Սերժ Սարգսյանը ստացա՞վ Վլադիմիր Պուտինի «դաբրոն»` Բարաք Օբամայի հովանու ներքո եռակողմ հանդիպման անցկացման համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Կրեմլում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-ռուսական առեւտրատնտեսական, էներգետիկ համագործակցության, ինչպես նաեւ` ԵՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացի հեռանկարների հետ կապված հարցեր:

Փոխադարձ հաճոյախոսություններից հետո, որոնք, իհարկե, ինչպես միշտ ընդգծված անհամաչափ էին ՀՀ եւ ՌԴ ղեկավարների կողմից, Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ, նշել է, որ «կան օբյեկտիվ բնույթի խնդիրներ»` մասնավորեցնելով. «Նկատի ունեմ, առաջին հերթին, մեր տնտեսական փոխգործակցությունը, չնայած այստեղ էլ մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ մենք կարող ենք բավարարված լինել նրանով, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունների հիմքը: Ես ոչ մի կասկած չունեմ, որ հիմնվելով նախորդ տարիների մեր համատեղ որոշումների վրա՝ մենք կզարգանանք նաեւ այդ ուղղությամբ»:

Այդուամենայնիվ, երեկվա հանդիպման ադյունքներով տնտեսական փոխգործակցության զարգացմանն ուղղված որեւէ ծրագրի կամ համաձայնության մասին տեղեկատվություն չի ներկայացվել: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններով «բավարարված լինելուն», ապա այստեղ եւս, բնականաբար, անհամաչափ են բավարարվածության զգացողությունները կողմերի մոտ, առավել եւս, որ հենց երեկ` Պուտին-Սարգսյանի հանդիպումից ժամեր առաջ, ՀՀ կառավարության նիստի ընթացքում պարզ դարձավ, որ ռուսական կողմի հետ գազի գնի նվազեցման շուրջ տարվող բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել, եւ առաջիկայում գազի գինը չի էժանանա:

Իսկ սպասելիքներն էլ, որ այդ հարցը կքննարկվի Պուտին-Սարգսյան մակարդակով, եւ հնարավոր է` դրանից հետո դրական լուծում տրվի, կարծես թե եւս չարդարացան: Համենայն դեպս, երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում գազի գնի մասին որեւէ հիշատակում չկար:

Իսկ թե որն էր երեկվա քննարկման հիմնական թեման, թերեւս դժվար չէ պատկերացնել` հաշվի առնելով ռուս-ադրբեջանական վերջին օրերի զարգացումները` սկսած ՀՀ-ին 200 միլիոն դոլարի զենք տրամադրելու կապակցությամբ բողոքի նոտայից, ավարտած իր իսկ գնած զենքի համար վճարելուց խուսափող Ադրբեջանի հետ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի` Բաքվում տարած «բացատրական աշխատանքով»: Ըստ ամենայնի, նաեւ կարիք կար Մոսկվայի հետ քննարկել մոտ առաջիկայում` մարտի 31-ին ԱՄՆ-ում միջուկային անվտանգության 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր եռակողմ հանդիպման հարցը, իսկ գուցե եւ ստանալ Պուտինի «դաբրոն» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հովանու ներքո եռակողմ` Ալիեւ-Սարգսյան-Օբամա հանդիպման անցկացման համար:




Լրահոս