ՀԳՌԿՄ երկրորդ ծրագիրը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին և գործողության մեջ է մտել 2015 թվականի հունվարի 23-ին:
Ծրագրի տևողությունը 5 տարի է`2015-2020թթ, որի ընդհանուր արժեքը կազմում է 42.67 մլն. ԱՄՆ դոլար, որից 9.67 մլն. ԱՄՆ դոլարը՝ Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) փոխառություն, 23 մլն. ԱՄՆ դոլար` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) վարկ, 4.27 մլն. ԱՄՆ դոլար` ՀՀ կառավարության և 5.73 մլն. ԱՄՆ դոլար` շահառուների համաֆինանսավորում:
Ծրագիրն ուղղված է ընտրված լեռնային և սահմանամերձ համայնքներում արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության ու կենսունակության բարելավմանը, ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների զարգացմանն ու արտադրանքի շուկայահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև արոտօգտագործող կոոպերատիվների կարողությունների, գիտելիքների և նեգրավվածության մակարդակի ավելացմանը: Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում են համաձայն հետևյալ երեք բաղադրիչների.
1. համայնքների արոտավայերի/անասնապահության կառավարման համակարգ,
2. արժեշղթայի զարգացում,
3. պետական կառույցների կարողությունների հզորացում:
1. Համայնքների արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ
Բաղադրիչի նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային և սահմանամերձ համայնքներին, որտեղ անասնապահությունն ապրուստի հիմնական միջոց է հանդիսանում, իսկ համայնքները մեծապես շահագրգռված են բարելավելու սեփական արոտավայրերից ստացվող արտադրանքը և իրականացնելու արոտաօգտագործման և կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ:
Բաղադրիչի շրջանակներում ՀՀ 8 մարզերից (Արագածոտն, Գեղարքունիք. Լոռի, Շիրակ, Կոտայք, Վայոց ձոր, Տավուշ, Սյունիք) ընդգրկվել է 57 համայնք, ևս 15 համայնք նախատեսվում է ընդգրկել 2016 թվականի ընթացքում:
2016 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
§ 15 համայնքում հիմնել «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ,
§ 30 համայնքների արոտներում կառուցել ջրարբիացման համակարգեր (շուրջ 80 կմ ջրագիծ, շուրջ 90 հատ խմոց, կջրարբիացվի նախկինում թերօգտագործվող/չօգտագործվող շուրջ 50 հազ. հա արոտ),
§ 50 համայնքների արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին կտրամադրվի շուրջ 300 միավոր գյուղտեխնիկա, որի շնորհիվ կոոպերատիվի անդամները կավելացնեն մսուրային շրջանի համար կուտակվող անասնակերի քանակը,
§ 8 մարզի 57 համայնքի ղեկավարների, արոտօգտագործողների կոոպերատիվների նախագահների, հաշվապահների, վեճերը լուծող անձանց և կոոպերատիվների անդամների համար կկազմակերպվի ուսուցում` կապված արոտօգտագործման, կոոպերատիվի բյուջեի կազման, ֆինանսական հոսքերի կառավարման, հաշվապահական հաշվառման, կոոպերատիվի անդամների իրավունքների ու պարտականությունների մանրամասն ներկայացման, էկոլոգիայի վրա բացասական ազդեցության կանխման և դեգրադացիայի դեմ պայքարի ու արոտների բարելավման, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի ներկայացման և այլ թեմաներով:
Բաղադրիչի իրականացման հիմնական խոչընդոտ է հանդիսանում համայնքների և կոոպերատիվների կողմից կատարվող ներդրումների (համաֆինանսավորումնեի) ոչ ժամանակին (ուշացումներով) և թերի (ներդրման գումարները տրամադրվում են փոքր մասնաբաժիներով և ոչ անհրաժեշտ չափի) տրամադրումը, ինչը դանդաղեցնում է ծրագրի իրականացման ընթացքը և իջեցնում արդյունավետությունը:
2. Արժեշղթայի զարգացում
Բաղադրիչի նպատակն է աջակցություն ցուցաբերել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին` արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալների ավելացման հարցերում:
2015 թվականի օգոստոսին հայտարարվել է «Արժեշղթայի զարգացման» բաղադրիչի մրցույթի առաջին փուլը, որի արդյունքում շահագրգիռ ձեռնարկությունների կողմից ներկայացվել է 39 հայտ-դիմում, որոնք համաձայն ընթացակարգի անցել են գնահատման և հավաստագրման գործընթաց: Արդյունքում հաղթող է ճանաչվել 14 ենթածրագիր՝ 8-ը կաթի, 5-ը մրգի և 1-ը մեղրի ոլորտում: 14 ենթածրագրերից 2-ն իրականացվելու են ՀՀ Շիրակի մարզում, 1-ը՝ ՀՀ Տավուշի մարզում, 2-ը՝ ՀՀ Արագածոտնի մարզում, 1-ը՝ ՀՀ Արարատի մարզում, 3-ը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում, 1-ը՝ ՀՀ Սյունիքի մարզում, 1-ը՝ ՀՀ Կոտայքի մարզում և 3-ը՝ ՀՀ ք. Երևանում: 2016 թվականին նախատեսվում է իրականացնել նշված ենթածրագրերի ֆինանսավորումը համաձայն կնքված պայմանագրերի:
Տրամադրված նպատակային ֆինանսավորման արդյունքում 2016 թվականին ավարտին արդեն իսկ ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները.
§ նոր սարքավորումներով վերազինված ձեռնարկություններ,
§ առաջադեմ տեխնոլոգիաների ներդրում և արտադրողականության աճ,
§ աշխատատեղերի ստեղծում,
§ կաթնամթերքի, պահածոների և մուրաբաների, ինչպես նաև մեղրի արտադրատեսականու և ծավալների ավելացում,
§ կաթի մթերման ծավալների 15-25% աճ,
§ վերամշակվող մրգի, բանջարեղենի և մեղրի մթերման ծավալների 20-25% աճ,
§ փաթեթավորված մեղրի ծավալների աճ մինչև 2000կգ,
§ ֆերմերային տնտեսությունների, ձեռնարկությունների եկամուտների աճ,
§ արտահանման նոր շուկաների ձևավորում,
§ սննդամթերքի անվտանգության պայմանների բարելավում:
2016 թվականին կհայտարարվի ենթածրագրերի ընտրության 2-րդ փուլի մրցույթ:
3. Պետական կառույցների կարողությունների հզորացում
Բաղադրիչի նպատակն է պետական հատվածի կառույցների կարողությունների հզորացման միջոցով աջակցելու անասնապահության զարգացմանը, ինչպես նաև սննդամթերքի արտադրության և վերամշակման ոլորտում գործող ձեռնարկություններին:
3.1 – 2016 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
§ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցում: Կենտրոնը կօժանդակի մասնավոր անասնաբուժությանը և անասնապահության ոլորտի ֆերմերային գործարարությանը աջակցող ծառայությունների զարգացմանը հանրապետությունում,
§ Վայոց Ձորի և Կոտայքի մարզերի 20 անասնաբույժների վերապատրաստում և անհրաշոժտ գործիքներով զինում: Անասնաբույժները կմատուցեն որակյալ անասնաբուժական և արհեստական սերմնավորման ծառայություններ,
§ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության 50 տեսուչների ուսուցում և նրանց տրամադրել տեսչական գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներ: Աշխատանքի նպատակն է բարելավել սննդամթերքի անվտանգության տեսուչների գիտելիքները՝ բարելավելով սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողությունը,
§ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական տեսչության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի համար լաբորատոր սարքավորումների տրամադրում: Նպատակն է կենդանիների հիվանդությունների ախտորոշման կարողությունների հզորացումը,
§ ՀՀ ԳՆ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի համար անասնաբուժական սարքավորումների տրամադրում: Նպատակն է կենդանիների հիվանդությունների կանխարգելման և պայքարի միջոցառումների կարողությունների հզորացումը:
3.2 Պետական կառույցների կողմից ֆերմերային տնտեսություններին տրամադրվող ծառայությունների բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակներում 2016 թվականին նախատեսվում է.
§ ավարտել 2015 թվականին ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկնարկած 3000մ2 մակերեսով ապակեպատ ջերմատան ու ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայի մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև սկսել ևս մեկ ապակեպատ 3000մ2 և 800 մ2 մակերեսով թաղանթապատ ջերմատան, ինչպես նաև կաթսայատան ու ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները: 2016 թվականի ընթացքում նախատեսվում է նաև ձեռքբերել և կենտրոնին տրամադրել ջերմոցային և ֆիտոպաթոլոգիայի ԼԱԲ սարքավորումներ, կահույք և համակարգիչներ: ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամարդվող աջակցություն հիմնական նպատակն է հզորացնել գիտական կենտրոնի կարողությունները՝ բարձրորակ սերմերի ու սածիլների արտադրության ծավալներն ավելացնելու և ՀՀ ֆերմերային տնտեսությունների պահանջարկը բավարարելու համար: Ներկայումս գիտական կենտրոնի կողմից արտադրվող բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլների քանակը բավարարում է ֆերմերային տնտեսությունների պահանջարկի միայն 5%-ը: Վերանորոգման և անհրաժեշտ նորագույն սարքավորումների տրամադրման արդյունքում կենտրոնի կողմից արտադրված բանջարաբոստանային մշակաբույսերի հայկական սորտերի սածիլները կբավարարեն ներքին շուկայի առկա պահանջարկի շուրջ 30-40%:
§ Գյուղացիական տնտեսությունների շրջանում իրականացնել հարցումներ նրանց համար անհրաժեշտ մասնագիտական ուղեցույցների մշակման, տպագրման և տարածման նպաատկով: