Ուսումնասիրվել են արդարացման դատավճիռները` քրեադատավարական նորմի սխալ կիրառման հետ կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժինն ուսումնասիրել և ամփոփել է 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում արդարացման դատավճիռներն ու որոշումները՝ քրեադատավարական նորմի սխալ կիրառման հետ կապված:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կայքէջի, մասնավորապես, գործերից մեկով Արագածոտնի մարզի դատարանն 2015թ. մարտի 16-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Սուրեն Ղարիբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, առաջադրված մեղադրանքում:

Արագածոտնի մարզի դատախազի կողմից սույն դատավճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով: Վերաքննիչ դատարանի 2015թ. հուլիսի 20-ի որոշմամբ բողոքը մերժել է, և դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Դատարանը գտել է, որ գործով ձեռք բերված բոլոր փաստական տվյալներն անթույլատրելի են, քանի որ հիմնված են օրենքի խախտմամբ կատարված «բնակարանի խուզարկություն» քննչական գործողության և դրա արդյունքում ձեռք բերված ապացույցի վրա:

Դատարանն արձանագրել է, որ նախաքննության փուլում գտնվող գործով օրենսդիրը ոչ միայն սահմանել է այն պաշտոնատար անձանց շրջանակը (վարույթն իրականացնող քննիչը և հսկող դատախազը), ովքեր լիազորված են քննիչի վարույթում գտնվող քրեական գործով տալու համապատասխան հանձնարարություններ, այլև՝ այն անձանց շրջանակը (հետաքննության մարմին, քննիչ), ում կարող են այդ հանձնարարություններն ուղղված լինել: Թալինի քննչական բաժնի ավագ հետաքննիչ Ս. Թորոսյանը, սույն գործով ամբաստանյալ Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկություն կատարելու իրավասություն ունեցող պատշաճ սուբյեկտ չի եղել, քանի որ քրեական գործի նյութերում բացակայել է քննիչի կամ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի՝ օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարությունը՝ Ս. Ղարիբյանի բնակարանում և դրան օժանդակ շինություններում խուզարկության կատարումը ոստիկանության Թալինի բաժնի հետաքննիչ Ս. Թորոսյանին կամ այլ աշխատակիցներին վերալիազորելու վերաբերյալ: Այլ կերպ, Թալինի բաժնի աշխատակիցների կողմից Ս. Ղարիբյանի բնակարանը խուզարկվել է առանց համապատասխան դատավարական-իրավական հիմքի, որը նման դեպքերում կատարված քննչական գործողության օրինականության և դրա արդյունքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիության որոշման հիմնական չափանիշն է:

Դատարանն արձանագրել է նաև, որ թեև Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկությունը կատարվել է դատարանի որոշմամբ, այդուհանդերձ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված պահանջները և Եվրոպական դատարանի ձևավորած չափանիշները: Մասնավորապես, Ս. Ղարիբյանը որևէ հանցագործության կատարման մեջ չի կասկածվել կամ մեղադրվել, երբ նրա բնակարանում խուզարկություն է կատարվել: Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկությունը կատարելու միակ փաստական հիմքը եղել է ոստիկանության Թալինի բաժնի պետի գրությունն այն մասին, որ իրենք հավաստի օպերատիվ տվյալներ ունեն, որ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով գողությունը, հնարավոր է, կատարել է Ս. Ղարիբյանը և գողոնը պահում է իր բնակարանում:

Դատարանն արձանագրել է, որ այդ փաստական տվյալը, որը քննիչը ներկայացրել է դատարան և դատարանի կողմից դրվել է որոշման հիմքում, խիստ վիճելի է, անարժանահավատ, քանի որ խուզարկության ընթացքում և դրանից հետո ոստիկանության աշխատակիցների գործողություններից դատարանի մոտ առկա է չփարատված կասկած առ այն, որ Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկությունը կատարելու նպատակը սկզբից էլ եղել է թմրամիջոց հայտնաբերելը:

Դատարանը գտել է, որ «թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում հատուկ միջոցառումներ իրականացնելու մասին» տվյալները դատարանին չներկայացնելը՝ խուզարկության մասին որոշում կայացնելիս դատարանին զրկել է կոնկրետ դեպքում գնահատելու խուզարկության անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական հասարակությունում:

Դատարանի գնահատմամբ, եթե ոստիկանության աշխատակիցները նպատակ ունենային խուզարկությամբ Ս. Ղարիբյանի բնակարանից հայտնաբերելու դատարանի որոշման մեջ նշված համապատասխան բարձր լարման հոսանքի թվով 3 փոխանցման մեկուսիչները, ապա դրանք չէին որոնի Ս. Ղարիբյանի բնակարանում առկա թախտի տակ կամ դրա հետնամասում, քանի որ դրանք իրենց բնութագրերով, չափերով չէին կարող գտնվել բնակարանի հյուրասենյակի թախտի հետնամասում կամ թախտի տակ: Այս փաստական տվյալից դատարանը եզրակացրել է, որ խուզարկության իրական նպատակը սկզբից էլ եղել է թմրամիջոց հայտնաբերելը:

Դատարանն արձանագրել է, որ մի հանցագործության դեպքի կապակցությամբ իրականացվող քննության շրջանակներում այլ անձի կողմից այլ հանցագործության դեպք կամ հանգամանքներ հաստատելու մասին ապացուցողական տվյալներ ձեռք բերելիս, դրանք կարող են օգտագործվել որպես ապացույց, եթե համապատասխան իրավասություն ունեցող սուբյեկտները գործել են բարեխիղճ:

Քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելիս նախաքննական մարմինների կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի էական խախտումներ են արձանագրվել ևս 2 գործերով:

Այսպես, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քրեական գործով (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն) հագուստների, այդ թվում` շապիկի, վերնաշապիկի և տաբատի զննություն կատարելու, ինչպես նաև Սիլվա Անտոնյանի բնակարանում ու ավտոմեքենայում խուզարկություն կատարելու մասին քննիչի կողմից կազմված արձանագրությունները ճանաչել է որպես անթույլատրելի ապացույց: Այդ որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ հագուստի զննում կատարելու մասին արձանագրության մեջ քննիչը որևէ նշում չի կատարել, թե խոսքն ի՞նչ հագուստների մասին է` որտեղի՞ց կամ ի՞նչ պայմաններում են ձեռք բերվել դրանք և ինչպիսի՞ արտաքին վիճակ կամ փաթեթավորում են ունեցել նախքան զննվելը:

Որևէ կերպ չի ամրագրել նաև, թե զննված հագուստները քննչական գործողության ավարտից հետո փաթեթավորվել կամ կնքվել են կամ որևէ այլ միջոց ձեռնարկվել է դրանք կամ դրանց առանձնահատկություններն ու պարունակող հետքերը փոխելը բացառելու համար:

Այդ արձանագրությանը նախորդել է (ըստ գործին կցված հաջորդականության) իրեղեն ապացույց ճանաչելու մասին քննիչի 2014 թվականի հունիսի 13-ով թվագրված որոշումը, համաձայն որի՝ իրեղեն ապացույց ճանաչված հագուստները կցվել են քրեական գործին:

Նույն գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում բնակարանի խոհանոցի պահարանի դարակում հայտնաբերվել են հինգ, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկի գործիքների պայուսակում` մեկ խոհանոցային դանակներ, որոնք վերցնելու, փաթեթավորելու և դրանք կամ դրանց առանձնահատկություններն ու պարունակող հավանական հետքերը փոխելու հետագա հնարավորությունը բացառելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկվել, այդ մասին արձանագրության մեջ ոչինչ չի նշվել, դանակներն իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշում նույնպես` գործով չի կայացվել: Դրա հետ մեկտեղ, խուզարկության արձանագրությանը կցվել է լուսանկարչական հավելված` խոհանոցի, խոհանոցային պարագաների, ավտոմեքենայի սրահի, գործիքների պարունակությամբ պայուսակի ու այլ լուսանկարներով, սակայն կիրառված տեխնիկական միջոցների և, ընդհանրապես, լուսանկարահանման հանգամանքի վերաբերյալ արձանագրության մեջ ոչինչ չի նշվել:

Նույն գործով նշանակված դատահետքաբանական, դատաբժշկական և դատակենսաբանական համալիր փորձաքննության վերաբերյալ 2014 թվականի օգոստոսի 22-ի եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված Համլետ Խանոյանի տաբատի, վերնաշապիկի, մայկայի և բամբակյա խծուծների վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվել է արյան առկայություն: Փորձաքննությանը ներկայացրած հագուստների վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ, որոնք իրենց բնույթով ծակած-կտրած են և կարող էին առաջանալ կամ երկկողմանի սուր սայր, կամ միակողմանի սուր սայր և բութ կողմից` մինչև 2մմ հաստություն ունեցող ծակող-կտրող գործիքի, ինչպիսիք հանդիսանում են նաև փորձաքննությանը ներկայացված թվով վեց հատ դանակները, ներգործության արդյունքում: Հագուստների հետին մակերեսներին առկա վնասվածքներն իրենց տեղակայություններով, դիրքերով համապատասխանում են միմյանց և առաջացել են միաժամանակ ազդող գործիքի մեկ ներգործության արդյունքում:

Դատարանը հանգել է հետևության, որ հագուստները` որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը, խուզարկության արձանագրությունը, ինչպես նաև դատահետքաբանական, դատաբժշկական և դատակենսաբանական համալիր փորձաքննության վերաբերյալ 2014 թվականի օգոստոսի 22-ի եզրակացությունը, սույն քրեական գործով անթույլատրելի են՝ որպես մեղադրանքի հիմքում դրվող ապացույց, դրանցից առաջին երկուսը դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված լինելու, իսկ վերջինը` դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված տվյալների վրա հիմնված լինելու հիմքով, ինչն ինքնին կասկածի տակ է դնում դրա արդյունքում uտացված փաuտական տվյալների հավաuտիությունը:

Մեղադրողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում դատարանը եզրահանգել է, որ հագուստների, խտասկավառակի զննում կատարելու մասին արձանագրությունները և դատահետքաբանական, դատաբժշկական և դատակենսաբանական համալիր փորձաքննության եզրակացությունն անթույլատրելի ճանաչելու պայմաններում նույնիսկ ձեռք բերված ապացույցները լիովին բավարար են թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստով Լ. Առուստամյանի մեղավորությունը հաստատելու համար, ուստի Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 31-ի դատավճիռը բեկանել է, ամբաստանյալ Լազար Առուստամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (դիմողի բողոքի բացակայություն) հիմքով Լազար Առուստամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել ու քրեական գործի վարույթը կարճել:

Մեկ այլ գործով վերաքննիչ դատարանը բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. դեկտեմբերի 2-ի դատավճիռը և Արման Աթոյանին ճանաչել անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով` ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը, մեղսագրվող արարքում` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված են ճանաչվել փաստական հանգամանքներն առ այն, որ ամբաստանյալ Արման Աթոյանը 2014 թվականի հուլիսի 17-ին ապօրինի կերպով կրել է արհեստագործական եղանակով կռփազենքերի նմանողությամբ պատրաստված հարվածող-փշրող սառը զենքերի շարքին դասվող մետաղյա առարկա, որը նույն օրը` ժամը 20:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 18-րդ հասցեում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի մոտակայքում հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից: Վերաքննիչ դատարանը, սակայն, քննության առնելով այդ հանգամանքներն ու դրանց հիմքում դրված ապացույցները, գտել է, որ առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրված ապացույցներով կամ գոնե դրանց որոշակի համակցությամբ հնարավոր չէ միանշանակորեն հիմնավորված համարելու ամբաստանյալ Արման Աթոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմը, մասնավորապես`դրա օբյեկտիվ կողմը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «անձնական խուզարկություն կատարելու մասին» արձանագրության համաձայն՝ Արման Աթոյանի մոտից արգելված ոչինչ չի հայտնաբերվել և չի վերցվել, քրեական գործում չի եղել նաև զենքի առգրավման արձանագրություն, հետևաբար սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ չէ, թե Ա. Աթոյանի մոտ հայտնաբերված և անհայտ պայմաններում փորձաքննության ուղարկված առարկան ինչպե՞ս է հայտնվել քրեական գործում, քանի որ առկա չէ առգրավման արձանագրություն, այն չի հայտնաբերվել կատարված անձնական խուզարկությամբ, իսկ ըստ ոստիկանների ցուցմունքների` նրանք Ա. Աթոյանից որևէ առարկա չեն վերցրել։ Դրանից հետևում է, որ փորձաքննության է ուղարկվել մի առարկա, որը հետագայում փորձագետի կողմից ճանաչվել է որպես սառը զենք, ինչը նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմինը խախտել է ապացույցների հավաքման, ստուգման, իրավական գնահատության վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը, որն էլ իր հերթին հանգեցրել է նրան, որ քրեական գործում հայտնվել է իրեղեն ապացույց հանդիսացող զենք, որը սույն գործով հանդիսանում է հանցագործության առարկա, որի ապօրինի կրումը մեղսագրվել է ամբաստանյալ Ա. Աթոյանին, և որի շարժի ընթացքը քրեական գործում հստակ չի երևում:

Ապացույցների հավաքման, ստուգման և իրավական գնահատության վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերը նշված խախտումները իրենց հերթին ուղեկցվել են կասկածյալի, մեղադրյալի պաշտպանության իրավունքի էական խախտումներով, որն արտահայտվել է, մասնավորապես, նրանում, որ կասկածյալը միայն 02.08.2014թ. է ծանոթացվել և՛ «սառը զենքի դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին» քննիչի 17.07.2014թ. որոշմանը, և՛ փորձագետի 25.07.2014թ. եզրակացությանը, ինչը զրկել է պաշտպանության կողմին այդ փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների իրացման հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը դա հիշյալ քրեական գործի պայմաններում դիտել է որպես քրեադատավարական օրենքի էական խախտում:
Վերաքննիչ դատարանը եկել է համոզման, որ 25.07.2014 դատաքրեագիտական փորձաքննության եզրակացությունը չի կարող գնահատվել որպես արժանահավատ և թույլատրելի ապացույց: Նույն կերպ և նույն հիմնավորումներով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ անթույլատրելի պետք է ճանաչել նաև նախաքննական մարմնի 08.08.2014թ. «Իրեղեն ապացույց ճանաչելու և քրեական գործին կցելու մասին» որոշումը:




Լրահոս