Տեղի է ունեցել հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի միջև:

Նախագահները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն իր գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական հարձակման, և այդ գործողություններին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարժեք պատասխանի մասին: ՀՀ Նախագահը հատուկ անդրադարձ է կատարել խաղաղ բնակչության հանդեպ գործադրած բռնություններին` համեմատելով դրանք տարածաշրջանի հայտնի ահաբեկչական խմբավորումների գործելաոճի հետ:

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումների և ներկայիս այլ մարտահրավերների համատեքստում տարածաշրջանում լարվածության նոր օջախների բռնկումը չի բխում որևէ մեկի շահերից և անհրաժեշտ է գործադրել բոլոր հնարավորությունները` խաղաղ բանակցությունների գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Նախագահ Ռոհանին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի հարցեր` համակարծիք լինելով, որ անհրաժեշտ է շարունակաբար խորացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը:




Լրահոս