Քննարկվել են առողջապահական զբոսաշրջությանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանում առողջապահական տուրիզմի համակարգմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության անդամներն ու Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև Առողջապահության և Արտաքին կապերի վարչությունների ղեկավարները: Քաղաքապետարանի պատասխանատուները հյուրերին ներկայացրել են մայրաքաղաքում  համապատասխան ոլորտների հնարավորություններն ու առկա ներուժը։ Բժշկական տուրիզմի սեմինարին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության ղեկավար, ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն նշել է, որ իրենց կազմակերպությունը հետաքրքված է ոլորտի երևանյան միջավայրով և առաջարկել է աջակցության կամ համագործակցության եզրեր փնտրել։ 
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանն ընդգծել է, որ Երևանի մի շարք բուժհաստատություններ իրենց մատուցած որակյալ բուժծառայություններով կարող են նաև հետաքրքրել բազմաթիվ երկրների քաղաքացիների և, ըստ այդմ, նպաստել բժշկական զբոսաշրջության զարգացմանը։ “Այցի ընթացքում նախատեսել ենք լինել Երևանի մի քանի բուժհաստատություններում՝ ուսումնասիրելու հնարավորությունները, առաջարկները: Դա կնպաստի երկկողմ փոխշահավետ համագործակցություն սկսելուն”,- նշել է Բժշկական տուրիզմի ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն։   
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 




Լրահոս