«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ 2016 թվականի սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունները կարող են առավել քան հետաքրքիր ընթացք ստանալ: Ի սկզբանե որպես Գյումրիի քաղաքապետի իշխանական թեկնածուներ շրջանառվում էր գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունները: Նրանք վաղուց են պայքարում իշխանական թեկնածու դառնալու համար:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ Գյումրիում պայքարելու մտադրություն ունի նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, որը ծագումով գյումրեցի է եւ անցած տարվա հուլիսին՝ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո, հաճախակի է լինում իր ծննդավայրում: Սակայն որպեսզի Մանուկյանը կարողանա ընտրապայքարի մեջ մտնել, պետք է հաշվառված լինի Գյումրիում: «Ժողովուրդի» հետ զրույցում նախկին նախարարն ասաց, որ մարտի 15-ից ինքը Գյումրիի հաշվառում ունի: Սակայն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, ինչպես նաեւ հնարավոր ֆորմատի վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել: