ՍՈՉԻՈՒՄ՝ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես, մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ կկայանա Սերժ  Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը: Այսպիսով` Մոսկվան ձեռնարկում է «սառեցված հակամարտությունը» մի փոքր տաքացնելու հերթական փորձը: Սակայն առաջիկա եռակողմ հանդիպումից  գրեթե ոչ ոք  բեկումնային որոշումներ չի սպասում: Պատճառը մի կողմից Կովկասի հարեւանությամբ` Մերձավոր արեւելքում եւ Իրանում տեղի ունեցող իրադարձություններն են, մյուս կողմից`  Հայաստանում եւ Ադրբեջանում ազգաբնակչության սոցիալական վիճակի  շեշտակի վատթարացումը, ինչը թույլ չի տալիս երկու երկրների ղեկավարներին  այս պահին մտածել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի իրական  լուծման մասին: Խնդրի լուծումը երկու կողմերից էլ պահանջելու է լուրջ զիջումներ, որոնք  վերը նշված  իրողությունների ֆոնի վրա  կարող են առիթ դառնալ ժողովրդական հուզումների ու անգամ խռովության, ինչի արդյունքում  փաստաթուղթը ստորագրած իշխանություններից կմնա միայն տհաճ հուշ: Ուստի, պարտադրված փաստաթուղթը կվերածվի ընդամենը թղթի կտորի` էլ ավելի հետաձգելով հակամարտության իրական լուծման  հնարավորությունը: Ադրբեջանում իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում: Ճիշտ է,  այդ երկրի ղեկավարությունը շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, մեծացնում ռազմական բյուջեն, հայտարարում, որ եթե առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չլուծվի իր սրտով, ապա ինքը կդիմի վճռական քայլերի, սակայն արաբական եւ մահմեդական աշխարհի ավտորիտար երկրներում ծավալվող ժողովրդական պոռթկումները Իլհամ Ալիեւին առաջիկայում կստիպեն ավելի զգույշ լինել եւ մեծ ուշադրություն դարձնել սեփական իշխանության պահպանմանն ուղղված ջանքերին:   Իլհամ Ալիեւը միայն մեկ դեպքում կարող է դիմել  արկածախնդրության եւ  պատերազմ  սանձազերծել Լեռնային Ղարաբաղի շփման գծում. դա կարող է լինել այն ժամանակ, եթե նա համոզվի,  որ չկա   իշխանությունը  պահպանելու  այլ միջոց , քան արտաքին թշնամու գործոնի խաղարկումը:    Ինչպես  Հայաստանի ընդդիմությունը, այնպես էլ ադրբեջանականը ոգեւորված սպասում է հեղափոխական ալիքի տարածմանը: Իսկ  իշխանությունները միաժամանակ հեգնում եւ համոզում են, որ Ադրբեջանում Եգիպտոսի կրկնություն չի կարող լինել: Սակայն Ադրբեջանից ավելի տոտալիտար երկրներում ականատեսն ենք լինում ժողովրդական հուզումների, եւ այս պահին Ալիեւի վարչակազմը չի գնա որեւէ  փոխզիջման, որը կակտիվացնի ընդդիմությանը եւ հատկապես ընդհատակում գտնվող, բայց  լուրջ ներուժ ունեցող իսլամիստներին:  Թեեւ վերջիններս Ադրբեջանի ներքաղաքական կյանքում  այս պահին ակտիվությամբ  աչքի չեն ընկնում, սակայն բարենպաստ պայմանների առկայության դեպքում անպայման գլուխ կբարձրացնեն: Դա տարածաշրջանի համար հատկապես վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներ կունենա, քանզի իշխանության կգան ոչ թե չափավոր իսլամիստները, այլ ծայրահեղականները, որոնց այդ հարցում ակտիվորեն կաջակցի Իրանը:  Այս առումով պատահական չեն վերջին իրանա-ադրբեջանական սրացումները, անգամ եթե դրանք առայժմ ծավալվում են խորհրդարանների միջեւ: Ամփոփելով` նշենք, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումն, ըստ  ամենայնի, ավելի շատ փորձ է` հասկանալու Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն  ու քննարկելու  հնարավոր ցնցումներին դիմագրավելու  երկու երկրների իշխանությունների հնարավորությունները: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս