Նոր մանրամասներ Մարմարաշենում տեղի ունեցած դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 23-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ 1996 թ. ծնված Իսրայել Հ.-ն և 1993 թ. ծնված Սիմոն Հ.-ն: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ համանման վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաև նույն գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Պարույր Հ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ Իսրայել Հ.-ին, Սիմոն Հ.-ին և 1991 թ. ծնված Տիգրան Հ.-ին հունիսի 23-ին Մարմարաշեն գյուղում դանակով հարվածել և թափանցող մարմնական վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հարություն Ս.-ն, իսկ Պարույր Հ.-ի գլխի շրջանում կռփազենքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մարմարաշենի բնակիչ, 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության պաշտոնական կայքից armlur .am-ին հայտնում են, որ Հարություն Ս.-ն ձերբակալված է: Գևորգ Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս