Էթիկայի հանձնաժողովն օրե՞նք է խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
Վարույթի ավարտին հանձնաժողովը պետք է բացահայտեր կա՞ արդյոք շահերի բախում Խաչատրյանի անվան հետ կապվող բիզնեսների եւ նրա զբաղեցրած պաշտոնեական դիրքի միջեւ:
Հարցին, թե ինչ որոշում է կայացվել, եւ հայտնաբերվել են արդյո՞ք խախտումներ, հանձնաժողովից պատասխանեցին, թե բանավոր տեղեկատվություն չեն տրամադրում, փոխարենը հավելեցին, որ կայացված որոշման մասին կողմերը ծանուցվել են:
Հիշեցնենք. Էթիկայի հանձնաժողովը ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ վարույթ էր հարուցել “Թրանսփարենսի Ինթերնեշնըլ” հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա, որում, վկայակոչելով մամուլի հրապարակումները, “Թրանսփարենսի Ինթերնեշնըլ”-ը հայտնում էր, որ Գագիկ Խաչատրյանին են պատկանում հաշվիչ դրամարկղային կտրոնների թուղթ մատակարարող “Ալեքսերվ” ընկերությունը, նրա անվան հետ են կապվում նաեւ սննդամթերքի ներկրմամբ զբաղվող “Ապեյրոն”, “Մեգաֆուդ” ընկերությունները, “Գալաքսի” սուպերմարկետը եւ նույն անունով հացի գործարանը, “Մեգամոթորս” ընկերությունը, “Մեգա սպորտ” խանութների ցանցը, “Խրոնոգրաֆ”  թանկարժեք ժամացույցների խանութ սրահը, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ, արբանյակային հեռարձակում ապահովող “Յուքոմ” ընկերությունը, Ամասիայի կաթի գործարանը, “Ալյանս” մաքսային տերմինալը:
Փաստորեն, կողմերը տվյալ պարագայում “Թրանսփարենսի Ինթերնեշնըլ”-ն ու ՊԵԿ-ն են: “Թրանսփարենսի Ինթերնեշնըլ”-ում մեզանից տեղեկացան, որ իրենց դիմումի հիման վրա հարուցված վարույթն ավարտվել է եւ նշեցին, որ որեւէ ծանուցում չեն ստացել: Ստացել են արդյո՞ք, ՊԵԿ-ում, մեր հարցմանն այս պետական կառույցից դեռ չեն պատասխանել:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովը ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել ապրիլի 13-ին, եւ քանի որ օրենքը մեկամսյա ժամկետ է սահմանում այն ավարտելու համար, ապա առավելագույնը մայիսի 13-ին Հանձնաժողովը պետք է կայացներ որոշումը: Որոշման կայացման ամսաթիվը եւս հանձնաժողովից չհստակեցրին, հավելելով, որ որոշումը կայացվել է մայիս ամսին:
Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի 44 հոդվածի 4-րդ կետի համաձայն, ,Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը եւ դրա հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձի որոշումը, եթե այդպիսին առկա է, տվյալ որոշումը կայացնելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է տվյալ պետական մարմնի կայքէջումե:
Ստացվում է, որ վարույթի ավարտին կայացված որոշումն արդեն իսկ պետք է տեղադրված լիներ Հանձնաժողովի կայքում, բայց չկա: Այդ պետական կառույցից պարզաբանեցին, որ խնդիրը տեխնիկական է: ,Տեխնիկական պատճառով, չենք կարողանում տեղադրելե,- ասացին:
Ի դեպ, ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ հարուցված վարույթը պարզվում է միակը չէ: Ինչպես մեզ ասացին Հանձնաժողովից, դրան զուգահեռ վարույթ է հարուցվել նաեւ Վանաձորի քաղաքապետի Սամվել Դարբինյանի նկատմամբ: Այս վարույթի որոշումը նույնպես արդեն կա, բայց կայքում չի տեղադրվել դարձյալ նույն պատճառաբանությամբ:
Նշենք, որ անկախ պատճառաբանության հիմնավոր լինելու հանգամանքից, սա դիտվում է իբրեւ Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի խախտում, քանի որ այլ բան օրենքը չի նախատեսում:
2012 թվականի հունվարի 9-ին ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ավելի քան մեկամյա աշխատանքում ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի եւ Վանաձորի քաղաքապետ Սավել Դարբինյանի նկատմամբ կատարված վարույթներն առայժմ միակն են:
Փաստինֆո




Լրահոս