Փաստաբան Արա Զաքարյանը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է Վոլոդյա Ավետիսյանի գործով գանգատը ՄԻԵԴ չուղարկելոի պատճառներին: Արդեն հայտնել էինք, որ գործը դեռևս 6 ամիս առաջ պետք է ուղարկած լիներ: Հաղորդագրության մեջ ասվում է.
«Վոլոդյա Ավետիսյանի գործով գանգատը ՄԻԵԴ չուղարկելու պատճառի և դրա հետ կապված այլ հարցերի մասին Մամուլում և սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանություններ են կատարվում քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի գործով գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետև՝ ՄԻԵԴ) չուղարկելու մասին: Հաշվի առնելով գործի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանում ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ շրջանառվող մեկնաբանություններին, հայտնում եմ, որ.
1. Վոլոդյա Ավետիսյանի գործով պաշտպանության մարտավարությունը և դրա բոլոր կարևոր քայլերը նախապես համաձայնեցրել եմ Վոլոդյա Ավետիսյանի հետ, ինչպես նաև նրա գիտությամբ դրանց մասին տեղեկացրել եմ իր գործով շահագրգիռ անձանց:
2. Վոլոդյա Ավետիսյանին պարզաբանել եմ, որ ՄԻԵԴ 4-րդ դատական ատյան չէ, հետևապես չի կարող անձին ճանաչել անպարտ և արդարացնել, այլ իրավասու է միայն ճանաչել«Մարդու իրավունքների և հիմնարար ազատության պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտում կամ արձանագրել դրա բացակայությունը։ Վոլոդյա Ավետիսյանին պարզաբանել եմ նաև, որ ՄԻԵԴ կողմից արդար դատական քննության իրավունքի խախտումը ճանաչվելու դեպքում հնարավորություն կստեղծվի, որպեսզի ՀՀ Վճռաբեկ դատարանը վերանայի իր գործը։ Անշուշտ, Վոլոդյա Ավետիսյանի հետ քննարկել ենք թե ինչ հիմքերով և պահանջներով պետք է գանգատ ներկայացվի ՄԻԵԴ, սակայն ոչ նրան, ոչ էլ նրա գործով շահագրգիռ անձանց երբևէ չեմ հավաստիացրել ՄԻԵԴ մեծ հավանականությամբ կկայացնի Վոլոդյա Ավետիսյանի համար շահեկան որոշում։
3. ՄԻԵԴ գանգատ ուղարկելու որոշումը կայացրել է Վոլոդյա Ավետիսյանը, որից հետո ես սկսել եմ կազմել դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Վոլոդյա Ավետիսյանը երբևէ չի հրաժարվել ՄԻԵԴ դիմելու իր որոշումից, այլ մշտապես շահագրգիռ է եղել, որ պետք է դիմել:
5. Իմ վրա որևէ մեկը որևէ ճնշում չի գործադրել Վոլոդյա Ավետիսյանի գործով ՄԻԵԴ գանգատ չներկայացնելու համար: Առնվազն այն մարդիկ, որ ճանաչում են ինձ և ծանոթ են իմ մասնագիտական գործունեությանը, կբացառեն այդ տարբերակի հավանականությունը:
6. Գանգատը ՄԻԵԴ չի ուղարկվել դրա համար սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու հետևանքով: Այն պնդումները, որ ես դիտավորյալ չեմ ուղարկել և/կամ ժամանակ ձգձգելու նպատակով մոլորեցրել եմ Վոլոդյա Ավետիսյանին, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում:
Իրականությունն այն է, որ այլ գործերով ծանրաբեռնված լինելու պատճառով գանգատը կազմելու աշխատանքի վերջնական փուլը պլանավորել եմ կատարել դրա համար սահմանված վեցամսյա ժամկետի վերջին հատվածում: Սակայն կյանքի ցուցմամբ անհետաձգելի միջամտություն պահանջող ընտանեկան հանգամանքի պատճառով այդ ժամանակահատվածում չկարողացա հաղթահարել իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը և դրանից առաջացած գերհոգնածությունը, ինչի հետևանքով ի վիճակի չեղա ժամանակին ավարտել գանգատը կազմելու գործը: Անշուշտ, այս պատճառը չի արդարացնում իմ կոպիտ բացթողումը, ինչի համար ցավում եմ, զղջում և պատրաստ եմ կրելու դրա բարոյական և մասնագիտական-կարգապահական հետևանքները:
7. Գանգատը ՄԻԵԴ ներկայացնելու ժամկետը բաց թողնելուց հետո առանց Վոլոդյա Ավետիսյանին տեղյակ պահելու իմ նախաձեռնությամբ սկսել եմ անհրաժեշտ փաստաթղթեր կազմել Նախարարների կոմիտե դիմելու նպատակով, որպեսզի գոնե նրա իրավասությանը համապատասխան ստացվելիք խորհրդատվական եզրակացության ուժով հնարավոր լինի, պաշտպանել Վոլոդյա Ավետիսյանի իրավունքներն ու շահերը: Բարոյական առումով ծանր բեռ էի զգում ինձ վրա, ուստի մտածում էի Նախարարների կոմիտե դիմելուն պատրաստ լինելուց հետո Վոլոդյա Ավետիսյանին տեղեկացնել իմ այդ նախաձեռնության մասին: Մտածում էի, որ այդ կերպ փոքր-ինչ կմեղմեմ խղճիս վրա ծանրացած իմ սխալի հետևանքները:
Դա է եղել պատճառը, որ գանգատն ուղարկելու ժամկետը բաց թողնելուց հետո անմիջապես չեմ տեղեկացրել նրան և խուսափել եմ դրա վերաբերյալ կոնկրետ պատասխաններ տալուց: Սակայն հետագայում հասկացա, որ մեկ սխալ գործելուց հետո երկրորդն եմ կատարում, դժվարությամբ հաղթահարեցի հոգեբանական արգելքներս և Վոլոդյա Ավետիսյանին ու նրա գործով շահագրգիռ անձանց տեղեկացրեցի կատարվածի մասին:
8. Այս ամենից հետո ես Վոլոդյա Ավետիսյանի գործի հետագա ընթացքը վարելուց չեմ հրաժարվել և շարունակել եմ աշխատել Նախարարների կոմիտե դիմելու նպատակով փաստաթղթերը կազմելու ուղղությամբ, սակայն Վոլոդյա Ավետիսյանը հրաժարվել է իմ ծառայություններից և խնդրել է գործի նյութերը փոխանցել իր որդուն, ինչն էլ կատարել եմ: 9. Վոլոդյա Ավետիսյանի գործի վերաբերյալ՝ սույն պարզաբանման մեջ չհիշատակված մյուս հարցերն առնչվում են փաստաբանական գաղտնիքին, որոնք ոչ մի դեպքում ենթակա չեն հրապարակման, ուստի դրանց չեմ անդրադառնում»: