ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Պետական գույքի մասնավորեցման ձեւերը որո՞նք են: Եվ պետությունն ինչպիսի՞ երաշխիքներ կարող է տալ մասնավորեցման մասնակիցներին:

Ալբերտ Համբարձումյան (42 տարեկան, դարբին)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետեւյալ ձեւերով`
1) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն,
2) աճուրդ,
3) մրցույթ (այդ թվում` միջազգային մրցույթ),
4) ուղղակի վաճառք,
5) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում,
6) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով,
7) բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում,
8) պետական գույքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում:
Ինչ վերաբերում է երաշխավորմանը, ապա նշենք, որ ՀՀ-ն երաշխավորում է մասնավորեցման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Մասնավորեցման ընթացքում եւ հետեւանքով լիազորված պետական մարմնին հայտնի դարձած մասնավորեցման մասնակիցներին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց վերջիններիս համաձայնության:

ՀՀ ԿԱ պետական գույքի
կառավարման վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է, որ յուրաքանչյուր մասնակից իրազեկված լինի իր իրավունքներից, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանի ինքն իրեն` դրանով իսկ պատասխանատվության ենթարկելով մեղավոր պաշտոնատար անձանց:




Լրահոս