Ապրիլի 2-ից հետո Սերժ Սարգսյանը ՀՀ միակ նախագահն է, որի օրոք մենք տարածքային կորուստ ունեցանք. սպասելիքները դրական չեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ վերջին օրերին Ղարաբաղի հարցով կարծես թե տեսանելի զարգացումներ չկան, իրականում ընթանում են որոշակի ստորջրյա գործընթացներ, որոնց խորհրդապահական բնույթն արդեն իսկ դրական սպասումների տեղիք չի տալիս: Նախ` ինչպես գիտենք, հանդիպեցին Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչից հետո Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հարցազրույցով` ըստ էության, Ղարաբաղի ներկայիս բոլոր խնդիրների համար մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին եւ հակառակ դրա` խոսելով Սերժ Սարգսյանին բանակցային սեղանի շուրջ ուժեղացնելու համազգային հրամայականի մասին:

«Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ Ի դեպ, նա է ընդառաջել նաեւ Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին։ Սերժ Սարգսյանը, ըստ այդմ, այս ամենը ժառանգել է Քոչարյանից, եւ նրա պատասխանատվության չափը թվարկված հարցերում ավելին չէ, քան վերջինիս վարչախմբի մասը հանդիսացած մյուս դերակատարներինը»-արձանագրեց ՀՀ առաջին նախագահը:

Իհարկե, այս բոլոր պնդումներին երեկ մեկ առ մեկ հակադարձեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, սակայն այստեղ ոչ այնքան կարեւոր է Տեր-Պետրոսյանի հայտարարությունների իրավացիությունը, որքան այն, թե ինչու է նա հիմա այդպիսի աջակցություն ցուցաբերում Սարգսյանին: Մյուս կողմից էլ նույնքան կարեւոր է, թե ինչու նախորդ տարի Տեր-Պետրոսյանի` հանդիպելու առաջարկը բավականին ցինիկորեն մերժած Ս. Սարգսյանն ինքը շտապեց ՀՀ առաջին նախագահի առանձնատուն:

Ոչ պակաս ուշագրավ էր նաեւ երեկ նախագահականում Ս. Սարգսյանի հանդիպումը Հայ Առաքելական եկեղեցու երկու առաջնորդների` Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի հետ, ապա դրանից քիչ անց` ազգային անվտանգության խորհրդի նիստի անցկացումը: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը այս օրերին փորձում է տնտեղել բոլոր կարեւոր դերակատարների տեսակետը` քննարկելով ստեղծված ծանր իրավիճակից հնարավոր ելքերն ու խնդրելով նրանց աջակցությունը:

Ինքնին հասկանալի է, որ Սարգսյանը միայն մի բանի համար կարող է աջակցություն խնդրել. տարածքների վերադարձի: Ընդ որում, այս ամենի ֆոնին` Սարգսյանի հետ հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի կտրուկ մերժումը էլ ավելի է խորացնում կասկածները, որ ներկայումս քննարկվում է ոչ հայանպաստ զարգացումների հնարավորությունը: Ինչ-ինչ, բայց Ռոբերտ Քոչարյանի ամենամոլի ընդդիմախոսներն էլ վստահ են, որ նա երբեք չի համաձայնի թեկուզ մեկ մետր տարածք զիջել թշնամուն: Մի բան, որը որպես քաղաքական քայլ` միշտ էլ ընդունելի է եղել Ս. Սարգսյանի համար: Հիշեցնենք թեկուզ 2005թ. ԱԺ-ում Սարգսյանի արած հայտնի հայտարարությունը. «Ինչ է, Աղդամը մեր հայրենի՞քն է»:

Անկախ այն հանգամանքից, թե որքանով են հիմնավոր այս կասկածները, փաստ է մի բան` ապրիլի 2-ից հետո Սերժ Սարգսյանը ՀՀ միակ նախագահն է, որի օրոք մենք տարածքային կորուստ ունեցանք:




Լրահոս