Պատվաստանյութերը իրենց տան նկուղներում են պահում սառնարան չունենալու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել գյուղատնտեսության ոլորտում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՎՊ-ն ստուգել է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, ինչի արդյունքում հայտնաբերել է մի շարք թերություններ: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրն ունի երկու բաղադրիչ. «Կենսապատվաստուկների ձեռքբերում» եւ «Հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպում»: Կենսապատվաստուկների ձեռքբերման համար պետական բյուջեից 2014 թվականին հատկացվել է մոտ 578 մլն 224 հազար դրամ, իսկ 2015 թվականին՝ 567 մլն 611 հազար դրամ:
Հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով պետբյուջեից 2014 թվականին հատկացվել է 542 մլն 520 հազար դրամ, իսկ 2015 թվականին՝ 594 մլն 603 հազար դրամ: Հիմնականում վճարվել է անասնաբույժների եւ համաճարակաբանների աշխատավարձը:
Սակայն ՎՊ-ն ստուգումներ իրականացնելուց հետո պարզել է, որ ՀՀ-ում չկա անասնագլխաքանակի հաշվառման, համարակալման, գրանցման ու անձնագրավորման համակարգ: Մինչդեռ, ըստ ՎՊ-ի, նման իրավիճակը բացասաբար է ազդում ծրագրի արդյունավետության վրա: Բացի այս՝ հակահամաճարակային միջոցառումների իրականացման եւ անհրաժեշտ պատվաստանյութերի ձեռքբերման հաշվարկների վերաբերյալ կարգ նույնպես գոյություն չունի: Արդյունքում, հաջորդ տարվա ծրագրի բյուջեն կազմելու ընթացքում՝ հաշվետու տարվա ավարտին, համապատասխան պահեստներում առկա պատվաստանյութերի, ախտորոշիչ եւ լաբորատոր նյութերի մնացորդները հաշվի չեն առնվել:
Ի դեպ, ՀՀ ԳՆ-ն 2014-2015 թվականների ընթացքում ձեռք բերված պատվաստանյութերի որակի ստուգում չի կատարել: Բանն այն է, որ ՀՀ-ում չկա որակի ստուգման համապատասխան լաբորատորիա: Չնայած որ նշված փաստը մտահոգիչ է եւ իր մեջ պարունակում է ռիսկեր:
Տեղեկացնենք, որ պատվաստանյութերի տեղափոխման եւ պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանային պայմանները տարբեր են, հետեւաբար, դրանց երկարաժամկետ պահպանության համար անհրաժեշտ են առանձնահատուկ սառնարանային պայմաններ: Սակայն ՀՀ բոլոր մարզերի համայնքներին տրամադրվածներից միայն 560 սառնարանն ու 59 թերմոճամպրուկն է պիտանի շահագործման: Եւ սա այն դեպքում, երբ ՀՀ-ում գործում է 1022 անասնաբուժական տեղամաս, որոնք սպասարկվում են միջինը 603 անասնաբույժի կողմից: Ստացվում է, որ 462 անասնաբուժական տեղամաս ապահովված չէ աշխատող սառնարանով, իսկ 43 անասնաբույժ, ընդհանրապես, չունի սառնարան: Որոշ համայնքներում անասնաբույժները այս հարցի լուծման այլընտրանքային տարբերակ են գտել. նրանք պատվաստանյութերը պահպանում են իրենց նկուղներում կամ անձնական օգտագործման՝ սննդամթերքների պահպանության համար նախատեսված սառնարաններում: Արդյունքում՝ համայնքներում պատվաստանյութերի պահպանման պայմանների ոչ լիարժեք ապահովման պատճառով վտանգվում են պատվաստանյութերի որակական հատկանիշները:
Այն, որ անասնաբույժը իրավունք չունի իր նկուղում պահել պատվաստանյութը, հաստատում է նաեւ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: «Բայց պատվաստումները իրականացվում են գարնան եւ աշնան ամիսներին, երբ այդ եղանակային պայմաններում թույլ են տալիս պատվաստանյութը պահպանել ոչ սառնարանային պայմաններում: Պատվաստանյութը ստանալով՝ մեր սառնարան-մեքենայով ուղարկում ենք մարզային կենտրոններ: Իսկ մեր մարզային կենտրոններում կան սառնախցիկներ, որոնք օգտագործվում են այդ նպատակով: Իսկ եթե մի փնթի անասնաբույժ, որը ժամկետանց պատվաստանյութ է ունեցել իր նկուղում կամ նոր է բացել, բայց լրիվ չի օգտագործել եւ կրկին այն դրել է իր նկուղում, սրանք արդեն բացառիկ երեւույթներ են: Այն, հնարավոր է, մի անփույթ անասնաբույժ անի: Բայց այդ դեպքերը մասայական չեն»,- վստահեցրեց փոխնախարարը:
Բացի այս՝ ՎՊ-ն արձանագրել է նաեւ պատվաստանյութերի ձեռքբերման հետ կապված ուշագրավ դինամիկա: Այսպես՝ ՀՀ ԳՆ-ն 2008 թվականից մինչեւ 2015 թվականը (2015 թվականը ներառյալ) պատվաստանյութերը բացառապես ձեռք է բերել մատակարար ընկերություններից: Դրանք են՝ «Բիո ունիվերսալ», «Ամասիա» ընկերությունները: Իսկ, ահա, 2016 թվականին ԳՆ-ն պատվաստանյութերը գնել է անմիջապես արտադրողից՝ ՌԴ-ում գործող «Կենդանիների առողջության պահպանման ֆեդերալ կենտրոն»-ից: Եւ որպեսզի ավելի պատկերավոր լինի, նշենք, որ ԳՆ-ն 2008 թվականին պատվաստանյութի մեկ չափաբաժինը գնել է 290 դրամ, ապա այն աստիճանաբար նվազել է մինչեւ 210-220 դրամ: Անցած տարի պատվաստանյութի մեկ չափաբաժինը ԳՆ-ն գնել է 214.4 դրամով, իսկ այս տարի՝ 154.3 դրամով: Ասել է, թե եթե ի սկզբանե ԳՆ-ն անմիջականորեն ինքը զբաղվեր գնմամբ, զգալի միջոցներ կտնտեսվեին:
Հ.Գ. Հավելենք, որ Հայաստանում անասնաբույժը վարձատրվում է ըստ կենդանիների գլխաքանակի: Անցած տարի մեկ միավոր անասունի պատվաստման դիմաց վարձատրման չափը բարձրացել է 18 դրամով: Արդյունքում՝ պետպատվերի շրջանակներում ընտանի կենդանիների ներարկման համար անասնաբույժը ստանում է 1 կովի դիմաց 89 դրամ: Նույնքան ստանում է նաեւ 6 ոչխարի կամ 10 խոզի ներարկման համար: Եւ ամսվա վերջում անասնաբույժի աշխատավարձը կազմում է ընդամենը 40-50 հազար դրամ: Համաձայնեք, որ նման վարձատրության պայմաններում անասնաբույժը կարող է եւ անբարեխիղճ գտնվել թե՛ պատվաստումների եւ թե՛ պատվաստանյութերի պահպանման հարցերում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս