Համայնքի ղեկավարը մեղադրվում է յուրացման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Շիրակի մարզի Հովնունի համայնքում յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Շիրակի մարզի Հովնունի համայնքի ղեկավարը, 2005-2013թթ. ընթացքում նույն համայնքի գյուղապետարանի հարկային գործակալի հետ նախնական համաձայնությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հողի հարկի դիմաց համայնքի բնակիչներից համապատասխան անդորրագրերով հավաքագրված գումարները գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել և յուրացրել է:
Բացի այդ, նույն ժամանակահատվածում համայնքապետը կազմել է համայնքի բնակիչներին սոցիալական օգնություններ տրամադրելու համար համայնքի ավագանու ակնհայտ կեղծ որոշումներ, կեղծել ավագանու անդամների ստորագրությունները, հաստատել դրանք և դրանց հիման վրա գյուղապետարանի դրամարկղից ելքագրել է առանձնապես խոշոր չափի գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս