ԱՄԵՆ ՏԱՐԻ ԳԱԶԻ ՆՈՐ ՀԱՇՎԻՉ. ԻՆՉՈ՞Ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խտացնում եք գույները»,-«ժողովուրդ»-ի հարցին արձագանքեց բանիմաց Շուշան Սարդարյանը: Պարզվեց, որ քաղաքապետարանի մամուլի քարտուղարը դեռեւս համատեղում է «Հայռուսգազարդ»-ի` հասարակայնության հետ կապը:Հարցը նախապատմություն ունի. Արարատի մարզի ջերմոցների տերերը դժգոհել են «Հայռուսգազարդ»-ից պնդելով, որ ամեն տարի իրենց ստիպում են նոր հաշվիչ տեղադրել: Անցյալ տարի՝ այս օրերին մասնագետները ջերմոցատերերին, համոզել են, որ ներտնային հաշվիչներով հնարավոր չէ հաշվարկել ջերմոցների ծախսած գազը: Ուստի նրանք  վճարել են  40 հազար դրամ ու երկրորդ հաշվիչը տեղադրել: Սակայն ուղիղ մեկ տարի անց մարզի մասնագետները արգելք են դրել նաեւ այս հաշվիչների վրա` ստիպելով տեղադրել նորերը, որոնք արդեն 140 հազար դրամ արժողություն ունեն: Երբ բնակիչները  10 օր առաջ բողոքով դիմել են «Հայռուսգազարդ»-ի Մասիսի բաժանմունք, պետը պատասխանել է, թե ինքը նոր մարդ է եւ չի կարող պատասխան տալ իր նախորդի գործողությունների համար: Ավելին, նա հայտարարել է, թե չի հավատում, որ գյուղացիները նախորդ  հաշվիչների համար վճարել են: Գյուղացիներն էլ չեն կարողացել  ապացուցել, քանի որ «Հայռուսգազարդ»-ի աշխատակիցները հաշվիչները փոխելիս  կտրոններ  չեն տվել:«Հայռուսգազարդ»-ի տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադեւոսյանը ծանոթ էր հարցին, սակայն նույն իրադրությունը ներկայացրեց միանգամայն  այլ լույսի տակ: Պարզվեց` անցյալ տարի ջերմոցային տնտեսությունների մասով հատկապես Արարատյան դաշտավայրում  իրենք խոշոր վնասներ են կրել, սակայն, դա համարելով «սոցիալական միջոցառում», մոռացել ու ներել են:«Մասիսը մեր ամենավատ, ամենապրոբլեմային տարածքն է: 600 հազար աբոնենտ ունենք, 5000-ը ջերմոցներ ունեն, եւ միայն այդ մարդիկ են դժգոհ: Պատկերը հետեւյալն է. ներտնային հաշվիչները նախատեսված էին գազի կենցաղային սպառման համար, իսկ ջերմոցային տնտեսությունները սպառում են 8 անգամ ավելի շատ, քան կարող են հաշվարկել g4, g6 թողունակությամբ հաշվիչները: Այդ պատճառով էլ մենք անցյալ տարի գազի 40 տոկոս կորուստ գրանցեցինք: Սպառողները մեղք չունեին, սակայն շահեցին:Դրա համար էլ այս տարի տափօղակ ենք դրել հաշվիչների մեջ, որպեսզի չկարողանան ջերմոցները տաքացնել, մինչեւ նոր, հզոր հաշվիչ չտեղադրեն»,-պարզաբանեց   Հրանտ Թադեւոսյանը:Հարցը սոցիալական է, քանի որ եթե հսկա ջերմատների տերերը նախարարներ, մարզպետեր ու դատախազներ են, իսկ գյուղացիների ունեցածն ընդամենը 400-500 քառակուսի մետր փոքր ջերմոցներ են` հիմնականում վարկով կառուցած: Եվ նրանց` սովորական գյուղացիների  համար հավելյալ 140 հազար դրամը, մեղմ ասած, ծախս է: Եվ քանի որ Հայաստանում ամեն ինչ արվում է, որ դառը դատողը «դատարկ նստի», գյուղացիները ձգտում են  գոնե հետ ստանալ իրենց տված 40 հազարները, որ հետո կարողանան նոր հաշվիչներ  տեղադրել:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս