Ծննդկանի մահվան առեղծվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 13-ին ծննդկան էր մահացել, ում մոտ, թեև սկզբնական շրջանում հայտարարվում էր, թե գրիպի Ա տեսակի H1N1 է հայտնաբերվել, այդուհանդերձ, հետագայում լաբորատոր հետազոտությամբ դա հերքվեց։

28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված Արաքսյա Դանիելյանի վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։ ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում կնոջ մահվան դեպքի առթիվ։

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Արցախ Քոչարյանը հունվարի 17-ին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում առ այն, որ իր հղի կինը՝ Արաքսյա Դանիելյանը, «Հարբուխ» ախտորոշմամբ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին ստացիոնար բուժման է ընդունվել «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի ծննդաբերական բաժանմունք, որտեղ նրան թոքերի հետ կապված 2 օր անընդմեջ բուժզննության է ենթարկել բժիշկ Անդրանիկ Պապոյանը, ով տեղեկացրել է, որ հիվանդի թոքերի հետ կապված որևէ խնդիր չկա:

Ըստ հաղորդման՝ բժիշկ Անդրանիկ Պապոյանի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում միայն 3-րդ օրն է կինը ենթարկվել ռենտգեն հետազոտության, ինչի արդյունքում ախտորոշվել է «Երկկողմանի սուր թոքաբորբ», որից հետո կինը տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ, իսկ այնտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ստացիոնար բուժման, որտեղ էլ հունվարի 13-ին մահացել է:

Ա. Քոչորյանի հաղորդումը ոստիկանությունից Արմավիրի մարզային քննչական վարչությունում ստացվել է 2016 թվականի հունվարի 20-ին, և նույն օրը քննիչը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը)։ Կատարվում է նախաքննություն։

ArmLur.am-ի հետ զրույցում մահացած ծննդկանի ամուսինը՝ Արցախ Քոչարյանը, հայտնեց՝ ինքը տեղեկացել է, որ դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, եզրակացությունը պատրաստ է: 5 աշխատանքային օրվա ընթացքում ինքը հնարավորություն կունենա վերջնական արդյունքին ծանոթանալու: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ դեռևս չհաստատված վարկած կա, որ անկախ փորձագետների տված եզրակացությամբ ապացուցվել է, որ մահը վրա է հասել բժշկի անփութության հետևանքով:

Ի դեպ, Արցախ Քոչարյանը հայտնեց նաև, որ դեպքից հետո փորձել է կատարվածի շուրջ քննարկումներ անել բժիշկ Անդրանիկ Պապոյանի հետ, սակայն քննության այս փուլում իրավունք չունի:

Այժմ կնոջ հարազատները սպասում են եզրակացության տրամադրմանը, որից հետո միայն հայտնի կդառնա՝ ինչն էր ծննդկանի մահվան պատճառը:




Լրահոս