Փետրվարի 21-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած այս քաղաքական ուժի նորամուտը, սակայն, այդքան էլ դրականորեն չընունվեց ինչպես հանրության մի հատվածի, այնպես էլ քաղաքական դաշտի կողմից:
Նշենք, որ նոր հիմնված քաղաքական ուժի կազմի մեջ են մտել 12 կուսակցություն, 138 հասարակական կազմակերպություն, որոնք այսուհետ իրենց գործունեությունը կշարունակեն «Հայկական վերածնունդ» կուսակցությունում:
«Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ զրուցել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:
-Պարո՛ն Մարգարյան, օրեր առաջ ՕԵԿ-ը լուծարվեց, այսուհետ հանդես է գալու որպես «Հայկական վերածնունդ»: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, եւ կուսակցության նոր անունն ի՞նչ կարող է տալ:
-Անունը պայմանավորված էր որոշումով, քանի որ 150-ից ավելի հասարակական-քաղաքական կազմակերպություններ, առանձին միավորումներ, հազարավոր մտավորականներ, գիտնականներ, անհատներ, երբ վերակազմակերպվեցին միաձուլման միջոցով, բոլորն ունեին իրենց անվանումները, եւ հարց առաջացավ նոր անուն ընտրելու: Սա էր պատճառը: Մեր ընտրած անունը բավականին տարածված անուն է տարբեր երկրներում: Մենք պատկերացնում ենք, որ վերածննդի անհրաժեշտություն ունենք, ուստի հայկական վերածնունդ անվանակոչեցինք: Դա լավ բառ է: Ինչ վերաբերում է հաջողություններին, դա կտա մեր հետեւողական աշխատանքը եւ հավատը: Եթե մեր երկրում 150 հոգի էլ միավորվեն, դա արդեն առաջընթաց է, դա արդեն հավատ է: Սա մեր այն հիմնական նպատակներից մեկն է, որ մենք դրեցինք այս գործընթացի սկզբում: Սա շատ լավ բան է, սա դրվատանքի է արժանի:
-Այնուամենայնիվ, առնվազն քաղաքական դաշտում դրվատանքի դրսեւորումներ առայժմ չկան, ավելին` կա թերահավատ մոտեցում անվանափոխված ՕԵԿ-ի հետագա գործունեության հետ կապված: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ «Հայկական վերածնունդ»-ի նկատմամբ նման վերաբերմունք է ձեւավորվել:
-Ով ինչ ուզում է, ասում է, ով թուղթ ու գրիչ է վերցնում ձեռքը, ասում է` սա մեկնաբանեմ, հո՞ ամեն մեկին չես անդրադառնա. պետք չի: Այդ բոլորին լավ գիտենք: Ժողովուրդը լավ գիտի՝ այսօր ով ինչով է զբաղված: Երկիրը փոքր է, բոլորը մեկ մեկի լավ ճանաչում է: Մինչդեռ այսօր մեր մասին խոսում, գնահատական է տալիս մարդ, ում հավատացող եւ վստահող հինգ հոգի չկա:
-Այնուամենայնիվ, պարո՛ն Մարգարյան, ժամանակին շատ ՕԵԿ-ականներ հպարտորեն ասում էին, որ ՕԵԿ-ը դաջված է իրենց ճակատին, սրտերում եւ այլն: Արդյո՞ք այսօր դժվար չէ հրաժարվել Ձեզ համար երբեմնի թանկ այդ անունից` այն փոխարինելով «Հայկական վերածնունդ»-ով, որն էլ, ինչպես պարզվեց, մինչ այս արդեն իսկ կիրառվել է այլ կազմակերպության կողմից:
-Դժվար է, դա հեշտ բան չէ: Բայց եթե ընտրել ես ճանապարհ, որ քո ազգի եւ ժողովրդի պահանջն է եղել, ասել է՝ գիտեք ինչ, մի կողմ դրեք ամեն ինչ, միք նայեք՝ ում հետ եք համագործակցելու` շարքային քաղաքացու, կուսակցության, ՀԿ-ի, միավորման, եւ գնացեք համախմբման… Մեր բոլոր հանդիպումներին որ գյուղը մտել եմ, դա է պահանջել, իմաստուն հայ ժողովուրդն է պահանջել մեզանից, պահանջել են մեծամեծ մարդիկ: Հիմա մենք գնացել ենք համախմբման ճանապարհով, եւ մարդիկ եկել, ասել են, որ ճիշտ չի ձեր անունը պահելը: Բոլորը մտածում, ասում են՝ իմ անունը ավելի լավն է, իմ ծրագիրն ավելի լավն է, մենք էլ ասել ենք՝ բերեք, համադրենք: Բայց ոչ միայն մեզ համար է դժվար, եկեք, ընդունեք, որ իրենց համար էլ է դժվար:
-Ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը, ով մինչ այս բարձրաձայնել էր Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իր մտադրության մասին, ներկա չէր փետրվարի 21-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարին: Ինչո՞ւ, նա հրավիրված չէր՞: Արա Աբրահամյանը Ձեզ հետ չի համագործակցո՞ւմ:
-Արա Աբրահամյանը որեւէ կապ չունի «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ: Համագումարին ներկա են եղել մեր պատվիրակները: Աբրահամյանն ուղղակի որպես կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի լավ ընկերն է, լավ բարեկամն է: Բայց եթե քաղաքական դաշտում Արա Աբրահամյանը սկսի գործել, եթե կլինի այդպիսի պահ, իմ պատկերացումներով, մենք չենք լինի հակադրության դաշտում: Իսկ կլինի Աբրահամյանը քաղաքական դաշտում, թե ոչ եւ եթե լինի, ինչ ծրագրերով, դա ինքը գիտի, ես չգիտեմ:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ