Մորը դաժան ծեծի ենթարկած մարալիկցին որոշել էր «պատժել» նաև նախկին կնոջ սիրեկանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 41-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը մորը ծեծելու դեպքի առթիվ կարճվել է: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Սամվելն ու մայրը հաշտվել են:

Ծեծը ծագել է երաժշտության ձայնն իջեցնելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունից հետո:

Այդուհանդերձ, դատարանի դատավճռով` Սամվել Գրիգորյանը, ով նաև մեղադրվում էր իր նախկին կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար մի տղամարդու դանակահարելու մեջ, դատապարտվել է ազատազրկման 3 տարի վեց ամիս ժամկետով:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Գրիգորյանը 2015-ի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, երաժշտության ձայնը իջեցնելու հարցի շուրջ իրենց տան ննջասենյակում վիճաբանել է մոր հետ և դիտավորությամբ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մատը մտցրել բերանը` մոր առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Բացի այդ` հեռախոսազրույցի ժամանակ Մարալիկի բնակիչ Մկրտիչ Դավթյանից լսելով իր նախկին կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մասին՝ նշված հարցի շուրջ պարզաբանում կատարելու նպատակով տանից վերցրել է դանակ և գնացել նրա հետ հանդիպման: Սամվելն ու նշված քաղաքացին վիճաբանել են իրար հետ, ապա Սամվելը քաշքշել և դանակով երեք անգամ հարվածել հակառակորդի որովայնի առաջնային պատի հատվածին` պատճառելով առողջությանը վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Սամվելին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

1-ինի մասով գործի քննությունն անցել է արագացված ընթացակարգով:




Լրահոս