Նորերը կհաջողեն, եթե ռուսական շուկայից մաս «պոկելու» անհեռանկար գայթակղությամբ չտարվեն. ինչպես կաշխատի նոր ավիափոխադրողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օրից կլրանա երեք տարին, ինչ Հայաստանն ազգային փոխադրող չունի: Նախկին ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունն իր չվերթները դադարեցրեց 2013 թվականի ապրիլի 1-ից:

Այնուհետեւ «Արմավիան» սնանկ ճանաչվեց, եւ այժմ այս ընկերությունից մնացել են միայն պարտքերը: «Արմավիայի» սնանկանալուց եւ պաշտոնապես «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին հայտարարելուց հետո որոշ ժամանակ ազգային փոխադրողի տեղը փորձեց զբաղեցնել «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: Սակայն մի քանի ամիս թռիչքներ իրականացնելուց հետո՝ 2014-ի հոկտեմբերից, այս ավիաընկերությունը եւս չվերթները դադարեցրեց եւ մինչ օրս դրանք չի վերականգնել:
«Էյր Արմենիան» ներկայումս գտնվում է սնանկության գործընթացում եւ փորձում է դրսից ներդրողների ներգրավմամբ առողջացման ծրագիր ներկայացնել ու շարք վերադառնալ: Այս պահին դժվար է ասել, թե «Էյր Արմենիայի» առողջացումը որքանով կհաջողվի, բայց փաստ է, որ մինչեւ այս ընկերության սեփականատերերը փորձում են իրենց խնդիրները կարգավորել, Հայաստանի ավիացիոն շուկայում սկսեց գործել մեկ այլ ավիաընկերություն` «Արմենիա» անվանումով:

Պաշտոնապես «Արմենիա» ավիաընկերության սեփականատերերը վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիր Թամազ Գայաշվիլին է եւ նույն ավիաընկերության գործադիր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջինս ներկայումս զբաղեցնում է «Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը: Նոր ավիաընկերությունը, որը հավակնում է զբաղեցնել Հայաստանի ազգային փոխադրողի թափուր տեղը, ծրագրում է արդեն ապրիլից սկսել թռիչքներ իրականացնել: Արդյոք այս ավիաընկերությանը կհաջողվի Հայաստանի ավիացիոն շուկայում հաստատվել եւ նախորդների ճակատագրին չարժանանալ, ցույց կտա ժամանակը:

Այս պահին միայն ակնհայտ է, որ ավիացիայի մասով ՀՀ իշխանությունները չափից ավելի ազատական են եւ պատրաստ են ցանկացած մեկի հնարավորություն տալ, ով ներդրում կանի եւ ավիաընկերություն կգործարկի: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի շուկան ավիաընկերություն պահելու համար շատ փոքր է, շրջանառությունն էլ՝ սահմանափակ: Նախկինում, երբ Հայաստանը չէր հայտարարել «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին, շուկայի սահմանափակ լինելը փոխհատուցվում էր Երեւանից իրականացվող չվերթների քվոտավորմամբ: Այլ կերպ ասած՝ դրսի ավիաընկերությունները չէին կարող ազատ եւ որքան ցանկանային չվերթներ իրականացնել:

Եթե այն ժամանակվա ազգային փոխադրող «Արմավիան» ցանկանում էր որեւէ ուղղությամբ չվերթ իրականացնել, ապա համապատասխան երկրի ավիաընկերության հետ չվերթների քանակը կարող էր հավասար կիսել` մի հատ մենք, մի հատ իրենք սկզբունքով:

Թամազ Գայաշվիլին օրերս արդեն իր հարցազրույցներից մեկում ակնարկել է, որ եթե ՀՀ իշխանությունները ցանկանում են, որ Հայաստանի շուկայում մշտապես գործող ազգային փոխադրող լինի, ապա պետք է հրաժարվեն «բաց երկնքի» քաղաքականությունից եւ սկսեն կանոնակարգել չվերթների թույլտվությունները: Այլ կերպ ասած՝ խոսքը նախկին համակարգի վերադարձման մասին է:

Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները նույնիսկ եթե ցանկանան էլ, ապա, միեւնույն է, նման բան չեն կարող անել: Բանն այն է, որ ժամանակին Հայաստանը հենց այնպես չի հայտարարել «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին: Այդ քաղաքականության դիմաց ՀՀ իշխանությունները բավականին կլորիկ գումարի դրամաշնորհ եւ վարկ են ստացել: Այսինքն՝ եթե այժմ հայտարարեն իրենց մոտեցումը փոխելու մասին, ապա կստացվի, որ նրանք փորձում են միջազգային կառույցներին եւ մի քանի գերտերությունների «քցել»:

Իհարկե, ՀՀ իշխանությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին ամեն քայլափոխին «քցել», խոստումներ տալ, չկատարել, սուտ խոսել եւ այսպես շարունակ, բայց նույնը չեն կարող անել նաեւ միջազգային կառույցների եւ գերտերությունների հանդեպ, որոնք այս դեպքում դաշնակիցներ են, քանի որ մեր ավիացիոն շուկան փաստացի իրար մեջ կիսել են:

Այսինքն՝ այս նոր «Արմենիա» ավիափոխադրողը եւս ստիպված է լինելու աշխատել նույն պայմաններում, ինչպես ժամանակին գործում էր «Էյր Արմենիան»: Արդյոք «Արմենիային» կհաջողվի իր հաստատուն տեղը զբաղեցնել, թե ոչ ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է միայն մեկ բան, որ եթե նոր ավիաընկերությունը չի ցանկանում նախորդների պես սնանկանալ, ապա չվերթների ցանկում ռուսական ուղղությունները պետք է որոշիչ չլինեն: Նախորդ հայկական ավիաընկերությունները ձախողվեցին հենց այն պատճառով, որ իրենց չվացուցակի մեծ մասը կազմում էին դեպի ՌԴ տարբեր քաղաքներ իրականացվող չվերթները:

Արդյունքում, Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները շատ հեշտությամբ կարողանում էին հայկական ավիաընկերություններին խնդիրների առաջ կանգնեցնելով՝ իրենց ընկերությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Այլ կերպ ասած՝ նորերը կհաջողեն, եթե նախորդների սխալները չկրկնեն եւ ռուսական շուկայից մաս «պոկելու» անհեռանկար գայթակղությամբ չտարվեն:

Ի դեպ, լուրեր շրջանառվեցին, որ այս նոր՝ «Արմենիա» ավիաընկերությունն ինչ-ինչ օղակներով կապված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Բայց նույնիսկ այդ դեպքում ուրախալի է, որ Հայաստանը կունենա ազգային փոխադրող: Միայն թե հաջողենք, այլապես իսկապես անհարմար է, որ մի ողջ երկրում ավիաչվերթ իրականացնող գոնե մի ընկերություն գոյություն չունի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս