ԳՈՐԾԱՐԱՐԸ ԾԵԾԵ՞Լ Է ԴԻԶԱՅՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին ամենաթողության հերթական դեպքն է արձանագրվել Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ գտնվող շինհրապարակում: Գործարար Կարեն Շահմուրադյանը, որը վաղամեռիկ Ռաֆայել Շահմուրադյանի որդին է (Շախ), ծեծի է ենթարկել Հայաստանի դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծեծի ենթարկված դիզայները ներկայացրեց կատարվածի իր պատճառաբանությունը: Նա նշեց, որ ինքն արդեն երկու տարի է` համագործակցում է Շահմուրադյանի հետ, որը, սակայն, իրեն պարբերաբար անվայել արտահայտություններ ու ոչ բարեկիրթ պահվածք է թույլ տալիս. «Նախ պետք է նշեմ, թե ինչ ձեւ է նա խոսում, ինչ տոնով, ինչ հայհոյանքներ  է տալիս, եւ դա նորմալ վարք չէ իր նման գործարարի համար: Դա էլ դարձավ կատարվածի պատճառ, երբ նրան ասացի, թե չի կարելի այդ կերպ խոսել»:
Մեր զրուցակցի ներկայացմամբ` Հայաստանի դիզայներների միությունը զբաղվում է գործարարի բնակարանի ձեւավորման աշխատանքներով. «Կահույքով, դռներով ու այլ համապատասխան ձեւավորման հարցերով մենք ենք զբաղվում: Մեր աշխատանքային գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ աշխատանքային կոնֆլիկտ եղել է, բայց ոչ այս դեպքի նման, որ նա այս քայլին դիմեր»:
Ինչպես պարզեցինք, այդ օրը գործարար Կարեն Շահմուրադյանն անձամբ է զանգահարել  Ռ. Թոփալյանին  եւ ցանկություն հայտնել հանդիպել նրա հետ. «Մոտեցա իր նախանշած վայրին, նա անմիջապես ցույց տվեց իր բնակարանի դռների վրա ինչ-որ էլեմենտներ, որոնք իրեն դուր չէին եկել, ու ծեծի ենթարկեցին ինձ: Այդ օրը շինհրապարակում նա մենակ չէր, իր հետ էին նաեւ թիկնապահն ու եւս երկու աշխատակից»:
Արդյո՞ք դա է եղել միակ խնդիրը, որի համար գործարարն իր թիկնապահի հետ ծեծի է ենթարկել դիզայներին. մեր զրուցակիցը վստահ է, որ ոչ. «Սա չէր կարող լինել պատճառ, որ նա այնպես աներ, որ իր դեմ քրեական գործ հարուցվեր, այստեղ այլ բան կա»: Հարցին, թե ինչ նկատի ունի, եւ ինչ այլ խնդիր կարող էր լինել իրենց միջեւ, Թոփալյանը դժվարացավ պատասխանել` նշելով, թե փորձում է մտածել, սակայն հիմա չի կարող ասել:
Ռ. Թոփալյանի խոսքով` ինքը դեռեւս աշխատանքի չի գնում, եւ ինչպես նա, այնպես էլ  Հայաստանի դիզայներների միությունը, այս ամենն այդպես չեն թողնի. «Նախ՝ միությունը նամակ կուղարկի Սերժ Սարգսյանին եւ արդարադատության նախարարին` մեկ պահանջով, որպեսզի օբյեկտիվ լուծում տրվի այս ամենին»:
Դիզայները նաեւ հուսով է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին հայտարարությունները, թե ոչ ոք, անկախ իր դիրքից, անպատիժ չի մնալու, եւ «զոռբայությանն» այլեւս տեղ չի լինելու, կվերաբերվեն նաեւ իրեն ծեծի ենթարկած գործարարին:
Կատարվածի հետ կապված մեկ այլ վարկած է ներկայացրել Գագիկ Շամշյանը, ըստ որի` Կ. Շահմուրադյանը՝ Շախի Կարենը, «Մալիբու»-ի հարեւանությամբ կառուցվող իր էլիտար շենքի  դիզայներական աշխատանքներում, օգտվելով Ռ. Թոփալյանի ծառայությունից, չի վճարել ժամանակին` պատճառաբանելով, թե էլ իր դուրը չի գալիս նրա դիզայներական աշխատանքը: Եվ երբ դիզայները պահանջել է իր աշխատանքի դիմաց պայմանավորված գումարը, ծեծի ու նվաստացման է ենթարկվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ ծեծված դիզայներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է քննություն:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ գործարար Կարեն Շահմուրադյանի հետ: Իսկ թե ինչ պատմեց նա, եւ ինչ բացահայտվեց գործարարի հետ զրույցում, կարդացե՛ք «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս