ՄԵՐ ԳԵՆԵՐԱԼՆԵՐՆ ՈՒՐԻՇ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ  իշխանությունները կրկնեն, որ Հայաստանում սոցիալական բունտ չի սպասվում, որ մեր երկիրը հաջողությամբ դիմագրավում է արտաքին եւ ներքին տնտեսաքաղաքական մարտահրավերներին, այնուամենայնիվ, դատելով վերջին շրջանում  կառավարության պահվածքից՝ իշխանությունները, մեղմ ասած, այնքան էլ վստահ չեն դրանում: Դա է ցույց տալիս նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա այցը պաշտպանության նախարարություն, որտեղ  նա հանդես է եկել ՀՀ տնտեսության ներկա վիճակի մասին ծավալուն դասախոսությամբ: Առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է պարոն վարչապետը որպես ունկնդիր գերադասել հենց պաշտպանության նախարարության բարձրագույն սպայակազմին, եւ ոչ թե, ասենք,  մշակույթի կամ  կրթության նախարարությունների աշխատակիցներին: Մանավանդ, որ վերջիններս ոչ միայն հետաքրքրությամբ կլսեին, թե հերթական թանկացումներն արդարացնելու ի՞նչ նոր հիմնավորումներ է   հորինել վարչապետը, այլեւ ըստ արժանվույն կգնահատեին նրա ճարտասանությունն ու դասախոսական  վարպետությունը: Սակայն երբ վարչապետի այցը դիտարկում ենք Մերձավոր արեւելքում տեղի ունեցող հեղափոխական գործընթացների համատեքստում, հասկանալի  է դառնում, թե  որն էր հայրենի գեներալիտետի առջեւ սոցիալ-տնտեսական զեկույցով հանդես գալու  անհրաժեշտությունը: Գաղտնիք չէ, որ  արաբական երկրներում ծայր  առած հեղափոխական գրեթե բոլոր գործընթացներում առանցքային նշանակություն ունեցավ բանակի  դիրքորոշումը: Եվ, ըստ ամենայնի, այս փաստը հաշվի առնելով է, որ Տ. Սարգսյանը շտապել է ապահովագրվել` հայրենի գեներալիտետին   համոզելով,  որ իրենք արել են հնարավոր ամեն բան, որպեսզի, երկրում սոցիալական վիճակն էլ ավելի չվատանա, որ,  օրինակ,  Լֆիկ Սամոն  էլ ավելի չթանկացնի շաքարավազը կամ հացահատիկը: Բայց դե աշխարհում գները թանկանում են եւ այլն, եւ այլն:  Թե Տ. Սարգսյանին  որքանով է հաջողվել համոզել հայրենի գեներալներին, դժվար է ասել: Մանավանդ, որ այդ գեներալների մեծ մասն ունի  սեփական բիզնեսը եւ շատ լավ գիտի, թե կառավարությունը ինչպես եւ ում է թույլ տալիս մոնոպոլ դիրքեր գրավել:Թեպետ, ամենեւին չի բացառվում, որ վարչապետի զեկույցի  իրական ուղերձն էլ  հենց այն էր, որ  ցանկացած  սոցիալական  բողոք  կործանարար ազդեցություն կունենա ոչ միայն  իշխանությունների, Լֆիկ Սամոյի, այլեւ հենց իր բանակի բիզնեսմեն գեներալիտետի համար: Ամեն դեպքում կարծում ենք՝  վարչապետի անհանգստությունը միանգամայն անհիմն է, քանի որ  անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում քիչ թե շատ ինքնուրույն մտածողություն ունեցող գեներալներ գոյություն չունեն: Նրանք վաղուց կորցրել են կամ ինքնուրույնությունը, կամ գեներալական պագոնները:




Լրահոս