ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԸ՝ «ԹԱՅՖԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԹԻՐԱԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տասներեք տարվա պատմություն ունեցող ՀՀ նախագահի մրցանակի նպատակն է խրախուսել մի շարք ոլորտներում ստեղծված աշխատանքները՝ նպաստելով գրականության, արվեստի, հումանիտար գիտությունների հանրահռչակմանը, քարոզչությանը, հեղինակների հանդեպ պետական վերաբերմունքի խորացմանը:
Տարիների ընթացքում նախագահի մրցանակի շրջանակներն ընդլայնվել են, կատարելագործվել են գնահատման սկզբունքները, մշակվել են կանոնակարգեր: Սակայն այդ ընթացքում այդպես էլ չի փոխվել վերաբերմունքը «Արվեստ» անվանակարգի եւ այդ անվանակարգում մրցանակներ շնորհող մասնագիտական-փորձագիտական հանձնախմբի կազմի նկատմամբ: Մրցանակի հիմնադրման առաջին օրվանից բազմիցս խոսվել է այն մասին, որ այս անվանակարգում ճիշտ չէ միավորել կերպարվեստը, կերպարվեստագիտությունն ու արվեստաբանությունը, թատրոնն ու կինոն, ճարտարապետությունն ու կատարողական արվեստի որոշ դրսեւորումներ: Սակայն «Հայաստան» հիմնադրամի տնօրինությունը, ում գործառույթն է մրցույթների հայտերի ընդունումն ու մասնագիտական-փորձագիտական հանձնախմբերի ձեւավորումը, անբացատրելի «երկչոտությամբ» վախենում է բարձրաձայնել մտահոգությունների եւ հնչող քննադատության մասին:   
Լսելով բազմաթիվ դժգոհությունների մասին՝ պատասխանատուները, այնուհանդերձ, չեն կամենում փոխել հանձնախմբի կազմը, որը գլխավորապես կազմված է նկարիչներից, արվեստաբաններից ու ճարտարապետներից: Այսինքն՝ ձեւավորվել է, այսպես կոչված, «նկարիչների մաֆիան», որը «հերթագրել» է ծանոթ-մտերիմ նկարիչների եւ ամեն մրցանակաբաշխության ժամանակ հենց նրանց է շնորհում մրցանակները՝ այսպես սխալ պատկերացումներ ձեւավորելով մեր արվեստի, մասնավորաբար թատրոնի եւ կինոյի մասին: Հեռու լինելով թատերարվեստից, չունենալով մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ առաջնորդվելով «թայֆայական» շահերով՝ այս հանձնախումբը բացարձակորեն պատերազմ է հայտարարել թատրոնին եւ կինոյին՝ յուրովի սեփականաշնորհելով նախագահի մրցանակը…
Այս ամենի մասին ասվել է պատասխանատու Աիդա Խաչիկյանին, սակայն, հավանաբար, նա անզոր է դեմ դուրս գալ նկարիչների «մաֆիային», պարտադրել հատվածական շահերով իրար գլխի հավաքված մարդկանց, որոնցից ոմանք դեռ վերջերս պայքարում էին Սոս Սարգսյանի գլխավորած թատրոնի կառուցման դեմ, կայացնելու ազնիվ ու ճշմարիտ որոշումներ…
2012-ին մրցանակաբաշխության էին ներկայացված երեք թատերական աշխատանք՝ Շեքսպիրի «Ջոն արքա», Պ. Պռոշյանի «Հացի խնդիր» եւ տողերիս հեղինակի ու Արմեն Խանդիկյանի «Ձուկն առանց ջրի» պիեսների բեմադրությունները Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» եւ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում: Այս երեք բեմադրությունից ոչ մեկը հանձնախմբի (որում բացակայում են թատերական աշխարհի ներկայացուցիչները) հավանությանը չի արժանացել, երեք աշխատանքից երկուսը մերժվել են առաջին, իսկ «Ձուկն առանց ջրի» բեմադրությունը՝ վերջին փուլում: Որեւէ հիմնավորում, մերժման որեւէ պատճառաբանություն չի տրվում: Մենք խնդրեցինք Աիդա Խաչիկյանին՝ ներկայացնել հանձնախմբի որեւէ հիմնավորում, սակայն պատասխանատու տիկինը խիստ կաշկանդված էր՝ ասելով, որ «Ձուկն առանց ջրի» բեմադրությունն արժանացել է բոլորի հիացումին ու բարձր գնահատականին… բայց… արժանացել է… չարժանանալու որոշմանը… Ա. Խաչիկյանը նշեց, որ ներկայացված էին նկարիչներ Հակոբ Հակոբյանը եւ Հենրիխ Էլիբեկյանը, որոնք էլ պիտի ստանային նախագահի մրցանակը:
Ավելին, տարիներ շարունակ «Արվեստ» անվանակարգում եղել է միայն մեկ մրցանակ, սակայն այս տարի ավելացվել է եւս մեկը՝ Հենրիխ Էլիբեկյանին շնորհելու համար: Այսինքն՝ ի սկզբանե եղել են «հատուկ նշանակության» մրցանակներ, ուստի ամեն ինչ եղել է ձեւական ու… սուտ: Հակոբ Հակոբյանն ազգային կերպարվեստի նահապետներից մեկն էր, ճշմարիտ դասական, որի «Սիրո պարտեզ» նկարաշարը, չունենալով նկարչի ստեղծագործության վառ դրոշմն իր վրա եւ կրկնելով 1970-80-ականների հիմնական սկզբունքները, այնուամենայնիվ, մեծ նկարչի վրձնին պատկանող աշխատանքների շարք է: Մրցանակը շնորհվեց հետմահու: Ու մենք էլ մեր խոնարհումն ենք բերում մեծ նկարչի հիշատակին: Հենրիխ Էլիբեկյանի նկարաշարքն էլ մասնագետները համարում են նրա հետաքրքիր աշխատանքներից, սակայն ոչ երբեք խոշոր նվաճում: Սակայն հարց է ծագում. ի՞նչ սկզբունքով են համադրության մեջ դրվել թատերական ներկայացումն ու նկարաշարերը, ինչպե՞ս է որոշվել, թե դրանցից որն է արժանի մրցանակի… Այս հարցերն ավելորդ են դառնում, որովհետեւ ի սկզբանե արդեն որոշված էր, որ քանի դեռ «նկարիչների մաֆիան» է կոչված գնահատելու, արվեստի մեկ այլ տեսակի ստեղծագործություն, անկախ իր գեղարվեստական բարձր արժեքից, չի կարող արժանանալ ՀՀ նախագահի մրցանակին:
Այսպիսով` ստացվում է, որ մի խումբ մարդիկ գործում են ընդդեմ ՀՀ նախագահի, հեղինակազրկում նրա մրցանակը, հիասթափեցնում շատերին, իզուր դարձնում մասնակցությունը մրցանակաբաշխությանը: Եվ քանի դեռ «Հայաստան» հիմնադրամի պատասխանատուները լռեցնում են բոլոր դժգոհությունները եւ ամեն տարի նույն մարդկանց ընդգրկում հանձնախմբում, հազիվ թե կայացվեն ազնիվ ու շիտակ որոշումներ…

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ




Լրահոս