ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽԼԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. փետրվարի 5-ին Աշտարակ-Էջմիածին ճանապարհին գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանում հնչած կրակոցների արդյունքում գազալցակայանի տնօրենը հայտնվել է լուրջ խնդիրների առաջ: Նա ստիպված է եղել գազալցակայանը տալ այլ մարդկանց՝ աշխատեցնելու, քանի որ այս օրերին կանգնած է դատարանի առաջ:
Հիշեցնենք, որ գազալցակայանի տնօրեն Ռաֆայել Մխիթարյանը, չկարողանալով մարել Աշտարակ քաղաքի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղին 3-4 մլն դրամի պարտքը, վիճաբանել էր տեսուչների հետ, որի արդյունքում հնչել էին կրակոցներ: Նշենք, որ Աշտարակի ԳԳՄ-ի տնօրեն Ռուբեն Հայրապետյանի հրահանգով տեսուչները փակել էին գազալցակայանի փականները:
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք, որը պատժվում է առավելագույնը երկու տարի ժամկետով): Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնոյանն այս գործը վարույթ է ընդունել: Գազալցակայանի տնօրեն Ռաֆայելը բազմիցս ասել է, թե իր գազալցակայանի վրա աչք ունեն եւ փորձում են այն խլել: «Բայց ես չեմ հանձնվելու եւ պատրաստվում եմ դատարանում ասել այն, ինչ մտածում եմ Ռուբեն Հայրապետյանի եւ իր մանկլավիկների մասին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ռաֆայելը:




Լրահոս