Արցախի ճանաչման այս կարևորագույն, թերևս, վերջին քայլն այն խաղաքարտը չէ, որի հետ կարելի էր նման փնթի կերպով վարվել. Մոսկվայից ստացված զանգի հետևանքները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աժ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը: Ուշագրավ է, որ այդ փաստին անմիջապես արձագանքեց ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը` հայտարարելով, թե «Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել ձեռք բերված փխրուն խաղաղությունը։ Երեւանը ԼՂ ճանաչման հետ կապված որեւէ գործընթաց չի համաձայնեցրել Մոսկվայի հետ»:

Ահա այս հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի մամլո խոսնակի ֆեյսբուքյան էջում գրառում հայտնվեց այն մասին, որ «այս փուլում Արցախի անկախության ճանաչման օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»:

Այս «սրբագրումը» շտապեց քիչ ավելի ուշ երկրորդել նաեւ ՀՀ ԱԳՆ` հայտարարելով. «ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` ԼՂՀ ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը: Որպես կանխատեսելի եւ վստահելի գործընկեր՝ նման կարեւոր որոշման կայացման պարագայում ՀՀ նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին»:

Այդպիսով` Երեւանը դեռ Արցախի ճանաչման գործընթացը չսկսած` տեղի է տալիս արտաքին ճնշումներին` դրանով ի սկզբանե արդեն իսկ արժեզրկելով ողջ գործընթացը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովն էլ ասել էր, թե իրեն Երեւանում վստահեցրել են, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, այլ ոչ թե միակողմանիորեն:

Եվ երբ Կառավարությունում այս կարեւորագույն օրինագծին տրված եզրակացությունը հաստատվում էր, թերեւս արժեր, որ լիներ հարցի շուրջ գոնե ձեւական, մի փոքրիկ քննարկում եւ հենց այդ պահին ներկայացվեր, որ այդպիսով ՀՀ կառավարությունը ոչ թե հավանություն է տալիս Արցախի ճանաչման մասին օրինագծին, այլ ընդամենը հաստատում է ներկայացված եզրակացությունը:

Դա հնարավորություն կտար խուսափելու ադրբեջանական կողմի շահարկումներից, թե Հայաստանի իշխանությունները շարժվում են կես քայլ առաջ, մեկ քայլ հետ սկզբունքով, եւ, ամենակարեւորը, երկրի ներսում կբացառեր այն կասկածները, որ կառավարության ուշացած սրբագրումն արվեց Մոսկվայից ստացված զանգից հետո:
Ի վերջո, Արցախի ճանաչման այս կարեւորագույն, թերեւս, վերջին քայլն այն խաղաքարտը չէ, որի հետ կարելի էր նման փնթի կերպով վարվել:

Հ. Գ. Երեկ երեկոյան՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ «ՀՀ նախագահի հստակ արտահայտած կարծիքն առ այն, թե Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, մնում է ուժի մեջ»:




Լրահոս