Ինչպես են էթնիկ լոբբիներն ընտրում ԱՄՆ նախագահի թեկնածուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տանը Բարաք Օբամայի ղեկավարությանը 1 տարի է մնացել: Արդեն 2016թ. նոյեմբերին ամերիկացի ժողովուրդը կհայտնի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի անունը, գրում է Forbes.ru-ն:

Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը մրցարշավի ֆավորիտն է: Չնայած վերջին բանավեճերին՝ 3 դիրքով առաջ է անցել Բենի Սանդերսը: Առավել հետաքրքիր վիճակ է հանրապետականների մոտ: Վերջին հարցումների համաձայն՝ առաջնորդում է Դոնալդ Թրամփը, ով, սակայն, 6 դիրք է կորցրել: Էպատաժային միլիարդատիրոջ համար դա տագնապային է, եթե հաշվի առնենք Մարկո Ռուբիոյի և Թեդ Քրուզի առաջընթացը:

Դեմոկրատներն ու հանրապետականները ձգտում են ստանալ ԱՄՆ էթնիկ լոբբիների աջակցությունը: Ներկայիս թեկնածուները գիտակցում են, որ առանց հրեական հանրության աջակցության դժվար է հաղթանակ տանել Նյու Յորքում, առանց հայկական հանրության աջակցության՝ Կալիֆոռնիայում, առանց լեհական հանրության աջակցության՝ Իլլինոյսում և առանց կուբական հանրության աջակցության՝ Ֆլորիդայում:

Կան գործոններ, որոնք ապացուցում են, որ էթնիկ լոբբիները նախագահական քարոզարշավի հիմնական բաղադրիչներն են:

Առաջին գործոնը՝ առանցքային նահանգներում և շրջաններում էթնիկ խմբերի բնակությունն է:

Երկրորդ գործոնը՝ էթնիկ խմբերի լայն կապերը Կոնգրեսի կուսակցական էլիտայի հետ:

Երրորդ գործոնը՝ ձայների արագ հավաքագրումն ու ֆինանսական հնարավորությունները:

Թեկնածուների մեծ մասը ձգտում է ստանալ հրեական սփյուռքի աջակցությունը: Ընդհանուր առմամբ, ամերիկացի հրեաները հստակ դիրքորոշում չունեն: Սակայն ավանդաբար հրեական հանրությունն աջակցում է Դեմոկրատական կուսակցությանը:

Ի տարբերություն իսրայելական խմբի՝ հայկական լոբբին գտնվում է անորոշ վիճակում: Մի կողմից, հայերը երկար ժամանակ աջակցում էին Հիլարի Քլինթոնին, ով, հանդես էր գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման օգտին: Սակայն «Հայ Դատի» հանձնախմբի առաջնորդները հիասթափվեցին վերջինիս դիրքորոշման փոփոխմամբ, երբ նա զբաղեցրեց պետքարտուղարի պաշտոնը: Վերջին միջանկյալ ընտրությունները ցույց տվեցին, որ հայերը չեն վստահում դեմոկրատներին: Անվստահության հիմնական պատճառը Օբամայի խոստման դրժումն էր:

ԱՄՆ-ում հայկական լոբբին բավականին լուրջ հաջողությունների հասավ Ջորջ Բուշ-ավագի նախագահության օրոք. «Ազատության աջակցության օրենքի» շրջանակներում առաջնահերթ երկրների ցանկում Հայաստանի ընդգրկումն ու այդ օրենքում 907-րդ հոդվածի ընդունումը, որով արգելվում է Ադրբեջանին աջակցությունը: Միևնույն ժամանակ Ջորջ Բուշ-կրտսերը փոփոխություններ մտցրեց այդ օրենքում և սկսեց կրճատել Հայաստանին ֆինանսական աջակցությունը: Սակայն հայկական լոբբին պարտական է հենց Բուշ-ավագին, ով անձամբ ուղեկցում էր Հայաստանին տրամադրվող հումանիտար բեռը 1988թ. երկրաշարժի ժամանակ: Սփյուռքը գնահատում է նաև նրա ղեկավարության օրոք Ֆլորիդա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումը:

Թարգմանիչ` Քրիստինե Պողոսյան




Լրահոս