ՌԵԿՏՈՐԸ ՉԻ՞ ՎՍՏԱՀՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանն այն կարծիքին չէ, որ բուհի աշխատակիցները վատնել են համալսարանի իրերը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ռեկտորը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը բացահայտել էր, որ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության պաշտոնատար անձինք, օգտվելով ՀՀ պետական կառավարման մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքից, իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելով՝ վատնել են պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ 18 մլն 286 հազար 607 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը:
-Պարո՛ն Ավետիսյան, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում արդեն նյութեր են նախապատրաստվել, համաձայն որոնց՝ Ձեր ղեկավարած բուհի աշխատակիցները պետական սեփականությունը վատնել են: Կբացատրե՞ք, թե ինչ է կատարվում:
-Ես այդ կարծիքին չեմ:
-Այսինքն:
-Այն, որ ես այդ կարծիքին չեմ, ով որ այդ հայտարարությունը տվել է, նրանցից էլ այդ հավաստի աղբյուրներն ուզեք:
-ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարել է այդ մասին:
-Ես պարզ ասացի: Մենք իրենց անհրաժեշտ փաստաթղթեր ենք տվել, որ իրենք ուսումնասիրեն եւ իրենց հայտարարության կողքը դնեն: Չգիտեմ, թե իրենք այդ փաստաթղթերից ինչն են կարդացել եւ ինչը կկարդան եւ հետո ինչ հայտարարություն կանեն: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում: Ես տեղյակ չեմ, թե ինչի հիման վրա են նրանք այդպիսի հայտարարություն արել: Եթե կուսումնասիրեն, նոր բան կունենան ասելու, այդ ժամանակ թող ասեն, եւ մենք էլ մեկնաբանություն կտանք:
-Պաշտոնական հայտարարությանը համամի՞տ չեք:
-Ո՞նց կարող եմ հայտարարություն անել՝ հայտարարության հետ համամիտ եմ, թե ոչ: Նախաքննություն է ընթանում:
Թեեւ ռեկտորը չի հավատում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումներին, այնուամենայնիվ, նրան հիշեցնենք, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը, պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա): Կատարվում է նախաքննություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս