Ոստիկանությունը մեկ միլիոն դոլար է վճարելու խախտումների մասին ծանուցումները վարորդներին հասցնելու համար. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը ապրիլի 22-ին 490 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Հայփոստ» ընկերության հետ «փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման» համար։

Ընդ որում, այս պայմանագիրը վերաբերում է Ճանապարհային ոստիկանությանը։ Եվ սա այն գումարն է, որը ոստիկանությունը «Հայփոստին» պետք է վճարի երթևեկության կանոնների խախտման համար քաղաքացիներին ուղարկվող տուգանքների մասին ծանուցումները տեղ հասցնելու համար։

«Հայփոստը» նամակները պետք է վերցնի Ծ. Իսակովի 9 հասցեից` Ճանապարհային ոստիկանությունից։ Այսպիսով, ոստիկանությունը մոտ կես միլիարդ դրամ կամ 1 միլիոն դոլար է վճարելու միայն խախտումների մասին ծանուցումները վարորդներին հասցնելու համար։ Նշենք նաև, որ ոստիկանությունն այս տարի «Հայփոստի» հետ նմանատիպ ևս մեկ պայմանագիր կնքել էր դեռևս հունվարի 25-ին։

Այդ անգամ պայմանագրի արժեքը կազմում էր 160 միլիոն դրամ կամ մոտ 320 հազար դոլար։ Իսկ ինչ վերաբերում է միայն վերջին պայմանագրին, ապա փաստաթղթում  առկա թվային տվյալներից հասկանալի է դառնում, որ 490 միլիոն դրամի դիմաց «Հայփոստը» պետք է առաքի ճանապարհային խախտումների մոտ 1,4 միլիոն ծանուցում։ Առաջին պայմանագրով ծանուցումների թիվը պետք է կազմի մոտ 400 հազար։ Այսինքն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնելու առնվազն 1 խախտում։

Եվս մի ուշագրավ թիվ. այդ պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր 20 գրամանոց առաքման, տվյալ դեպքում ծանուցման գինը 350 դրամ է։ Մինչդեռ ընդամենը օրեր առաջ նույն «Հայփոստի» միջոցով նմանատիպ 20 գրամանոց ծրարը ուղարկվել է ընդամենը 120 դրամով։ Ճիշտ է, տվյալ դեպքում ծրարի համար առանձին է վճարվել ընդամենը 30 դրամ, բայց միևնույն է, այն 350 դրամ չի կազմել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս