ՖԻԼԻՊԸ ՀԱ՞Յ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շվեդական Մալմո քաղաքում տեղի են ունենալու «Եվրատեսիլ-2013» երաժշտական մրցույթի բացումը եւ առաջին կիսաեզրափակիչը: Երկրորդ կիսաեզրափակիչը, որում 11-րդ համարի ներքո Հայաստանը կներկայացնի «Dorians»-ը, կկայանա մայիսի 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին:
Հիշեցնենք, որ Շվեդիան հնարավորություն ստացավ հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո, երբ 2012-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած «Եվրատեսիլ 2012»-ում (Հայաստանն այն բոյկոտեց) հաղթեց Շվեդիան ներկայացնող Լորինը` իր «Euphoria» երգով։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը ներկայացնող երգչին աջակցելու նպատակով Շվեդիա է մեկնել նաեւ հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը: Նա, իհարկե, վաղուց է աչքի ընկնում իր թուրքամետ ու ադրբեջանամետ գործունեությամբ: Հիշեցնենք, որ տարիներ առաջ այդ պատճառով նրա համերգը Հայաստանում բոյկոտվեց: Ի դեպ, չնայած  ընդգծված թուրքամետությանը, դեռեւս կես տարի առաջ Բաքվում էլ էր չեղյալ համարվել Ֆիլիպ Կիրկորովի համերգը: Ինչպես պարզվել էր հետագայում, Բաքուն հաշվի էր առել այն հանգամանքը, որ նրա հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, ցանկացել է օգնել Հայաստանի ներկայացուցչին։
Բայց Ֆիլիպը, ամեն դեպքում, մնում է մոլի ադրբեջանասեր, հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել նրա մասնակցությունն ադրբեջանցի երգիչ Ֆարիդ Մամմադովի` եվրատեսիլյան երգի պատրաստությանը։ Պարզվում է՝ Կիրկորովն ադրբեջանցիներին է տրամադրել իր խմբի լավագույն պարողին՝ Ալեքսանդր Կուզմենկոյին, որը կդառնա Ադրբեջանի համարի աստղը։ Ադրբեջանի «Hold me» երգի բեմադրության հեղինակը Կիրկորովի հին ընկեր, հույն պարուսույց Ֆոկաս Եվանգելինոսն է։ Նա տարբեր երկրների թիմերի համար «Եվրատեսիլ»-ում բարձր տեղեր է ապահովել։
Ի դեպ, տարբեր առիթներով Ֆիլիպ Կիրկորովը նաեւ նշել է, որ ինքը հայ չէ, եւ բոլորի, այդ թվում` մեզ մոտ, բնական հարց է ծագում. եթե նրա հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, իրեն հայ է համարում ու նաեւ հայկական երգեր կատարում, ապա ինչպե՞ս կարող է Ֆիլիպը հայ չլինել: Բայց այդ հարցը, թերեւս, պետք է ուղղել Ֆիլիպի մորը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս