ՄԱԼԹԱՅԻՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԷ ՀԱՂԹԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլի այսօր կայանալիք Հայաստան-Մալթա հանդիպումից առաջ՝ երեկ, լրագրողների հետ հանդիպեցին հավաքականների գլխավոր մարզիչները: 
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախորդ ասուլիսից հետո մասնավորապես ասել էր, որ հաջորդ փուլ դուրս գալու խնդիր չեն դրել հավաքականի առջեւ: Այդ դեպքում կոնկրետ ի՞նչ խնդիր է հետապնդում Հայաստանի հավաքականը: Գլխավոր մարզիչը պատասխանեց, որ խնդիրը ցանկացած խաղում հաղթելն է: Պարզվեց, որ Մալթայի ընտրանու հետ խաղից առաջ վերականգնվելու խնդիր ունի Կառլեն Մկրտչյանը, որոշ խաղացողներ էլ խաղային պրակտիկա չունեն, ինչն անհանգստացնող հանգամանք է: Յուրա Մովսիսյանը մեկ օր ուշացումով է միացել ազգային հավաքականին, բայց նա ԱՄՆ-ում էլ մարզվել է: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` Վ. Մինասյանը հաստատեց, որ Մալթայի եւ Դանիայի հետ խաղերում մեր հավաքականը կխաղա տարբեր մարտավարությամբ: Բացի այդ, կազմում էլ կլինեն փոփոխություններ: Երիտասարդական հավաքականի կազմից, որը երեկ հանդիպեց Իսլանդիայի հավաքականի հետ (խաղն ավարտվեց … հօգուտ …), այսօր Մալթայի հետ հանդիպմանը կմասնակցեն Վարազդատ Հարոյանը եւ Կարեն Մուրադյանը: Լրագրողներին հետաքրքրեց նաեւ այն հարցը, թե Մալթայի հետ խաղում մեր հավաքականը խնայելու է ուժերը, որպեսզի հաջող հանդես գա Դանիայում: «Ոչ մեկը թող չկարծի, թե Մալթային հեշտ է հաղթելը: Պարզապես պետք է զգույշ լինենք, քանի որ, օրինակ, Յուրա Մովսիսյանը դեղին քարտ ունի”,-պատասխանեց գլխավոր մարզիչը:
Իսկ Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինը նշեց, որ շատ լրջորեն են պատրաստվում Հայաստանի հետ խաղին, քանի որ մրցակիցն ունի շատ ուժեղ եւ երիտասարդ խաղացողներ: Չնայած Մալթայի հավաքականում բացակայում են 4 լեգեոներներ, բայց, ըստ գլխավոր մարզչի, ունեն նրանց փոխարինողներ եւ պատրաստվելու են նույն ոճով: Խոսելով Հայաստանի հավաքականի` խմբից դուրս գալու հնարավորությունների մասին` Պ. Գեդինը մասնավորապես ասաց. “Նախորդ ընտրական փուլում Հայաստանը 17 միավոր վաստակեց: Այս ընտրական փուլն էլ Հայաստանը հաջող սկսեց, բայց հետո եղան խնդիրներ: Ինձ համար Հայաստանը շարունակում է մնալ խմբի ուժեղագույն թիմերից մեկը: Մենք ամեն ինչ կանենք, որ լավ խաղանք: Ֆուտբոլն անկանխատեսելի է, եւ ցանկացած 11-մետրանոց կամ անկյունային կարող է ազդել խաղի ելքի վրա”: Նա նաեւ հավելեց, որ մեր հավաքականի ուժեղ կողմերից է այն հանգամանքը, որ կան 5-6 շատ ուժեղ ֆուտբոլիստներ, որոնք խաղում են եվրոպական լավ թիմերում:
Իսկ վերջում Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ իրենք տուրիստների կարգավիճակով չեն ժամանել Հայաստան, ու եթե կարողանան 1 միավոր տանել Երեւանից, ապա լավ կլինի: 
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 07.06.2013




Լրահոս