Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ. «ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻՋԱՄՏԵԼ ՔՈ ԲԻԶՆԵՍՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան քաղաքական անցուդարձին վերաբերող սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: «Վիկիլիքսի» կողմից բացահայտված այս փաստաթղթում ներկայացված են ամերիկացի դիվանագետի եւ այնժամ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները: Զրույցը տեղի է ունեցել 2007թ. հուլիսի 18-ին, որի ընթացքում քննարկվել է մայիսի վերջին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք վերաբերել են Ռոբերտ Քոչարյանի գործունեությանն ու Գագիկ Ծառուկյանի` այսօր արդեն նախկին ԲՀԿ-ին:

Ամերիկացիների հետ ընթրիքի ընթացքում Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ինքը դեռ ընտրություններից առաջ է խոստացել` «այս անգամ խարդախություն չպետք է լինի»: Սարգսյանը նկատել է, որ այլեւս ինքն անմիջականորեն է առնչվում Հանրապետական կուսակցության հետ, ինչը պարտավորեցնող հանգամանք է իր համար: Այդ իսկ պատճառով էլ Սարգսյանը կարեւոր է համարել, որ այդ մեսիջը հասնի բոլորին, ինչն էլ թույլ կտա նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ բարձրացնել իր հեղինակությունը: Հեռուն նայելով` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գալիք նախագահական ընտրությունները (խոսքը վերաբերում է 2008թ. ընտրություններին,-հեղ.) շատ ավելի լավն են լինելու: Սարգսյանն ամերիկացիներին անկեղծորեն խոստովանել է, որ ընդդիմության մեջ ոչ մեկին չի համարում իրեն լուրջ մրցակից: Ըստ նրա` «անկեղծ ասած, նախագահական ընտրարշավը մեկնարկել է 2007թ. մայիսի 12-ին»: Հիշեցնենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունները կայացել էին հենց այդ օրը, որի արդյունքներով ՀՀԿ-ն զբաղեցրել էր առաջին, իսկ ԲՀԿ-ն` երկրորդ հորիզոնականը:
Ի դեպ, իր թիմին փոխանցելով այս անգամ «խարդախություն չպետք է լինի» մեսիջը` Սերժ Սարգսյանը ընդունել է, որ նախորդ ընտրությունները անցել են կեղծիքներով, որոնց վրա, ի պաշտոնե, նա աչք փակելու իրավունք չուներ:
Իսկ, ահա, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետնախագահական կարգավիճակի մասին հարցին` Սերժ Սարգսյանը հերքել է մամուլում այդ ժամանակ լայնորեն տարածված տեղեկությունները, թե իբր Քոչարյանը զբաղեցնելու է նորովի ուժեղացված վարչապետի աթոռը: Սարգսյանը տեղեկացրել է, որ Քոչարյանը որեւէ կոնկրետ ծրագիր դեռ չունի, սակայն նախատեսում է 3-4 ամիս լիակատար հանգստի գնալ եւ միայն դրանից հետո հասկանալ, թե ինչ է ցանկանում անել: Սերժ Սարգսյանը ենթադրել է, որ Քոչարյանին գուցե եւ դուր գա նախկին նախագահի կարգավիճակը, եւ կառավարելու ողջ լարվածությունն այլեւս չգրավի նրան: Սարգսյանը կարծիք է հայտնել, որ նախագահության 10-ամյա շրջափուլը իր լրջագույն ազդեցությունն է ունեցել Քոչարյանի վրա: Ըստ նրա՝ 2007թ. դրությամբ Ռոբերտ Քոչարյանը գործնականում որեւէ անձնական մտերիմ ընկեր չուներ, ինչը արդյունք է բարդ որոշումների ու մեկուսացած նախագահական կենսակերպի: Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Քոչարյանը գուցե բավարարվի իր թողած հաջող քաղաքական ժառանգությամբ, եւ անձնական կյանքի վրա կենտրոնանալը լինի նրա համար նոր փոփոխությունների սկիզբ: Հետաքրքիր է` իսկ ինչո՞վ հետնախագահական հանգիստը այդպես դուր չի գալիս Սերժ Սարգսյանին, որ Սահմանադրության փոփոխության գնով անգամ նա չցանկացավ հեռանալ իշխանության բարձունքից: Գուցե Սերժ Սարգսյանն էլ է անցել մեկուսացած կենսակերպի ու ոչ մի մտերիմ ընկեր չունի, որին կարող էր վստահել իր հետնախագահական հանգստի երաշխավորի կարգավիճակը: Փաստ է, սակայն, որ Քոչարյանի` իշխանության ղեկին այլեւս մոտենալու անկարողությունը արդյունք էր նաեւ հենց այդ 3-4 ամիս «հանգստի», որի ընթացքում Սերժ Սարգսյանը հասցրեց անայլընտրանք խաղացող դառնալ դրսի ուժերի համար եւ դրանով էլ պայմանավորված` գերակայություն ստանալ ներկլանային հարթակում:
Ամերիկացիների հետ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը չի շրջանցել նաեւ ԲՀԿ-ի թեման: Նա խոստովանել է, որ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հրահրմամբ է ԲՀԿ-ն ձեռնարկել` իբրեւ ՀՀԿ-ի մրցակից: Փերինան, սակայն, շեշտում է, որ Սերժ Սարգսյանը չի խոսել Քոչարյանի շարժառիթների մասին: Ամերիկացին ենթադրում է, որ այդ կերպ Քոչարյանը ցանկացել է ունենալ սեփական քաղաքական ուժը: Սերժ Սարգսյանը նկատել է, որ Ծառուկյանը անկեղծորեն զարմացած ու հիասթափված է եղել 2007թ. ընտրություններում իր կուսկացության ստացած ձայների քանակից: Սերժ Սարգսյանի համոզմամբ` Ծառուկյանն իրեն շրջապատել է քծնող մարդկանցով, որոնք նրան համոզել են, թե իբր ինքն անչափելիորեն սիրված է Հայաստանում, եւ նրան հնարավոր չէ կանգնեցնել: Սարգսյանն անկեղծացել է, որ ընտրություններից հետո իր մոտ է հրավիրել Ծառուկյանին ու նրան ասել. «Մի հուսահատվիր, ամեն ինչ լավ կլինի: Դու լավ դիրքերում ես: Դու ունես այստեղ հաջող բիզնեսներ, եւ ես չեմ պատրաստվում որեւէ կերպ միջամտել դրանց»:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԻՋԵՎԱՆԻ ԲԿ-ՈՒՄ ՎԻՃԱԿԸ ԿՇՏԿՎԻ՞
Հունվարի 27-ին Տավուշի մարզպետարանում կայացել է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր տեղի մրցույթ: Դրան մասնակցելու համար դիմել են 4 թեկնածու՝ «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի Ժ/Պ Ռուզաննա Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության բուժվարչության հոսպիտալի վիրաբույժ Գագիկ Խառատյանը, անհատ ձեռնարկության տնօրեն Վազգեն Մարգարյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի պաթանատոմ Գարիկ Աղաբեկյանը: Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել Ռուզաննա Գրիգորյանին: Ըստ օրենքի՝ 3 օրվա ընթացքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը պետք է որոշում կայացնի մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված Ռ. Գրիգորյանին Իջեւանի ԲԿ-ի տնօրեն նշանակելու եւ նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին: Ռ. Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է Աչարի առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նշենք, որ Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեններ Հրաչյա Ներսիսյանի եւ Վազգեն Մարգարյանի նկատամբ, ֆինանսատնտեսական խախտումների համար քրեական գործեր էին հարուցվել: Սակայն Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում կատարված քննության արդյունքում այդ քրեական գործերը կարճվել են: Մեր տեղեկություններով՝ Իջեւանի ԲԿ-ն ֆինանսական խնդիրներ ունի, պարտքեր: Իջեւան քաղաքի բնակիչներից բողոքներ ենք ստացել Իջեւանի ԲԿ-ի շտապ օգնության ծառայության ոչ արդյունավետ աշխատանքի վերաբերյալ: Նշված եւ Իջեւանի ԲԿ-ում առկա այլ խնդիրներն արդյոք կլուծվեն, ցույց կտա ժամանակը:

 

 

ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ՉԿԱ
Տավուշի մարզի գերեզմանատներում կարգուկանոն չկա: Օրենքի պահանջ է, որ քաղաքային համայնքները պետք է ունենան գերեզմանոցները շահագործող կազմակերպություններ: Սակայն Տավուշի մարզի քաղաքային 5 համայնքներում չկան նման կազմակերպություններ: Համաձայն օրենքի՝ պետք է լինեն գերեզմանոցների վարման մատյաններ, թե տվյալ գերեզմանոցում ինչ հերթականությամբ, ինչ տեղադրությամբ են կատարվել հուղարկավորությունները: Համայնքի ղեկավարները պետք է գերեզմանները բարեկարգ պահեն, թաղումների տեղերի հատկացումները կատարեն կանոնավոր կերպով: Տավուշի մարզպետարանի ճարտարապետ Միսաք Մելքումյանը մարզխորհրդի նիստում նշեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում քննարկումների ժամանակ արձանագրվում է, որ գերեզմանոցների շահագործման առումով Տավուշի մարզը այլ մարզերի համեմատ վատ վիճակում է: Նրա խոսքով` համայնքապետարանները գերեզմանոցները բարեկարգ պահելու, դրանք ճիշտ շահագործելու համար պետք է ֆինանսական միջոցներ հայթայթեն համայնքային հողերի վաճառքից: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նկատեց, որ կան խնդրի օբյեկտիվ պատճառներ, օրինակ՝ սահմանամերձ Չինարի համայնքում հնարավոր չէ հող վաճառել, որպեսզի գոյացած գումարն ուղղվի նշված նպատակին: Միեւնույն ժամանակ մարզպետը շեշտեց, որ մարզի գոնե քաղաքային համայնքները պետք է շտկեն գերեզմանոցների շահագործման վիճակը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
Կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց, համաձայն որի՝ այսուհետ ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության եւ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջեւ տեղեկատվությունը կփոխանակվի էլեկտրոնային եղանակով:
Նախագիծը կառավարության ուշադրությանը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը նշեց, որ նախագծի ընդունումը կնպաստի տվյալների փոխանակման, արգելանքի կիրառման եւ վերացման գործառույթների իրականացմանն առցանց եղանակով, ռեալ ժամանակում: Կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջեւ օպերատիվ աշխատանքը:

 

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ
Մարդու իրավունքների պաշտպանի հաջորդ թեկնածուին առաջադրելու է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովի երեկվա նիստում ընթացող քննարկման ժամանակ հարցը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ ուժի մեջ է մտել նոր Սահմանադրության՝ մարդու իրավունքներին վերաբերող համապատասխան գլուխը, որի համաձայն ՄԻՊ թեկնածու է ներկայացնելու ոչ թե Ազգային ժողովը, այլ ԱԺ համապատասխան հանձնաժողովը: Մինչեւ ԱԺ քառօրյա նիստը հանձնաժողովը պետք է ներկայացնի Օմբուդսմենի նոր թեկնածու: Ըստ նոր կարգի՝ հանձնաժողովը թեկնածու է ներկայացնելու անդամների 1/3-րդի ձայներով եւ ընդդիմադիր գործիչների խոսքով՝ ստացվում է, որ ՄԻՊ թեկնածուի ներկայացման հարցը ՀՀԿ-ի մենաշնորհն է: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց՝ միանշանակ է, որ ընդդիմությունը հնարավորություն չի ունենա առաջադրել թեկնածուի: Հովհաննես Սահակյանն էլ համաձայնեց ու նշեց, որ հարցը կքննարկվի, եւ գուցե վերանայվի 1/3-րդ համամասնությունը:




Լրահոս