Ազգային ավիափոխադրող ունենալը` սարերի հետևում. ինչու Տիգրան Ավինյանը տեղից չի շարժվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ավիափոխադրող ունենալու հարցում Հայաստանի բախտն այդպես էլ չի բերում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավիացիոն ոլորտի մասնագետները տեւական ժամանակ է՝ փորձում են այս հարցով հանդիպել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ում համակարգման տիրույթում է խնդիրը, սակայն ապարդյուն: Եւ սա այն դեպքում, երբ ազգային ավիաընկերության ստեղծումը Նիկոլ Փաշինյանի կառավարության համար պետք է առաջնահերթ խնդիր համարվի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ժամանակ չի գտնում հանդիպել ոչ միայն ավիացիոն ոլորտի մասնագետների, տուրընկերությունների, այլեւ ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ: Փոխարենը Ավինյանի գրասենյակը օրեր առաջ ամփոփ տեղեկանք էր հրապարակել մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում իրականացված իրենց աշխատանքների մասին: Այնտեղ, ի դեպ, անդրադարձ կար նաեւ զբոսաշրջության ոլորտին, օդանավակայանների ընդլայնման ծրագրերին: Ըստ Ավինյանի գրասենյակի` քննարկման փուլում են գտնվում գերցածր գնային առաջարկ ներկայացնող ավիաընկերությունների` ՀՀ-ում գործունեություն իրականացնելու ֆինանսատնտեսական հնարավորությունները: Իսկ ազգային ավիափոխադրող ունենալու մասին` ոչինչ:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ավինյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին: Նրա գրասենյակից եւս մեզ չպատասխանեցին:
Իսկ ավիացիոն ոլորտի մասնագետների կողմից բարձրացրած թիվ մեկ խնդիրը ազգային ավիափոխադրող ունենալն է: Մասնագետները բարձրաձայնում են` Հայաստանի ամբողջ ավիացիոն ոլորտը տրված է Ռուսաստանին: ՈՒ հենց ՌԴ-ին ձեռնտու չէ, որ մենք հայկական ավիափոխադրող ունենանք, որովհետեւ բեռնաուղեւորափոխադրումների ողջ շուկան ՌԴ-ն է տնօրինում:

Հիշեցնենք` «Հայկական ավիաուղիների» արհեստական սնանկացման գործընթացից հետո ոլորտը տրվեց «Արմավիա»-ին: Ապա մի քանի տարի անց «Արմավիա»-ն սնանկացավ: Հետո ստեղծվեց նոր ավիաընկերություն` «Էյր Արմենիա», եւ այդ պահին որոշվեց, որ պետք է ազատականացնել երկինքը, այսինքն` հաշվի չառնելով սեփական փոխադրողի շահերը` ամբողջությամբ տրվեց օտարներին: «Էյր Արմենիա»-ն անմիջապես սնանկացավ եւ չդիմացավ ռուսական ընկերությունների վարած քաղաքականությանը: Արդյունքում, հիմա սեփական ավիաընկերություն չունենք: Վերջերս «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել ազգային ավիափոխադրող ունենալու հարցը: Իր մտերիմ շրջապատում նույն հայտարարությունն է արել նաեւ «Էյր Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը: Նկատենք, որ երկուսն էլ իրենցից հետո միլիոնների հասնող պարտքեր են կուտակել ե՛ւ աշխատավարձերի, ե՛ւ հարկային պարտավորությունների գծով:

Բացի այս, ավիաընկերությունների ներկայացուցիչները դժգոհում են մեր երկրի գլխավոր օդանավակայանի` «Զվարթնոց»-ի սպասարկման վարձերից: Ինչպես հայտնի է, ավիացիոն փոխադրումների գինն առաջանում է օդանավի վարձակալության, նավթի գնի, օդանավակայանի սպասարկման վարձերից: Իսկ մեզ մոտ վառելիքի գինը 2 անգամ ավելի բարձր է, քան Վրաստանում: Բնական է, որ եթե ավստրիական ընկերությունը գալիս է եւ այստեղից է նավթ լիցքավորում, ապա ինքը կրկնակի թանկ է վճարում, քան Թբիլիսիում կվճարեր: Այսինքն` վառելիք ներկրողը x գումարով վաճառում է օդանավակայանին, որն էլ 2 անգամ թանկ գնով վաճառում է օդանավերին: Մինչդեռ օդանավակայանը կարող է իր սպասարկման գումարը ավելացնել, իսկ վառելիքը վաճառել այն գնով, որով գնել է: Դրա համար էլ ավիատոմսերի գները Հայաստանում այդքան թանկ են: Բացի այս` օդանավը այստեղ մի քանի հարյուր դոլարով թանկ է կայանում, քան Թբիլիսիի կամ այլ օդանավակայաններում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ, օրինակ, վառելիքի մեկ տոննան Իրանում 200 դոլար է կազմում, Դոմոդեվոյի օդանավակայանում` 700-800 դոլար: Փոխարենը մեզ մոտ 1 տոննայի դիմաց վճարը 1200 դոլարը գերազանցում է: Անգամ Փարիզի «Շառլ դե Գոլ»-ում 1200 դոլար չէ, այստեղ վառելիքի մեկ տոննան կազմում է շուրջ 800-900 դոլար: Ավիացիոն ոլորտի մասնագետները պայքարում են, որ Հայաստանում գոնե ստեղծվի 2-3 ավիաընկերություն, որից մեկը ազգային ավիափոխադրող լինի:
Բոլորին հայտնի է, որ բաց երկնքի քաղաքականությունը առաջին հերթին ձեռնտու է «Զվարթնոց» օդանավակայանին: Չէ՞ որ այս դեպքում բազմաթիվ ավիաընկերություններ գալիս-գնում են բարձր գներով: Բայց տեղական փոխադրողի դեպքում նախ օդանավակայանը սպասարկող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պետք է զեղչի թե՛ շենքի, թե՛ թռիչքի, վայրէջքի համար: Իսկ մյուս ավիաընկերությունները, բնականաբար չեն օգտվում այդ զեղչերից:

Մյուս կողմից` սեփական ավիափոխադրողի բացակայությունը նպաստում է, որ օտարերկյա փոխադրողները հաճախ թելադրեն իրենց գները: Օրինակ, ռուսական ավիաընկերությունները գերիշխում են ՀՀ երկնքում` թելադրելով իրենց գնային քաղաքականությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` որոշ ավիաընկերությունների ներկայացուցիչներ, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, հույս ունեն, որ կառավարությունը հնարավորություն կգտնի միջամտել եւ Էռնեկյանին պատկանող ընկերությունից պահանջել փոքր-ինչ նվազեցնել սակագները:

Հ.Գ. Ի դեպ, հայկական ավիաշուկայում բացի ռուսականից վերջին շրջանում սկսել է ակտիվանալ նաեւ վրացական «Ջորջիան Էյրլայնս»-ը, որի ներկայացուցիչը Հայաստանում համարվում է «Արմենիա» ավիաընկերությունը։ Ավիացիոն ոլորտի ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեցին, որ չվերթների ավելանալու դեպքում «Արմենիա»-ին օգնության է հասնում հենց «Ջորջիան Էյրլայնս»-ի ինքնաթիռը՝ վրացական դրոշով։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս