Տեղի է ունեցել Երեւանի ավագանու առաջին գումարման վերջին նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու առաջին գումարման 9-րդ նստաշրջանի  4-րդ եւ վերջին  նիստում շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
“Երեւանի ավագանու ինստիտուտը շնորհիվ ավագանու անդամների սրտացավ աշխատանքի կայացավ այս չորս տարիների ընթացքում: Իսկապես արվեց ամեն ինչ թե երեւանցիների եւ թե քաղաքի հոգսերը թեթեւացնելու, ինչպես նաեւ առկա խնդիրները լուծելու համար: Ու վստահ եմ, որ պահպանելով եւ շարունակելով այս ընթացքում կուտակած փորձը, մայիսի 5-ին ընտրված Երեւանի ավագանու նոր կազմը եւս նույն եռանդով եւ սրտացավությամբ իր ակտիվ մասնակցությունը կբերի Երեւանի զարգացման գործում”,-ընգդծել է քաղաքապետը:
Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երեւանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաեւ հողամասի փոխանակության մասին որոշումների նախագծերը:
Ավագանին հավանության է արժանացրել նաեւ Ֆադեյ Սարգսյանի, Վահե-Ազատ Ադամյանի, Արթուր Թարխանյանի եւ Արտավազդ Մարտիրոսովի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումների նախագծերը:
Երեւանի ավագանին ի գիտություն է ընդունել Վերահսկիչ պալատի կողմից 2010-2012 թվականների ընթացքում Երեւանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու սահմանված կարգով քաղաքապետարանի կողմից թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Ամփոփ ներկայացվել է նաեւ Երեւանի ավագանու 2009-2013 թվականների ընթացքում ծավալած գործունեության մասին հաշվետվությունը: Վերը նշված ժամանակահատվածում գումարվել է ավագանու 61 նիստ, որոնց ընթացքում ընդունված 635 որոշումից 609-ը կատարվել է, 26-ը ընթացքի մեջ է:




Լրահոս