«ՀԱՄԱՐՁԱԿ ԿԵՐՊՈՎ ԳՆՈՒՄ ԵՄ ԴԵՊԻ ՍԵՐԻԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենություն», «Լիմոնի օղի», «Քրմուհին» ֆիլմերից հայտնի դերասանուհի Ռուզան Վիթը (Ռուզան Մեսրոպյան) «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է էկրաններից անհետանալու վտանգի, սերիալներում նկարահանվելու ճարահատյալ որոշման եւ այլ թեմաների շուրջ:

-Ռուզա՛ն, տեւական ժամանակ է` Ձեզ էկրաններին չենք տեսնում: Ի՞նչն է պատճառը:
-Այո՛, բայց սառույցը կարծես թե տեղից շարժվում է: Վերջերս անընդհատ տարբեր առաջարկներ եմ ստանում: Օրեր առաջ նկարահանվեցի մի ուսանողուհու` Լիլիթ Պետրոսյանի ֆիլմում: Նա տեղափոխեց ինձ հրաշալի, մաքուր մի աշխարհ, որտեղ հայտնվելն ինձ թեւեր տվեց: Հասկացա, որ նոր, տաղանդավոր սերունդ ունենք, որը թեեւ զրկված է մի շարք հնարավորություններից, բայց թափ հավաքելու դեպքում կարող է հասնել միջազգային ասպարեզ: Ֆիլմը կոչվում է «Կիրք»: Այն անդրադարձ է կատարում կայացած, ապահովված կնոջ էմոցիոնալ դաշտին, նրա ներքին դրամային: Ֆիլմում ե՛ւ զգացմունք կա, ե՛ւ կիրք. ու ոչ մի վուլգար բան: Ամեն բան այնքա՜ն զուսպ է արված: Այնինչ՝ ռեժիսորն ինձ պատմեց, որ երբ իմ դերն առաջարկել է մեր դերասանուհիներից մեկին, նա ասել է. «Ինձ ինչի՞ տեղ ես դրել»: Սրա մեջ ծիծաղելի բան կա:
-Որքանով հասկացա` Դուք խոսեցիք նեղ լսարանի համար ստեղծված ֆիլմի մասին, իսկ հանրության լայն շրջանակներին ներկայանալու ցանկություն չունե՞ք:
-Ունեմ, ես արդեն համարձակ կերպով գնում եմ դեպի սերիալ: Հասկացա, որ երկար ժամանակ էկրաններին չերեւալը ճիշտ չէ: Նույնիսկ եթե քեզ չեն մոռանում, դու հայտնվում ես դիտորդի դերում: Կարծում եմ` սերիալային ոլորտում էլ կարելի է ինչ-որ լավ բան անել: Թե որքանով կստացվի, չգիտեմ: Իհարկե, շատ եմ ուզում, որ մեզ մոտ զարգանա կինոարտադրությունը, եւ սերիալը դերասանին չդնի շրջանակների մեջ: Գիտեմ նաեւ, որ մեզ մոտ որքան էլ կինոոլորտը զարգանա, էլի դերասանը ապահովված չի լինի: Սա Փարիզը չէ, որտեղ նկարահանվում էի մեկ ֆիլմում եւ գալիս էի, ինձ համար մի քանի սենյականոց բնակարան էի գնում:
-Հիշում եմ, որ նախկինում կտրականապես դեմ էիք սերիալներին:
-Այո՛, «խրտնում էի» նման նախագծերում ընդգրկվելու առաջարկներից: Շատ ծանր տարա այն հանգամանքը, երբ Աննա եւ Արմեն Էլբակյաններին տեսա սերիալում: Ինձ համար դա վերջն էր: Եթե նրանք էլ են մտել սերիալ, ուրեմն փրկություն չկա: Նրանք ինձ համար մարդիկ են, որոնք հայ մշակույթի ոլորտում պատմություն են կերտել: Հասկացա, որ սերիալային դաշտը մի ճանապարհ է, որով բոլորս պարտավոր ենք անցնել: Այլընտրանքը երկրից գնալն է: Իսկ եթե ոչ, պետք է մնաս ու փորձես գործդ լավ անել` ի վնաս սեփական կենսագրության:
-Արդեն հայտնի է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմքի վրա ստեղծվում է նոր կառույց, եւ կինոարտադրությունը համակարգվելու է տնօրենների խորհրդի կողմից՝ ռոտացիոն ղեկավարման սկզբունքով: Այս որոշման վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:
-Ես այդ փոփոխությունների մեջ լուրջ բան չեմ տեսնում: Կինոկենտրոնում պետք է մտածեին` ինչպես անել, որ որակյալ դերասանների կազմ ունենային, վերջիններիս ներգրավեին աշխատանքի մեջ: Անկախ այն բանից` փոփոխություններ կլինեն, թե ոչ, ես` որպես դերասանուհի, հօգուտ իմ մասնագիտության, ի շահ ինձ (ո՛չ կարիերայիս, ո՛չ գրպանիս) ոչինչ չեմ տեսնում:
-Ռուզա՛ն, աշխատել եք Երեւանի համազգային թատրոնում, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Բեմ վերադառնալու ցանկություն չունե՞ք:
-Թատրոնն իմ ցավոտ տեղն է, մեծ կարոտ ունեմ թատրոնի նկատմամբ: Ի դեպ, ասեմ, որ նախկինում այն ավելի հոգեհարազատ էր ինձ, բայց կինոն բռնեց ձեռքիցս ու տարավ: Ամեն դեպքում, եթե հարմար առիթ լինի, անպայման կցանկանամ կրկին բեմում լինել: Երկու տարի առաջ, օրինակ, Համազգային թատրոնում «Արտավազդ-Շիդար» ներկայացման մեջ Սաթենիկ թագուհի խաղացի: Ինձ հոգեհարազատ է նաեւ Գոյի բեմը, այնտեղից եւս վերջերս առաջարկ ունեցա: Հիմա ինձ մոտ թատերական աշխարհում վերածնվելու շրջան է:
-Եվ վերջում կցանկանամ մի քիչ էլ կանացի հարցեր քննարկենք: Ծերանալուց վախենո՞ւմ եք:
-Ո՛չ: Երբ ես իմ դեմքին տեսնում եմ որեւէ կնճիռ, հենց առաջին պահից սիրում եմ այն, քանի որ դրա մեջ ես տեսնում եմ պատմություն, որին ժպտում եմ: Առհասարակ, նախընտրում եմ երիտասարդ մնալու բնական ճանապարհները: Բացի արտաքին արդյունքից` շատ կարեւոր է նաեւ պահպանել հոգու, ուղեղի մաքրությունը: Դրա համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք կատարել: Եթե դու դրական ես մտածում, այդ պրոցեսը կարող է կանխել ծերությունը, ես հավատում եմ այդ հրաշքին: Մարդ պետք է իր կյանքն այնպես ապրի, որ երբ հասնի ծերության, նայի հայելու մեջ ու ժպտա:

 

 

 
ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵԼ, ԲԱՅՑ ԵՐԳՈՒՄ ԵՆ

Ազգային, ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը գարնանը իր հանդիսատեսին կներկայացնի նոր տեսահոլովակ, որտեղ կմատուցվի սասունցիների պար: Ընդ որում, պարողները կլինեն ոչ թե պրոֆեսիոնալներ, այլ սովորական սասունցիներ: Գոհարի խոսքով՝ ինքը, լինելով սասունցի, նորովի կներկայացնի մեր ժողովրդական վարպետների կատարած գործը:

Երգչուհին պատրաստվում է նաեւ մարտին շրջագայել Ռուսաստանի 30 քաղաքներով. «Ինձ հետ համերգներով հանդես կգան Համլետ Գեւորգյանը, Դավիթ Զաքարյանը եւ այլք: Շրջագայությունը կտեւի մեկ ամիս»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք` արդյո՞ք իր ոլորտում կազմակերպվում են, օրինակ, մրցանակաբաշխություններ, ժողովրդական, ազգային երգեր կատարողներն ըստ արժանվույն գնահատվո՞ւմ են, թե ոչ. «Առհասարակ, ես մրցանակաբաշխություններ չեմ սիրում. ի վերջո, երգարվեստը սպորտ չի, որ մրցելը կարեւորվի: Մեզ մոտ ամեն մեկն իր ասելիքն ու գույնն ունի: Ամեն դեպքում, մրցանակաբաշխություններից հրավերներ ունենում եմ, օրինակ` մարտին Փարիզում տեղի է ունենալու «Armenian Europe Music Awards»-ը, որտեղ ես ներկայացնելու եմ հայ ազգային երգը»,-տեղեկացրեց Գոհարը:
Քանի որ «Չորս տարբերակ» խումբը տարիներ անց վերամիավորվելու որոշում է կայացրել, խմբի նախկին անդամին հարցրինք` ինչու ինքը եւս չի ներառվել կազմում. «Խմբի աղջիկներն իմ ընկերներն են, որոնց շատ սիրում եմ, բայց իմ երաժշտական ուղղվածությունն ուրիշ է, պարզապես այդ խմբի շրջանակում էլ ասելիք չունեմ: Իսկ նախկինում մենք երգում էինք Երգի պետական թատրոնում, որոշել էինք մի նախագիծ իրականացնել, եւ ամեն մեկս փորձում էր ներկայանալ իր ժանրում: 10 երգ ձայնագրելուց հետո հասկացա, որ եթե շարունակեմ նույն կերպ գործել, կկրկնվեմ: Բացի այդ` անհատապես հանդես գալու բազմաթիվ հրավերներ ունեի եւ արդեն ֆիզիկապես չէի հասցնում այդ երկու գործը համատեղել»,-մեկնաբանեց երգչուհին:
Իսկ հարցին, թե որն է համարում ազգային, ժողովրդական երգի ասպարեզում ունեցած մեր ամենաուշագրավ ձեռքբերումը, Գոհարը պատասխանեց. «Սփյուռքում կան երիտասարդներ, որոնք դժվարանում են հայերեն խոսել, բայց ժողովրդական երգերը մեզ հետ հավասար երգում են: Սա ես համարում եմ հաղթանակ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԲԱՎԱՐԱՐ Է ՀԱՄԱՐԵԼ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բավարար է համարել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանի տարեկան հաշվետվությունը` հորդորելով ազատվել ավելորդ հաստիքներից ու հաստիքացուցակում ընդգրկել անհրաժեշտ մասնագետների, որոնք կզբաղվեն կենտրոնի ստեղծագործական վեց կոլեկտիվների հանրահռչակմամբ, համերգային ծրագրերի արդյունավետ կազմակերպմամբ եւ գործունեության մեջ առաջխաղացմամբ: «ՊՈԱԿ¬ի եկամուտները 2016 թվականի ընթացքում կազմել են 30 միլիոն 357 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ ունենք 15 տոկոսի աճ»,¬ նշել է Հովեյանը: Նախարարն ընդգծել է, որ 15 տոկոսը քիչ է: «Դուք ունեք հրաշալի կոլեկտիվներ, կարծում եմ, որ 2017-ի համար պետք է ծրագրեք առնվազն երեսուն տոկոսի աճ: Պետք է ունենաք հստակ ձեւակերպված բիզնես¬նախագիծ»,¬ շեշտել է Ամիրյանը:

 

 

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու ռեփեր Դրեյքը 2 ամիս տեւած հարաբերություններից հետո բաժանվել են: TMZ-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է. «Նրանց հարաբերությունները փոքր-ինչ մարել են: Լոպեսն ու Դրեյքը որոշել են որոշ ժամանակով բաժանվել ոչ այն պատճառով, որ չեն ուզում միասին լինել, այլ որովհետեւ նրանց խելագար գրաֆիկները չեն համընկնում: Այդ հարաբերությունները երբեք լուրջ չեն եղել, նրանք պարզապես զվարճանում էին միասին: Երկուսն էլ սիրում են զվարճանալ, երաժշտությամբ զբաղվել: Ջենիֆերը հարգանքով է վերաբերվում Դրեյքին ու նրա տաղանդին, իսկ ռեփերը փոխադարձ պատասխանում է Ջենիֆերին»:

 

 

Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ
Հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են մրցանակաբաշխությանը հաջորդող ամենամյա երեկույթի չեղարկման մասին` նշելով, որ դրա փոխարեն փախստականների իրավունքները պաշտպանող հանրահավաք է անցկացվելու: Vox.com կայքը տեղեկացնում է, որ երեկույթի փոխարեն կազմակերպիչը` The United Talent Agency-ն, 250.000 դոլար կփոխանցի ԱՄՆ-ում փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ում բնակվող փախստականների աջակցության հիմնադրամ կստեղծի: Երեկույթի չեղարկման համար պատճառ է հանդիսացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` փախստականների դեմ վարած կոշտ քաղաքականությունը:




Լրահոս