Ի վերջո, Սերժ Սարգսյանը կոմպետե՞նտ է, թե՞ ոչ. փաստորեն՝ ՀՀԿ-ականները պատասխանատու չեն իրենց կուսակիցների վարքագծի համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հերթական խայտառակ միջադեպը գրանցվեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի գլխավոր դերակատարությամբ: Աժ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարադատության նախարարից պարզել, թե ինչպես է ստացվում, որ հակառակ Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, թե արագաչափերի տեղադրումից հետո խախտումները նվազել են, իրականում դրանք ավելացել են. «Ես ուզում եմ հասկանալ՝ Սերժ Սարգսյանը ընդհանրապես կոմպետե՞նտ է, թե՞ կոմպետենտ չէ, որովհետեւ, օրինակ, Ծառուկյանի մասին հայտարարություն է անում, վեց ամիս հետո ասում եք՝ ընտեց չէ, ճանապարհատրանսպորտային պատահարների մասին հայտարարություն է անում, մի քանի ամիս հետո պարզվում է՝ ըտենց չէ»:

Փաշինյանի այս հարցադրումը ընկալելով որպես վիրավորանք իրենց կուսակցապետի հանդեպ` նախ տեղից փորձեց արձագանքել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, որին միացավ նրա կուսակից Առաքել Մովսիսյանը` իրեն հատուկ բառապաշարով: Բնականաբար, նրա հնչեցրած «համբալ», «դիշովկա» արտահայտությունները անպատասխան չմնացին, ինչի արդյունքում մի քանի րոպե Աժ դահլիճում հնչում էին հայհոյանքներ եւ բղավոցներ:

Նկատենք, որ սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայսը, փոձում է նման քստմնելի եղանակով հաճոյանալ իր կուսակցապետին: Եվ դատելով այն հանգամանքից, որ իր փողոցային դրսեւորումներում Առաքել Մովսիսյանը կարծես թե ավելի ու ավելի անզուսպ է դառնում` նրա կուսակցապետին հավատարմության նման դրսեւորումները դուր են գալիս:

Իրավիճակի զավեշտն այն է, որ հենց երեկ խորհրդարանն ընդունեց Աժ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու՝ Զ. Փոստանջյանի նախագիծը, որով իբր թե պիտի խիստ պատասխանատվության ենթարկվեն կարգազանց պատգամավորները:
Իրականում արդեն իսկ պարզ է, որ նման կազմով ազգային ժողովում որեւէ կանոնակարգ կամ որեւէ հանձնաժողով ի զորու չէ իրավիճակը փոխել:

Առավել եւս, որ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ եթերից հայտարարում էր, թե նման միջադեպերը միանգամայն նորմալ են, եւ դրանից մեծ հարց սարքել պետք չէ: Ասել է, թե արձանագրում էր, որ իր ղեկավարած հանձնաժողովը ձեւական եւ ապիկար մի կառույց է:

Մինչդեռ հանրությունը հիշում է, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը հայտարարում, որ Հանրապետական լինելը ոչ միայն պատիվ է, այլ պատասխանատվություն, եւ որ յուրաքանչյուր ՀՀԿ-ական պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ իր հարազատների եւ մերձավորների վարքագծի համար: Այսքանից հետո դժվար է չերկրորդել Նիկոլ Փաշինյանի հարցը` հիմա Սերժ Սարգսյանն ընդհանրապես կոմպետե՞նտ է, թե՞ կոմպետենտ չէ:

Հ. Գ. Ն. Փաշինյանը երեկ ՀՀ քաղաքացիներից ներողություն է խնդրել ԱԺ դահլիճում ոչ խորհրդարանական բառապաշար օգտագործելու համար:




Լրահոս