«Ինչի՞դ է պետք՝ հասնում ես Երևան». Սերժ Սարգսյանը՝ սուր բրոնխյալ աստմայով տառապող քաղաքացուն. ո՞վ պետք է լուծի քաղաքապետարանից տուժած բնակչի խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է դիմել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի բնակիչ Ռուբիկ Շահբազյանը և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի անբարեխիղճ գործունեության պատճառով տարիներ շարունակ չի կարողանում լուծել իր խնդիրները:

Այսպես, մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ինքը տառապում է սուր բրոնխյալ աստմայով, երկրորդ կարգի հաշմանդամ է: Բժիշկներն իրեն խորհուրդ են տվել տեղափոխվել և բնակություն հաստատել Երևանում՝ այդկերպ բարելավվելով առողջական վիճակը: Հետևելով բժիշկների խորհրդին՝ Գավառի բնակիչը դեռևս 2003 թվականին որոշում է հողակտոր գնել մայրաքաղաքում՝ այստեղ տուն կառուցելու նպատակով: Սակայն առողջական խնդիրներին նոր՝ այլ խնդիրներ են ավելանում:

Բանն այն է, որ 13 տարի առաջ Ռուբիկ Շահբազյանը քաղաքապետարանին վճարել է 31 մլն 900 հազար դրամ պահանջված գումարը, ու մինչ օրս ո՛չ հող ունի, ո՛չ էլ գումարն են ետ տալիս. «2003-ին տղայիս՝ Մուշեղ Շահբազյանի անունով Երևանի քաղաքապետարանից աճուրդով գնեցի 400 քմ հողակտոր, ինձ թույլատրեցին նախագիծ կազմել: Կազմվեց, կատարեցին տարբեր փոփոխություններ: Սակայն հետո պարզվեց՝ անհասկանալի պատճառներով հողս չեն տալու: Հետո քաղաքապետ ընտրվեց Երվանդ Զախարյանը: Նրան ի՜նչ ասեմ. այդ կարգի մարդիկ երբեք լավ բաներ չեն անում:

Ասում եմ՝ փողս տվեք, քաղաքապետարանից պատասխանում են՝ դու հող ընտրի, մենք կտանք: Սա չլսված պատասխան է, ո՞վ է նման բան տեսել: Բայց դրան էլ համաձայնեցի: Ավանում հող ընտրեցի, ասեցին վաճառված է: Հետո իմացա, որ մի ամիս անց իրենցով են արել: Ու հիմա արդեն այն աստիճան եմ հիասթափվել, որ հող էլ չեմ ուզում, թող ինձ իմ գումարը տան, վերջացնենք գնա այս պատմությունը: Երբ պարոն Տարոն Մարգարյանն ընտրվեց քաղաքապետ, բոլորը մեծ հույսեր էին կապում: Մտածում էին՝ Անդրանիկ Մարգարյանի որդին է, որին հայ ազգը հավերժ կհիշի, բայց սխալվեցինք բոլորս»,- վրդովված պատասխանեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, քաղաքապետարնին ուղղված ArmLur.am-ի գրավոր հարցմանը նմանատիպ պատասխան էր տրվել. քաղաքացին ի՛նքը պետք է հողակտոր գտնի և առաջարկի քաղաքապետարանին:

Սակայն, ինչպես ArmLur.am-ին ներկայացրեց Ռուբիկ Շահբազյանը, իր կողմից առաջարկված ոչ մի հողատարածք քաղաքապետարանը չի ընդունել՝ պատճառաբանելով, թե սահմանված չափանիշներին այն չի համապատասխանում: Արդյունքում ավելի քան 10 տարի է՝ խնդիրը չի լուծվում:

«Հասարակ դզող փչող եմ աշխատել: Իմ չարչարանքով ստեղծածից օգնել եմ հայ ազգին՝ ինչով կարողացել եմ: Ես Գավառում իմ կարևոր ունեցվածքները վաճառեցի, ազգականներս գումարով որքան կարողացան օգնեցին ինձ, ու ամբողջը կորցրի. ջրի պես գնաց: 2008-ին Սերժ Սարգսյանի քարոզչական ընտրարշավն էր, Գավառ էր եկել: Ներկայացրի խնդիրս, ասացի, որ պետք է Երևանում ապրեմ, սակայն քաղաքապետարանի վատ աշխատանքի պատճառով փորձանքի մեջ եմ ընկել, Սերժ Սարգսյանն էլ ինձ ի՜նչ ասի, որ լավ լինի. «Ինչի՞դ է պետք՝ հասնում ես Երևան»:

Էսօր էլ պրագրամեն տվել են 90% նախարարներին, պատգամավորներին, ովքեր իրենց պետք են: Պուլտը սեղմում, խոսեցնում են: Այդ կարգի մարդիկ, ովքեր իրենց ունեցվածքը պահելու համար ազգին տրորում են, դրանք սրբություն չունեն, հենց դրա՛նց նմաններն են ազգի դավաճանները: Եթե իմ հողակտորը լիներ Բաքվում, խնդիրն ավելի շուտ լուծված կլիներ»,- վրդովված շարունակեց քաղաքացին՝ հավելելով, որ բազմիցս դիմել է Նախագահական, սակայն իր նամակներին մշտապես նույն պատասխանն է տրվել՝ սույն խնդրի լուծումը մեր լիազորությունների սահմաններից դուրս է:

Այդուհանդերձ, Ռուբիկ Շահբազյանը չի պատրաստվում հանձնվել. պարբերաբար մայրաքաղաքի տարբեր հատվածներում հողակտորներ է փնտրում և առաջիկայում պատրաստվում է այն քաղաքապետարանին ներկայացնել՝ մինչև իր հասանելիքը կհաջողվի վերադարձնել:




Լրահոս