Քննչական կոմիտեն միտումնավոր մեղմացրել է հանցանքի չափը. Ալեն Սիմոնյանը դժգոհ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ միանշանակ դժգոհ է հարուցված քրեական գործի բնույթից: Բանն այն է, որ Սիմոնյանի խոսքով, քննչական կոմիտեի պարզաբանման մեջ խոսք է գնում հրելու մասին, սակայն հարվածելու և սպառնալիքների մասին ոչինչ նշված չէ:

Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այս որոշումն իրեն միանշանակ չի բավարարում և հանդես կգա համապատասխան հայտարարությամբ և բողոքարկմամբ:

Հիշեցնենք, որ երեկ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբերից մեկի պետ Մաքսիմ Հարությունյանը հարձակում է գործել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ararartnews.am կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի վրա։ Վերջիններս, երբ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգ են ստացել և ժամանել նախընտրական շտաբ, շտաբի պետը հարվածել է  նրանց, գցել տեսախցիկը, սպառնացել է վնասել նաև ավտոմեքենան։




Լրահոս