Ղարաբաղում իրավիճակի սրացումը կարող է հարված հասցնել ադրբեջանական նավթի արտահանմանը. Bloomberg

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցիների եւ հայերի հարաբերություններում բռնության սրացումը անմիջական վտանգ է պարունակում Կասպից ծովը եվրոպական շուկաների հետ կապող առանցքային խողովակաշարերի համար, գրում է «Արցախպրեսս»-ը:

Bloomberg-ի փոխանցմամբ, նման կարծիք են հայտնել Լոնդոնից եւ Վաշինգտոնից վերլուծաբանները:

Լոնդոնյան CMC Markets Plc. ընկերության վերլուծաբան Մայքլ Հյուսոնի կարծիքով, շուկաներում որեւէ լրացուցիչ վտանգ չկար Կասպից ծովից Միջերկրական մատակարարումների հետ կապված, ուշադրության կենտրոնում էր մնում մատակարարումների գլոբալ ավելցուկը:

«Մարտերը մտահոգություն ծնեցին, որ հակամարտությունը կտարածվի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանակից տարածաշրջանում: BP Plc.-ի ղեկավարած ստորգետնյա նավթատարը, որի միջոցով Բաքվից թուրքական Ջեյհան օրական 720 հազար բարել նավթ էր մատակարարվում, անցնում է հակամարտության գոտուց շուրջ 30 մղոն հեռավորությամբ: 45 մլրդ դոլար արժողությամբ հարավային գազային միջանցքը, որը շինարարության ավարտից հետո ադրբեջանական բնական գազը Եվրոպա է հասցնելու, գտնվում է նույն հեռավորությամբ»,- նշված է հոդվածում:

Պարբերականի համաձայն, մարտերը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների վերածվել Կովկասյան լեռներում, Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով անկայունության նոր աղեղի, որն ընկած է Լեռնային Ղարաբաղից դեպի հյուսիս եւ արեւմուտք: «Ռուսաստանի դաշնակից Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ամուր կապեր ունեցող Ադրբեջանի միջեւ պայքարը կհանգեցնի տարածաշրջանում մեծ ցնցումների»,- գրել է հեղինակը:

Խողովակաշարերն ու պոտենցիալ խափանումները դեռեւս մեծ կարեւորություն ունեն պատերազմող կողմերի համար: Պարբերականը հիշեցնում է, որ ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հայտարարել է, որ ցանկացած նոր պատերազմի դեպքում առաջին թիրախների մեկը կդառնա նավթատար խողովակաշարը: «Անցյալ տարի Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսում նա ընդգծեց. «Դա շատ կարեւոր ֆինանսական ռեսուրս է Ադրբեջանի համար, եւ մենք պետք է նրան զրկենք այդ միջոցներից»: BP ընկերության ներկայացուցիչն ապրիլի 6-ին հայտարարեց, որ բախումները չեն ազդել խողովակաշարի աշխատանքի վրա»,- նշված է Bloomberg-ի հոդվածում:

Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Էդվարդ Չոուն կասկածում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կազդի նավթի գների վրա: «Շուկաները շարունակում են գերհագեցած մնալ եւ սպասում են ապրիլի 17-ին Դոհայում արդյունահանողների հանդիպման ժամանակ ձեռք բերվելիք համաձայնությանը»,- ասել է նա:

Bloomberg-ի վերլուծաբան Ֆիլիպ Կլադեկը, իր հերթին, կարծիք է հայտնել, որ ռազմավարական նշանակության պատճառով խողովակաշարերը միշտ հարձակումների թիրախ են դառնում: «Հաշվի առնելով Ջեյհանի հետ BP-ի կապը՝ ցանկացած խախտում կհարվածի ադրբեջանական նավթի արտահանմանն ու եվրոպական վերամշակողնեի գործունեությանը, հատկապես՝ միջերկրածովյան ուղղությամբ»,- հավելել է Կլադեկը:




Լրահոս