Ադրբեջանում մարդու իրավունքներ գոյություն չունեն. ԱՄՆ Պետդեպի զեկույցի անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակեց աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին 2015 թվականի զեկույցը: Երեկ ներկայացրել ենք զեկույցի` Հայաստանին վերաբերող ամրագրումները, այսօր էլ կանդրադառնանք Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում տեղ գտած մտահոգություններին:

ԱՄՆ Պետդեպի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում համակարգային կոռուպցիան առկա է կառավարության բոլոր մակարդակներում:
Երկրում մարդու իրավունքների ամենաուշագրավ խախտումները առնչվում են կառավարության կողմից խոսքի ազատության սահմանափակմանը, ինչպես նաեւ քաղաքացիների՝ ազատ եւ արդար ընտրությունների եւ իշխանափոխության իրավունքին: Խախտումները հիմնականում արտահայտվում են մարդկանց ահաբեկելով, ազատազրկելով կասկածելի մեղադրանքների հիման վրա, ուժ գործադրելով իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների եւ ընդհուպ մինչեւ նրանց հարազատների նկատմամբ:

Զեկույցում արձանագրված է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների եւ մարդու իրավունքների գրասենյակը նոյեմբերի 1-ին չեղյալ հայտարարեց Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների վերահսկողությունը, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվեց ընդունել գրասենյակի կողմից առաջարկվող դիտորդներին: «Առանց գրասենյակի դիտարկման հնարավոր չէր ամբողջական գնահատական տալ խորհրդարանական ընտրություններին: 2013 թվականի նախագահական ընտրությունները եւս չէին համապատասխանում ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներին՝ ըստ այդմ որակվելով որպես ոչ ժողովրդավարական ընտրություններ»:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի կառավարությունը խստորեն սահմանափակում է ակտիվիստների եւ ոչ քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվադաշտի գործունեությունը: «2014 թվականի սկզբից կառավարությունը արգելեց թերթերի վաճառքը մետրոներում եւ փողոցներում՝ այն թույլ տալով միայն կառավարության կողմից հաստատված կրպակներում: Սահմանափակումները վերաբերում են նաեւ արտասահմանյան հեռարձակումներին՝ «Ամերիկայի ձայն», «Ազատ Եվրոպա», «Բի Բի Սի», իսկ, ահա, ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանը ազատորեն հեռարձակվել է տեղական ռադիոցանցերում»: Զեկույցում ընդգծված է, որ նախորդ տարվա ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 64 դեպք: «Ըստ տարբեր աղբյուրների՝ շարունակական են ճնշումները, հետապնդումները քաղհասարակության նկատմամբ՝ ահաբեկություն, բանկային հաշիվների սառեցում, ձերբակալություն` հիմնականում քաղաքական հայացքների վրա հիմնված մեղադրանքներով»:

Զեկույցում նաեւ անդրադարձ է կատարվել ադրբեջանական կառավարության եւ դատական համակարգի փոխհարաբերությանը՝ ներկայացնելով, որ կառավարությունը օգտագործում է դատական համակարգին` խաղաղ անհնազանդությունը զսպելու համար:
Պակաս չեն խախտումները նաեւ ռազմական ոլորտում, ինչպես, օրինակ, ֆիզիկական բռնությունները բանակում: Դեկտեմբերի 6-ի դրությամբ տեղական իրավապաշտպան կազմակերպությունները զեկուցել են բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 37 դեպքի մասին:
Ադրբեջանում ֆիզիկական բռնություններ եւ խոշտանգումներ իրականացվում են նաեւ հարցաքննությունների ընթացքում կալանավորների նկատմամբ, նաեւ սահմանափակումներ են կիրառվում կրոնավորների, որոշ չգրանցված մուսուլմանական եւ քրիստոնեական խմբերի նկատմամբ:
2009-2013 թվականներին խոշտանգումներ իրականացնելու մեղադրանքով Ադրբեջանում բանտի աշխատակիցների դեմ ներկայացվել է 334 բողոք:
Հատկանշական է, որ ինչպես Հայաստանի վերաբերյալ զեկույցում, այնպես էլ այստեղ ԱՄՆ պետական դեպարտամենտը նույնաբովանդակ անդրադարձ է կատարել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը՝ նշելով, որ Հայաստանի օգնությամբ անջատողականներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղը եւ ադրբեջանական յոթ տարածքներ: Չլուծված հակամարտության հետեւանքով 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ ներքին տեղահանվածների թիվը կազմել է 622.892:

Սյուզի Մուրադյան




Լրահոս