Վարդան և Սպարտակ Ղուկասյանները բերմա՞ն էին ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն գրել էր, որ այսօր համացանցում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա որդի Սպարտակն իրենց թիկնապահների հետ ծեծի են ենթարկել մի խումբ գյումրեցիների, որոնց թվում է նաև բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանը:

Մասնավորապես, գրվել էր, որ փետրվարի 11-ին Սպարտակ Ղուկասյանն իր ընկերոջ` Պատվական Մադոյանի հետ Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում վիճաբանել է բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ հետ և մահակներով ծեծի ենթարկել նրանց:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացանք դեպքի մանրամասներից: Ըստ դրանց պարզ է դառնում, որ Վարդան և Սպարտակ Ղուկասյանները բերման են ենթարկվել, ապա` ազատ արձակվել:

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին` կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ,  1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Սպարտակ Ղ.-ն իր ընկերոջ` 1986 թ. ծնված Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Բ.-ին: Այնուհետև նույն օրվա գիշերը Գարիկ Բ.-ն գնացել է Սպարտակ Ղ.-ի հորը` 1961 թ. ծնված Վարդան Ղ.-ին պատկանող, նախկին դատարանի տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Ղ.-ի թիկնապահները ծեծի են ենթարկել Գարիկ Բ.-ին:

Նույն օրը Վարդան Ղ.-ն Սպարտակ Ղ.-ի հետ ծեծել են 1970 թ. ծնված Արթուր Թ.-ին, իսկ 1982 թ. ծնված Կոլյա Ղ.-ն ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին:  Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրությաններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել: Պատվական Մ.-ին, Արթուր Թ.-ին, Նորայր Ս.-ին, Գարիկ Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Վարդան Ղ.-ն և Սպարտակ Ղ.-ն բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ թիկնապահների ինքնությունը պարզելու, նրանց և Կոլյա Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր»:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս