Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը շտապ այցով գնում է Գորիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը շտապ այցով գնում է Գորիս: Մեզ հայտնի դարձավ, որ այցի պատճառը մարտի 8-ին քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերն են:

Փոխոստիկանապետը կփորձի տեղում հասկանալ իրավիճակը` այդ նպատակով բոլոր կողմերին նույն տեղում հավաքելով: Հունան Պողոսյանը կզրուցի կողմերի հետ: Ներկա են լինելու Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի բոլոր աշխատակիցները, այդ թվում` լիազորությունները դադարեցված պետ Գևորգ Ազիզյանը:

ArmLur.am-ը կայանալիք հանդիպման մանրամասների մասին կհայտնի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները: Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հրապարակել էր, որ մարտի 8-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը: Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ: Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով փորձել է նրան ներս տանել:

Այդ պահին 3 ընկերները դուրս են եկել մեքենայից՝ պարզելու, թե ով և ինչու է իրենց ընկերոջը քարշ տալիս: Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքների ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով: Դեպի մանրամասները հրապարակվել են ArmLur.am-ում՝ համապատասխան տեսանյութով: Ոստիկանապետից բացի, ռեստորանում են եղել նաև այլ իրավապահներ: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, որի նախաքննության ընթացքում մեղադրյալը նաև ցուցմունք է տվել իրավապահների կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին:




Լրահոս