէ բան չի փոխվելու, որեւէ բան չի արվելու, ունենք այն, ինչ ունենք: Կա նման որոշում, նա է ներկայացնելու Հայաստանը, թե որքանով է դա համաձայնեցված, չեմ կարող ասել: Իշխանական հատվածում ասում են, որ ճանաչելով նրան եւ գնահատելով նրա պրոֆեսիոնալ կարողությունները՝ Ռուսաստանը համաձայնություն է տվել նրա թեկնածությանը: Թե ինչ կա իրականում դրա տակ, ես չեմ կարող գուշակել, բայց չեմ կարծում, որ Հայաստանը կարող է դրանից շահել:

-Իսկ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են նրան մշտապես նման պաշտոնների նշանակում, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մշտապես բարեհաճ գտնվում նրա նկատմամբ:

-Ես կարծում եմ, որ նա շատ երկար ժանանակ է իշխանությունների մեջ եղել ու բավականին վստահելի գործընկեր է եղել իշխանությունների համար, ու դրանից ելնելով էլ որոշել են օգտագործել նրա հնարավորությունները նաեւ ԵՏՄ-ում: Իսկ ինչքանով է դա արդարացված, դա արդեն մեկ այլ հարց է: Բայց համոզված եմ նաեւ, որ այդ նշանակումը պայմանավորված է այն վստահությամբ, որն ունի գործող նախագահը նրա նկատմամբ: ԱՄՆ-ում դեսպանության տարիներին տեսանելի առումով որեւէ բան չի արվել, բայց հստակ է նաեւ, որ դիվանագիտությունում մեկ օրում հարցեր չեն լուծվում, այդ առումով վստահաբար չի կարելի ասել՝ նա աշխատանք արել է, թե ոչ: Ժամանակը ցույց կտա, բայց եթե ընդհանուր ենք նայում, մեր դիվանագետներն արդյունավետ որեւէ աշխատանք չեն տանում: Իմ կարծիքով ձախողված մարդուն ուղղակի հանում են, եթե նրան ավելի բարձր պաշտոն է առաջարկվում, ուրեմն իշխանությունները դժգոհ չեն նրա աշխատանքից:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս