Սերժ Սարգսյանը Արցախի հարցում փակուղու առջև է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական եւ ադրբեջանական աղբյուրները մեկը մյուսին հաջորդելով՝ հայտարարում են, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերով ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ առաջիկայում ակտիվ բանակցությունների փուլ է սկսվելու: Իսկ հայկական կողմն այս առնչությամբ որեւէ հստակ մեկնաբանություններ տալուց հրաժարվում է:

Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նախօրեին ռուսական «Ռիանովոստի» գործակալությանն ակտիվ բանակցություններ սկսելու հնարավորության առնչությամբ ընդամենն ասել էր. «Այս փուլում բանակցային գործընթացի կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձրագույն մակարդակով հանդիպումների ժամկետներն ու հնարավորությունը»:

Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը օրեր առաջ մեկնել է Արցախ, որտեղ ակտիվ քննարկումներ է իրականացնում ԼՂՀ բարձրագույն ղեկավարության, այդ թվում նաեւ գեներալիտետի մասնակցությամբ:

Այն հանգամանքը, որ քառօրյա պատերազմը Ադրբեջանը նախաձեռնել էր ԼՂՀ խնդրի կարգավորման` հայկական կողմի համար աննպատակահարմար առաջարկ պարտադրելու նպատակով, ի սկզբանե ակնհայտ էր: Սակայն մեր զինվորների անձնազոհության շնորհիվ այդ ծրագիրը տապալվեց եւ հայկական զինուժի հակահարձակումից ընդամենը մեկ ժամ առաջ Ադրբեջանը հասցրեց օգնության համար դիմել Ռուսաստանին, որպեսզի հրադադարի համաձայնություն ձեռք բերվի: Արդյունքում, հայկական զինուժի ապրիլի 5-ի երեկոյան նախատեսված հակահարձակումը կանգնեցվեց:

Սակայն, ակնհայտ էր, որ Հայաստանի եւ Արցախի դեմ սկսված այս ծրագրի տապալումով գործընթացը չի ավարտվել, եւ անմիջապես գործի է դրվելու, այսպես կոչված, պահեստային տարբերակը: Այսինքն՝ ԼՂՀ խնդրի կարգավորման ակտիվ բանակցությունների փուլ սկսելու մասին հայտարարությունները հենց այդ` պահեստային ծրագրի շրջանակներում են արվում:

Սակայն ինչ բանակցությունների մասին է խոսքը, սեղանին ինչ առաջարկներ են դրված, այս մասին պաշտոնապես ոչինչ չի հրապարակվում: Դիվանագիտական խողովակներից հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանի օգնությամբ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Հայաստանից եւ Արցախից կորզել համաձայնագիր, որը հետեւյալ պատկերը կունենա. Ադրբեջանին են հանձնվում, այսպես կոչված, «գրավյալ» 2 կամ ծայրահեղ դեպքում 1 շրջան: Դրա դիմաց Ադրբեջանը համաձայնում է մտնել Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ:

ԼՂՀ-ն եւս դառնում է ԵՏՄ ասոցացված կամ խորհրդատվական ձայնի իրավունքով անդամ: Ի դեպ, տվյալ դեպքում ամենեւին էլ էական չէ, թե ԵՏՄ-ում ԼՂՀ-ի կարգավիճակին ինչ անուն կտրվի, ամենակարեւորն այն է, որ այն չի լինի անկախ պետության եւ հավասարազոր կողմի կարգավիճակ: Փոխարենը այս անցումը հնարավորություն կտա, որպեսզի ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ քննարկումները տեղափոխվեն ԵՏՄ տիրույթ:

Նկատենք, որ տեւական ժամանակ է՝ Ադրբեջանի նախագահը ձգտում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը` որպես խնդրի կարգավորման միջնորդի: Ու կարծես թե գտել է ձեւը:

Հիշեցնենք, որ ներկայումս ԵՏՄ-ն ունի հինգ անդամ երկիր: Հայաստանից բացի՝ ԵՏՄ անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Ադրբեջանի անդամակցության դեպքում ԵՏՄ վեց անդամներից առնվազը երեքը կլինեն երկրներ, որոնց շահերը երբեք չեն համընկնի Հայաստանի հետ: Իսկ Արցախի, հետեւաբար նաեւ Հայաստանի ճակատագիրը կախված կլինի մեկ երկրից` Ռուսաստանից:

Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության անցած 25 տարիների ընթացքում Հայաստանը նման ծանր կացության առաջ երբեւէ չի կանգնել: Ռուսաստանը փաստացի Հայաստանին փորձում է ստիպել, որ մեր երկիրը իբրեւ միակ երաշխավոր իրեն ճանաչի: Բնականաբար նման տարբերակը Հայաստանին ոչ մի լավ հեռանկար չի խոստանում: Պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանը հաջողությունների է հասել միայն, երբ սեփական ուժերին է ապավինել:

Պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը փաստացի փակուղու առջեւ է, քանի որ եթե նա հրաժարվի Վլադիմիր Պուտինի առաջարկից, ապա կստացվի, որ ուղղակի անվստահություն է հայտնում Ռուսաստանին: Եթե համաձայնի, ապա Հայաստանը կտանի արկածախնդրության, ինչը կարող է սպառնալ մեր երկրի ոչ միայն անվտանգությանը, այլ նաեւ ընդհանրապես գոյությանը:

Ամենառեալ լուծումը, թերեւս, Սերժ Սարգսյանի իշխանության հեռանալն է, որը կարող է մեզ համար ոչ ձեռնտու այս իրավիճակի պարտադրանքը գոնե առժամանակ հետաձել եւ գործընթացը սկսել նոր, զրո կետից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս