Լավրովի քայլերից հետո ավելորդ է խոսել ԵՏՄ անդամ երկրների մասին. ՌԴ իշխանությունները սրբորեն պահպանում են պաշտոնական դիրքորումը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` չնայած տարբեր տեղեկատվական արտահոսքերին` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ ժամանեց Երեւան: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո հնչեց նաեւ երկար սպասված լուրը` Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման մասին. «Սահմանին գազի գնման գինը կկազմի 150 ԱՄՆ դոլար նախկին 165 դոլարի փոխարեն»,- տեղեկացրեց ՀՀ վարչապետը` միեւնույն ժամանակ դժվարանալով ասել, թե դա ինչպես կանդրադառնա շարքային սպառողների վրա:

Հարցին` որքա՞ն կկազմի գինը սպառողի համար, Աբրահամյանը տվեց անորոշ պատասխան` նշելով, թե այդ հարցը համապատասխան պատկան մարմինները կքննարկեն, ու ուսումնասիրությունից հետո հանրությունը կիրազեկվի։

Իհարկե, ռուսական գազի գնի նվազումը մեր երկրի տնտեսության համար կարեւոր նշանակություն կունենա, ինչպես նաեւ` Մեդվեդեւ-Աբրահամյան երեկվա հանդիպման արդյունքում ձեռք բերված մնացած տնտեսական պայմանավորվածությունները, սակայն հատկապես այս փուլում, երբ ԼՂՀ, իսկ վերջին օրերին նաեւ ՀՀ սահմանի վրա թշնամին շարունակում է ոտնձգությունները, առավել կարեւոր է ՌԴ վարչապետի այցի քաղաքական նշանակությունը:

Ինչպես հայտնի է՝ վերջին երկու օրերին ռուսական մամուլում համառ արտահոսքեր էին լինում առ այն, որ Մեդվեդեւը Երեւան չի գա, քանի որ դա կդիտարկվի որպես «աջակցություն հակամարտող կողմերից մեկին, որոնցից յուրաքանչյուրի հետ ՌԴ բարեկամական հարաբերություններ ունի»: Եվ, ահա, չնայած, որ ՌԴ վարչապետը այցելեց Հայաստան, սակայն հայտնի դարձավ, որ դրանից անմիջապես հետո նա մեկնելու է Բաքու:

Ասել է, թե ռուսական լրատվամիջոցների «մտահոգությունները»՝ «բարեկամ երկու երկրների» միջեւ պարիտետը պահելու անհրաժեշտության շուրջ, ՌԴ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն էր, որը նրանք սրբորեն պահպանում են: Նրանք, սակայն, նույնքան նրբանկատ չեն, երբ խնդիրը վերաբերում է Հայաստանին չնեղացնելուն: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, չգիտես ինչու, Բաքու կատարած այցից եւ այնտեղ ՌԴ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության մասին բարձրաձայնումներից հետո չշտապեց գալ Երեւան, փոխարենը իր մոտ` Մոսկվա «կանչեց» ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ով այսօր կմեկնի ՌԴ:

Գուցե պարզունակ հնչի, եւ բերվեն հակափաստարկներ, թե դիվանագիտությունն իր տրամաբանությունն ու բարոյականությունն ունի, այնուամենայնիվ, չենք կարող չնկատել, որ բարեկամության մասին տարրական պատկերացումները հուշում էին, որ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը նախ պետք է այցելեր նեղ վիճակում հայտնված դաշնակցին, այլ ոչ թե հակառակը:

Այսքանից հետո, թերեւս, ավելորդ է խոսել ԵՏՄ անդամ երկրների մասին, որոնցից Բելառուսը հենց առաջին օրը ադրբեջանահաճո հայտարարությամբ ցույց տվեց իր «դաշնակցային» մոտեցումը, իսկ Ղազախստանն էլ պահանջեց չեղարկել այսօր Երեւանում նախատեսված ԵՏՄ անդամ երկրների վարչապետների գագաթնաժողովը` առաջարկելով այն անցկացնել Մոսկվայում:




Լրահոս