Ժառանգության հայտարարությունը՝ Կրեմլի վերջին քայլերի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել Կրեմլի վերջին քայլերի կապակցությամբ:
“Անցյալ շաբաթ` հետևելով Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում տեղի ունեցած երկու իրադարձություններին, որոնց միջև, թերևս, կար փոխկապակցություն` Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքի մատակարարումը և Ադրբեջանի Շահ Դենիզ-2 հանքավայրի շահագործման իրավունքը Trans-Adriatic Pipeline-ին տրամադրելու որոշումը, հարկ ենք համարում արձանագրել, որ երկու իրադարձություններն էլ անդրադառնում են Հայաստանի Հանրապետության շահերին և Հարավային Կովկասի եվրաինտեգրման ընթացքին:
ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դե յուրե դաշնակցի կողմից Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զինատեսակների այդպիսի մեծ ծավալների վաճառքը խիստ դատապարտելի արարք է, որն անհամատեղելի է ռազմավարական գործընկերության հետ: Մյուս կողմից՝ գտնում ենք, որ նման քայլը հնարավոր է դարձել ՀՀ իշխանությունների այսօրվա, ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում վարած կրավորական, ազգային շահերից չբխող քաղաքականության պատճառով, ինչը հանգեցրել է Հայաստանի ինքնիշխանության, սեփական տարածքների, պաշարամիջոցների, ռազմավարական կարողությունների հանդեպ վերահսկողության սահմանափակման:
Համարելով, որ պաշտոնական Մոսկվայի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս ուժգնացած ճնշումները՝ ռուսական գազի թանկացումից մինչև Ադրբեջանին զենքի մատակարարման գործարքը, կարող են, ի միջի այլոց, միտված լինել մեր երկրի եվրաինտեգրմանը խոչընդոտելուն, Հայաստանի դե ֆակտո իշխանություններից պահանջում ենք հետայսու պետական մակարդակով հակազդել նմանօրինակ ճնշումներին, որպեսզի դրանք հանրապետությանը չշեղեն եվրաինտեգրման ուղեգծից և չդանդաղեցնեն 2013-ի աշնանը Վիլնյուսյան գագաթաժողովում Եվրոպական Միության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքմանն ուղղված աշխատանքները:
Ռուսաստանի նման անընդունելի վարքագիծը շարունակվելու դեպքում Հայաստանը պետք է վերանայի այդ երկրի հետ իր հարաբերությունների բնույթը: Եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թեկուզ մեկ քաղաքացի զոհվի Ադրբեջանի կողմից ,Սմերչե համակարգի գործադրման հետևանքով, դրա պատասխանատվությունը կիսելու է մատակարարող երկիրը: 
Անցյալ շաբաթ կատարվածը միայն ամրապնդեց ,Ժառանգությանե ծրագրային դրույթն ու համոզմունքը առ այն, որ մեր ապագան եվրոպական ժողովուրդների իրավահավասար և ժողովրդավար ընտանիքում է, իսկ Հայաստանը դեպի Եվրոպական Միություն առաջնորդել կարող է երկրի ընտրյալ և ոչ ինքնահռչակ իշխանությունը: 
Սա ենթադրում է, իհարկե, որ նույն Եվրոպան հարգի իր սեփական արժեքները, Հայաստանի ինքնիշխանությունն ու ազգային շահը, Արցախի ազատությունն ու ամբողջականությունը, ինչպեսև հայ ժողովրդի ազատ ընտրության իրավունքը: Ցավոք` միշտ չէ, որ այդպես է”:




Լրահոս