«էլի մարմնավաճառների հե՞տ ես խոսում» արտահայտության դաժան հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս նախորդ տարվա ապրիլի 6-ին՝ ժամը 05:00-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել Գյումրու բնակիչ, 48-ամյա Արթուր Պետրոսյանը: Վերջինիս ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ապրիլի 16-ին հարուցվել է քրեական գործ։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների ընթացքում պարզվել էր, որ 48-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել Գյումրու բնակիչ, 24-ամյա Ռուդիկ Սարգսյանը: Վերջինս 2015 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, գտնվել է դիսպետչերանոցի մոտ, որտեղ բջջային հեռախոսով խոսել է իր կնոջ հետ: Այդ ընթացքում նրան է մոտեցել խմած Ա.Պետրոսյանը և ասել. «էլի՞ մարմնավաճառների հետ ես խոսում»։ Երիտասարդը բարկացել է և անջատել հեռախոսը։ Առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում երիտասարդը գլխով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ա.Պետրոսյանին։

Ծեծկռտուքը դադարեցվել է դեպքի վայր եկած երիտասարդի հոր միջամտության արդյունքում։

Եվ ահա, ArmLur.am-ը տեղեկանում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, վճռել է Ռուդիկ Սարգսյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման: Երիտասարդը պատիժը պետք է կրի նյարդահոգեբույժի հսկողության տակ:

Բանն այն է, որ ամբաստանվողը ճանաչվել էր «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ փսիխոպաթ անձնավորություն և սահմանափակ մեղսունակ է:

Ի դեպ, մինչև դատաքննության սկսվելը՝ Ռուդիկ Սարգսյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:




Լրահոս