«ԿՆՃՌՈՏՎԱԾ ՄԱՐՄՆՈՎ ԷԼ ՄԵՐԿ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս տեղի ունեցավ «Մարիամի մեկ կիրակին» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր` Արշակ Ամիրբեկյան): Երիտասարդ մարմնավաճառի կյանքի մասին պատմող կինոնկարի գլխավոր հերոսուհու դերում Ռուզան Վիթն է (Ռուզան Մեսրոպյան): Նրան հայ հանդիսատեսը հիշում է Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմի գլխավոր դերակատարումից: Դերասանուհուն քրմուհուց մինչեւ այս նոր կերպարի մարմնավորումը բաժանում է տասը տարի: «Ժողովուրդ»-ը Ռուզան Վիթ Մեսրոպյանից հետաքրքրվել է երկարատեւ դադարի պատճառների եւ նոր ֆիլմում իր կերպարի ասելիքների մասին:

-Ռուզա՛ն, այս դադարը միայն ընտանիքին նվիրվելու հանագամանքո՞վ էր պայմանավորված, թե՞ այլ պատճառներ էլ կային:
-Ընտանիքին միշտ եմ նվիրված. դա ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ մասնագիտական գործունեության վրա: Այս տասը տարվա ընթացքում ես ձգտել եմ կրկին մուտք գործել թատրոն (ավելի վաղ դերասանուհին աշխատել է Պատանի հանդիսատեսի, Համազգային, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում` հեղ.): Բալիկս 3 ամսական էր, երբ փորձեցի մտնել Սունդուկյանի թատրոն, պարզապես պատճառներ առաջացան, որոնք խոչընդոտեցին իմ մուտքը: Բայց դա չի նշանակում, որ էլ չեմ խաղալու. ես նպատակային քայլեր եմ անում, որպեսզի կրկին լինեմ բեմում: Ոչինչ այլեւս չի խոչընդոտելու իմ ուղին:
-Եղե՞լ է, որ շրջապատը չհամակերպվի Ձեր տեսակի հետ. գուցե խոչընդոտներն այդ պարագայո՞ւմ են առաջացել:
-Իհարկե, եղել է: Ես մի տեսակ եմ, որը միշտ անկեղծ է: Ես չեմ ծնվել, որ ծռվեմ. իսկ անկեղծ չլինելը ծռվելու պես բան է: Ես չեմ ցանկանում, որ այն անոթը, որտեղ ապրում է իմ հոգին, ինչ-որ պատճառներով ծռվի: Ուզում եմ, որ այդ անոթի մեջ հոսի աստվածայինը: Մի անգամ կոլեգաներիցս մեկն ասաց, որ մեր կյանքը կարծես ջունգլի լինի, որտեղ պայքարում են գազաններ` ամեն մեկն իր «փայը» վերցնելու համար: Ես համաձայն չեմ դրա հետ. չեմ ուզում գազան լինել, քանի որ այլ կերպ եմ զգում կյանքը եւ ավելի երջանիկ եմ, քան այդպիսի մտածողություն ունեցող մարդիկ:
-Իսկ Ձեզնից չե՞ն փորձել խլել Ձեր բաժինը:
-Իրենց միայն թվացել է, որ վերցրել են. ես պարզապես զիջել եմ այն: Իմ «փայը» ուրիշ տեղից է տրվում, եւ լավ, հզոր «փայ» է: Իհարկե, դա ծանր ճանապարհ է, բայց իմ հոգին թրծվեց այդ ուղուն հասնելու ընթացքում:
-Դուք 5 տարի ապրել եք Փարիզում: Իհարկե, այդ ընթացքում անմիջականորեն հարաբերվել եք եվրոպական մշակույթին, նկարահանվել եք ֆրանսիական ֆիլմերում, սակայն, միեւնույն ժամանակ, ետ եք մնացել այստեղի մշակութային անցուդարձից: Երբ հետագայում վերադարձաք Հայաստան, ինչպե՞ս վերաինտեգրվեցիք այստեղի միջավայրին:
-Պատերազմից հետո մեր երկրում դժվարին օրեր էին, երբ մեկնեցի Փարիզ: Այդ ընթացքում շատ բաների հեռվից էի հետեւում: Իսկ երբ վերադարձա, մի փոքր դադար տվեցի, իմի բերեցի անցածս ճանապարհը, հետո հանդիպեցի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին, եւ ամեն բան տարավ դեպի «Քրմուհին» ֆիլմի ստեղծումը: Ես ամբողջությամբ նվիրվել էի իմ կերպարին: 3-4 տարի անց տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, եւ այդ ժամանակահատվածում էր, որ ես հանդիպեցի իմ ապագա ամուսնուն` նկարիչ Անդրեյ Շուգարովին: Իմ կյանքում շատ կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ: Մեր շփումների ընթացքում զարգացավ այն, ինչի հիման վրա պետք է ստեղծվեր իմ այսօրվա ամուր ընտանիքը: Հետո արդեն ծնվեց բալիկս, եւ ես էլի չհասցրեցի ներգրավվել թատերական անցուդարձի մեջ:
-«Քրմուհուց» հետո` 2008-ին, «սերիալային տարափ» սկսվեց, Ձեզ առաջարկում էին նկարահանվել օճառային օպերաներում, սակայն Դուք հրաժարվում էիք…
-Ինձ գլխավոր դերեր էին առաջարկում, բայց ես անվերջ մերժում էի. այն պատասխանատվությունը, որ զգում էի փարիզյան ֆիլմերի կերպարներիս եւ քրմուհու առջեւ, թույլ չէր տալիս, որ մուտք գործեմ սերիալային ասպարեզ: Բնականաբար, այդ պարագայում էկրանին չերեւալով` դերասանը մղվում է հետին պլան:
-Եվ ահա, երբ արդեն 40-ը բոլորած կին եք, հանկարծ հրավեր եք ստանում նկարահանվելու մի ֆիլմում, որտեղ պետք է մարմնավորեք 20-ամյա աղջկա…
-Այո, ինձ զանգահարեց ֆիլմի ռեժիսորը` Արշակ Ամիրբեկյանը, եւ նշեց, որ այդ կերպարի մասին խոսելիս մարդիկ անընդմեջ իմ անունն են տալիս: Նա ասաց, որ բոլորը պնդում են, թե ես 20-25 տարեկանի տեսք ունեմ, եւ որ ցանկանում է ինձ տեսնել: Ես հուզված, շփոթված գնացի հանդիպման, ամուսինս էլ իր հերթին էր բավական ոգեւորվել (նա վատ էր զգում, որ ես էկրանին չէի երեւում): Այդպիսով` ամեն բան բարեհաջող ընթացք ունեցավ: Կուզենամ հատուկ նշել, որ հիացած եմ Արշակ Ամիրբեկյանի խորը, զգայուն, ինտելեկտուալ եւ զուսպ տեսակով:
-Ո՞րն է Ձեր կերտած մարմնավաճառ աղջկա կերպարի ուղերձն այս ֆիլմում:
-Այդ աղջկա վիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրը: Ուշագրավն այն է, որ մարմնավաճառի կենսագրություն ունեցող աղջիկը չի կորցրել ամենակարեւորը` հոգին: Մեկ կիրակիի ընթացքում Մարիամը գնում է դեպի փրկություն: Այսօր մեր կենցաղը, աղքատությունը հասցրել է մեզ այն բանին, որ դադարել ենք հոգատար լինել, դարձել ենք անտարբեր ոչ միայն մեր անձի նկատմամբ, որտեղ ապրում է հոգին, այլեւ կողքինների հանդեպ: Սրա արդյունքում ստեղծվել է կործանարար միջավայր, սակայն մենք չպետք է թույլ տանք, որ վրա հասնի վերջնական կործանումը: Ֆիլմում աղջիկը հանդիպում է մի մարդու, որն ուղղակի անտարբեր չէ մարմնավաճառ աղջկա ճակատագրի նկատմամբ: Քնած բողբոջներն աստիճանաբար ծիլեր են տալիս եւ կյանքի կոչում հերոսուհուն: Կցանկանայի առանձնակի նշել, որ անչափ ուրախ եմ Աշոտ Ադամյանի խաղընկերուհին լինելու կապակցությամբ: Նրա հետ խաղալն ինձ համար մեծագույն հաճույք էր, ուրախ եմ իր ժամանակակիցը լինելու համար:
-Ռուզա՛ն, հաճախ այս կամ այն առիթով Ձեզ ներկայացնում են որպես սկանդալային դերասանուհի: Մի՞թե բաց տեսարաններում հանդես գալուց հետո արտիստը դառնում է սկանդալային: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ «պիտակին»:
-Դա միամիտ արտահայտություն է, որին ես ժպիտով եմ վերաբերվում. դա ինձ չի խանգարում: Մերկությունն ինձ համար մաքրեմաքուր վիճակ է. ինչպե՞ս կարող է դա համարվել սկանդալային: Բայց ես այդ որակումները ծանր չեմ տանում, ես ոչ մի խնդիր չունեմ: Եթե տարիներ անց պետք լինի, կնճռոտված մարմնով էլ մերկ կնկարահանվեմ, իհարկե, պայմանով, որ կերպարս ասելիք ունենա: Ի վերջո, ես ֆիլմում իմ մարմինը չէ, որ ցուցադրում եմ, այլ հոգին:
-Հիմա ինչի՞ մասին եք երազում:
-Ես ուզում եմ ունենալ այն, ինչ ինձ համար նախապատրաստել է Աստված: Մենք չենք եկել այս աշխարհ` ամեն գնով մեր «ուզումիկներին» հասնելու համար: Ես կցանկանամ քայլել այն ճանապարհով, որն Աստված է նախանշել…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
«ԱՐՏԱՎԱԶԴ»-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԷԻՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԹՈՒՅԼ ԳՈՐԾԵՐ
Թատրոնի միջազգային օրվան` մարտի 27-ին ընդառաջ անցկացվեց «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի նվիրվեց Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին: «Արտավազդ» մրցանակ տրվեց 13 անվանակարգերում: Դատարկ ծրար բացվեց միայն «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար»-ին հայտարարելիս. այդ անվանակարգում մրցանակ չշնորհվեց: «Ժողովուրդ»-ը Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանից հետաքրքրվեց պատճառների մասին. «Երկրորդ պլանի դերակատարման արտահայտիչ դրսեւորում չեղավ, եւ ոչ ոք չհավաքեց ձայների անհրաժեշտ քանակությունը: Խնդիրը դերասանուհիների մեջ չէր. չկար մի գործ, որտեղ երկրորդ պլանի հետաքրքիր դեր լիներ: Իսկ, առհասարակ, երկրորդ պլանի դերակատարումն արտիստից բարձր որակներ է պահանջում. նա ընդամենը մի քանի րոպե հայտնվելով բեմում` պետք է կարողանա այնպես անել, որ իր խաղը հիշվի»,-մեկնաբանեց թատերագետը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի «Արտավազդ»-ին ներկայացված բեմադրությունների թվում եղել են մեծ թվով թույլ գործեր, ուստի որոշվել է հաջորդ տարի պայմանների որոշակի փոփոխություններ կատարել. «Թատերական աշխարհում սերնդափոխություն է տեղի ունենում: Մի կողմից մենք ունենք շատ հետաքրքիր, ժամանակակից «լեզվով» մտածող երիտասարդ ռեժիսորներ, օրինակ` Գրիգոր Խաչատրյան, Սուրեն Շահվերդյան, Նարինե Գրիգորյան եւ այլք, մյուս կողմից, ինչպես ժյուրիի անդամներից մեկը նկատեց, պրոֆեսիոնալիզմից շատ հեռու, անփորձ մասնագետներ` «Մանուշակ մանկապարտեզից»: 44 ներկայացումից երեւի 7-8-ն էին բեմադրված վարպետների կողմից: Իսկ շատ գործեր դիտելը փորձագետներից կազմված հանձնախմբի համար պարզապես ժամանակի կորուստ էր: Ուստի մենք մտածում ենք հաջորդ տարվանից ունենալ երկու հանձնախումբ` մեկը կդիտի առաջարկվող ներկայացումները, կընտրի դրանցից 10 լավագույնը եւ կներկայացնի երկրորդ հանձնախմբին, որն էլ կընտրի հաղթողներին»,-ասաց նա:
Ս. Մելոյանը նաեւ հավելեց, որ կա եւս մեկ պայման, որը ենթակա է փոփոխության. «Մշտապես թատրոնի գեղարվեստական ղեկավարներն են որոշել, որ անվանակարգում ում ներկայացնեն մրցանակաբաշխությանը: Հաճախ էլ այս կամ այն դերասանը, ռեժիսորը դժգոհում էր, թե. «Այսինչին նոմինացրիր, հիմա էլ իմ հերթն է», եւ գեղարվեստական ղեկավարները երբեմն նոմինանտներին ընտրում էին` համերաշխության մթնոլորտ ստեղծելու նկատառումով: Մենք մտածում ենք, որ ժյուրիի այն անդամները, որոնք կդիտեն վերջին 10 ներկայացումը, իրենք պետք է որոշեն` ում որ անվանակարգում առաջադրեն մրցանակի»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը հիմնադրվել է 1940 թվականի մայիսին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ: Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996-ին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ԿՆՎԻՐՎԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված համերգային կատարման պրեմիերան կնվիրվի տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Համերգային կատարումը տեղի կունենա մարտի 29¬ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Իրինա Զաքյանը (սոպրանո), Հովհաննես Այվազյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Գուրգեն Բավեյանը (բարիտոն) եւ այլք: Երեկոյին ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային եւ ձայնի պահպանման մասնագիտական երգչախմբերը:
Հիշեցնենք, որ անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը մահացել է մարտի 23¬ին: Նրա աճյունն ամփոփել են Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

 

 

ՌԵԿՈՐԴ` 5 ՕՐՈՒՄ
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» ֆիլմը վարձույթի առաջին իսկ 5 օրում ամբողջ աշխարհում 424 միլիոն 100 հազար դոլար է վաստակել: BBC-ի փոխանցմամբ` չնայած ֆիլմի վերաբերյալ քննադատների ոչ դրական արձագանքներին` այն ԱՄՆ-ում հավաքել է 170.1 մլն դոլար, իսկ Մեծ Բրիտանիայում` 15.5 մլն դոլար. սա երկու դեպքում էլ մարտ ամսվա ռեկորդ է համարվում:
Նշենք, որ ռեժիսոր Զակ Սնայդերի ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Հենրի Քավիլը եւ Բեն Աֆլեքը: Այն հիմնված է երկու հայտնի սուպերհերոսների` Բեթմենի եւ Սուպերմենի հակամարտությունների վրա:




Լրահոս