Որևէ լարվածություն մեր կուսակցության ներսում չկա. Մարգարիտ Եսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 27-ին Սերժ Սարգսյանի անակնկալ հանդիպումը ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ տարբեր խոսակցությունների տեղիք տվեց: Քանի որ նման ձեւաչափով հանդիպումները ավանդական բնույթ չեն կրում, բացի այդ՝ հանդիպումը հաջորդեց «Հրազդան ցեմենտի» նախագծի տապալմանը, և տեղեկություններ շրջանառվեցին, թե Սերժ Սարգսյանն այդ հանդիպման ընթացքում իր վրդովմունքն է հայտնել ՀՀԿ-ական պատգամավորներին՝ նրանց խստորեն զգուշացնելով, որ այլեւս նման պահվածքը չի ներվելու:

«Ժողովուրդ»-ը երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանից փորձեց պարզել, թե ինչն է եղել Ս. Սարգսյանի վրդովմունքի հիմնական  պատճառը:

Տիկի՛ն Եսայան, նախօրեին Սերժ Սարգսյան-ՀՀԿ խմբակցության պատգամավորներ փակ հանդիպման ժամանակ ինչո՞ւ էր Ս. Սարգսյանը բարկացել:

-Եթե նիստի անունը փակ նիստ է, ուրեմն չի կարելի եւ չարժի այդ մասին խոսել, որովհետեւ դա մեր աշխատանքային փակ խորհրդակցությունն է եղել մեր կուսակցության ղեկավարի, երկրի նախագահի հետ: Թե ով ինչ է ասել, ոնց է ասել, դա վերաբերում է մեզ: Աշխատանքային խորհրդակցություն է եղել, հանդիպել ենք մեր կուսակցության ղեկավարի հետ, հարցեր ենք քննարկել, հարցեր ենք տվել, պատասխան ենք լսել: Նորմալ, արդյունավետ, կառուցողական աշխատանքային հանդիպում էր, որեւէ արտառոց բան չի եղել, որի մասին արժի, որ մամուլը իմանա:

-Ըստ տեղեկությունների՝ նիստի ժամանակ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը, Ս. Սարգսյանն էլ խոստացել է նրանց պատժել: Ի՞նչ պատժի մասին է խոսքը:

-Նման բան իրականում չի եղել, նման խոսակցության ներկա չեմ եղել:

-Այնուամենայնիվ, խոսակցություններ կան, որ Ս. Սարգսյանը կուսակիցների վրա բարկացել է, քանի որ վախեցել է, որ առաջիկայում հնարավոր է՝ ավելի լուրջ խնդիրներ առաջանան: Ի՞նչ կասեք:

-Մեր կուսակցության նախագահը եւ երկրի նախագահը իրավունք ունի ցանկացած հարցի մասին իր կարծիքը հայտնել, իր տեսակետը հայտնել, իր ասելիքը ասել, ինչը եւ նա արել է, ինչը եւ մենք լսել ենք եւ հետեւություններ արել: Որեւէ մտավախություն, անհանգստություն, լարվածություն մեր կուսակցության ներսում չկա: Աշխատանքային ենք տրամադրված, մարտական ենք տրամադրված: Նման մտահոգությունները անտեղի են:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս