Ինչու են Արցախի և հատկապես ՀՀ-ի իշխանությունները միայն հիմա խոսում հզոր զինտեխնիկա ձեռք բերելու անհրաժեշտության մասին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում նշել է, որ այսօր շատ կարեւոր է համայն հայության աջակցությունը Արցախին՝ առավել ժամանակակից եւ հզոր զինտեխնիկա ձեռք բերելու համար: Նախօրեին էլ Աղաբեկյանը հայտնել էր, որ համայն հայության ջանքերով այս օրերին հաջողվել է հավաքագրել 3 միլիոն դոլար՝ հավելելով, թե հույս ունի, որ աշխարհի հայերը ավելին կարող են հավաքել: Իհարկե, Արցախի համար ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու սուրբ գործում յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ներդրումն ունենալ:

Սակայն մինչ դրան անդրադառնալը, նախ մի կարեւոր հարց՝ իսկ ինչու են Արցախի եւ հատկապես ՀՀ-ի իշխանությունները միայն հիմա խոսում այդ մասին: Այս հարցին, իհարկե, դեռ անդրադառնալու ենք, եւ ամենայն խորությամբ, բայց այս լարված փուլն անցնելուց հետո: Հիմա ստիպված ենք ի գիտություն ընդունել այն իրողությունը, որ Արցախը զենքի կարիք ունի: Իսկ ինչպես են դրան արձագանքում ՀՀ-ի պաշտոնյաները, այդ թվում եւ առաջին հերթին՝ ղարաբաղյան ծագմամբ: Ուր են տարբեր տրամաչափի գործարար պատգամավորներն ու օլիգարխ նախարարները, որոնք տարիներ շարունակ լկտի կերպով թալանել են ոչ միայն մեր քաղաքացիներին, այլեւ, ինչպես պարզվում է, բանակի համար նախատեսված միջոցները՝ «սերմացու գողացող մկան նման», որոնց մասին երեւի թե մոռացել են, ինչ էր ասում սպարապետ Վազգեն Սարգսյանը:

Տարիներ շարունակ տարբեր հանքեր վաճառած, միլիոնավոր դոլարների կաշառք պահանջող նախկին մի նախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր, օրինակ, Արցախին է փոխանցում ընդամենը 2 միլիոն դրամ. մեկը, ով հպարտանում էր իր որդու՝ հարյուր հազար դոլարանոց բենթլիով: Մեկ այլ պատգամավոր, նախկին դատախազ, որի կարողության մասին լեգենդներ են պտտվում, պատկերացնում եք, հազիվ «հավաքել է» վերջին 50.000 դրամը ու փոխանցել Արցախին: Իսկ ՀՀ ամենահարուստ պաշտոնյաներից մեկն էլ, ով «իր անձնական օգտագործման Շվեյցարիան» է կառուցել Ծաղկաձորում, նաեւ անձնական օգտագործման «Մոցարտ» շոկոլադի եւ այլ ֆաբրիկաներ ձեռք բերել, բավարարվել է ընդամենը 600.000 դրամ փոխանցելով: Էլ չենք խոսում ողջ Արարատի մարզը սեփականաշնորհած վարչապետի, նրա նախորդի, օֆշորներում այս ժողովրդից թալանած միլիոնները թաքցրած ԴԱՀԿ պետի ու նրա գերդաստանի, 100 000 դոլարով առյուծի որսի ու կղզիների սիրահար նախկին նախագահի եւ նրա մերձավորների մասին:

Դե, իսկ ֆոտոսեսիաների սիրահար ՊՆ նախարարի, Երեւանի փողոցները մետր առ մետր բնակիչների վրա ծախող քաղաքապետի եւ նրա կուսակցապետի՝ առայժմ գերագույն գլխավոր հրամանատարի անունները այս ցուցակի պատվավոր հորիզոնականներում են: Պարոնա՛յք մեծապատիվներ, չեք ամաչում, ախր այս ամենը չի մոռացվելու, եւ մեր ժողովուրդը, ով այս օրերին ցույց տվեց իր ապշելու իմաստնությունն ու ուժը, այս ամենը մի օր ձեր բոլորի «քթից է բերելու»:




Լրահոս