ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԵՑԻՑ ԵՐԵՔԸ` ՄԵԴԱԼՈՎ
Օդեսայում արդեն ավարտվել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի` ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացված «Սեւ ծով» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի վեց անդամներ: Նրանցից երեքը գրավել են մրցանակային տեղեր. Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ Միհրան Ջաբուրյանը (55 կգ) զբաղեցրել են 2-րդ տեղը եւ նվաճել արծաթե մեդալներ, իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Մրցաշարին մասնակցել են 10 երկրի 87 մարզիկներ: Եվ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները կրկին իրենց բողոքի ձայնն են բարձրացրել օլիմպիական մարզաձեւերի շարքից ըմբշամարտը հանելու ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի դեմ: Հիշեցնենք, որ մայիսի 16-18-ը այս հարցի վերաբերյալ Մոսկվայում տեղի է ունենալու ՖԻԼԱ-ի կոնֆերանսը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները:
Հույս ունենանք, որ կկայացվի խելամիտ որոշում, այսինքն` ըմբշամարտը կմնա օլիմպիական մարզաձեւ, եւ մեր ըմբիշներն էլ մեզ կուրախացնեն ոսկե մեդալներով:

ՄԵԿ ԿԳ-Ն ԲՐՈՆԶԻ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑԱՎ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի երեք ծանրորդներ մեկնել են Պերու` այդ երկրի մայրաքաղաք Լիմայում մայիսի 3-13-ն ընթացող ծանրամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը մասնակցելու:
Հայաստանի երեք ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ մինչեւ 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Մեր մարզուհին պոկում վարժությունը սկսեց 83 կգ-ով, որից հետո միայն երրորդ մոտեցմամբ հաղթահարեց 87 կիլոգրամը եւ արժանացավ փոքր բրոնզե մեդալի: Հրումում նա բարձրացրեց 103, ապա նաեւ 107 կիլոգրամ ծանրաձողը, սակայն ձախողվեց 110 կգ-ում, որն էլ ճակատագրական եղավ մեդալների համար պայքարում: Իզաբելլայի արդյունքը չորրորդն էր այդ մրցաձեւում: Երկամարտում նույնպես հայ մարզուհին 194 կիլոգրամով բավարարվեց 4-րդ տեղով` ընդամենը մեկ կգ զիջելով բրոնզե մեդալակիր դարձած վենեսուելացի մրցակցուհուն:

ԴՈՒԲԼԸ ՉՍՏԱՑՎԵՑ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 40-րդ տուրում Գյումրու «Շիրակ»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց «Փյունիկ»-ին եւ նվաճեց 2012-2013թթ. Հայաստանի չեմպիոնի կոչումը` առաջնության ավարտից երկու տուր առաջ անհասանելի դառնալով երկրորդ տեղում ընթացող «Միկա»-ի համար:
«Շիրակ»-ը նաեւ հավակնում էր երկրորդ տարին դառնալ Հայաստանի գավաթակիր, որի եզրափակչում երեկ մրցեց «Փյունիկ»-ի հետ, սակայն պարտվեց 0:1 հաշվով:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս