Աղոթենք միասին, մնանք միաբան. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք փառք Աստծո պատվով պաշտպանեցինք մեր Հայրենիքը, մեր հողը, մեր օջախը, մեր երեխային… Ցավոք մենք տեսանք նաև վիշտը, փորձեցինք շրջացել այն. բայց եղան անդառնալի կորուստներ: Թշնամու կողմից եղան մարդու իրավունքների համատարած խախտումներ` բարբարոսական և գազանային ոճրագործություններ: Դպրոցում աշակերտին կրակելու, զինվորին գլխատելու, տարեցներին իրենց անկողնում գնդակահարելու, դիակներն անարգելու դեպքեր: Ոճիր կատարող ադրբեջանական «զինվորը» պարծենում և հրճվում էր… Ցավոք այն ադրբեջանական հասարակության կողմից չդատապարտվեց, իսկ հարևան պետության ղեկավարները նույնիսկ այդ ոճրագործներին հերոսացրին: Մենք կրակի միջով անցնելով էլ պահպանեցինք մեր լավագույն հատկանիշները, չնայած փորձությունը սովորացրեց մեզ նաև լինել դաժան, դաժանի հետ, երբեք չենթարկվել ոռնացող ամբոխին:

 Ինչ եղավ մարդու նկատմամբ հարգանքը: Միթե պատերազմի ժամանակ մարդու իրավունքների  մասին խոսելը անտեղի է, միթե պետք է չդրվի պատասխանատվության հարցը: Միթե ադրբեջանական զինվորը կորցրել էր մտածելու ընդունակությունը, թե պատրաստի որոշումն էր իրագործում: Հավատացած եմ կգա ժամանակը, որ նման <<որոշումներ>> կայացողներին աշխարհը կտեսնի և կդատապարտի:

Ես ընդունում եմ ազգայնականությունը, պայքարը, երբ այն մղվում է ազգային ազատագրության, անկախության համար, կամ հայրենիքի պաշտպանության համար: Բայց երբ այն վերածվում է գաղութատիրական, նվաճողական, իսլամի կամ այլ չարիքի տարածման մտածողության և հակադրվում է քաղաքակիրթ աշխարհի արժեքներին ու նույնիսկ խրախուսվում է: Այն էլ 21-րդ դարում ես ատում և մերժում եմ այդ պայքարը և ազգայնականությունը: Չէ որ այն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, սոցիալական արդարությանը, նույնիսկ ապրելու և կյանքի իրավունքին:

Կյանքում ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի, բայց այսօր աշխարհը խոսելու, դատապարտելու, վերացնելու ժամանակը ոնց որ շատ է բաց թողել: Հիշում եմ գյուղում երբ փոքր ժամանակ «կռիվ-կռիվ» էինք խաղում, տատս միշտ դեմ էր, որ ես «ֆաշիստի»կամ «թուրքի» կողմում լինեմ: Երբ դուրս էր գալիս տեսնում էր, որ ես երեխանների հետ ֆաշիստի կամ թուրքի կողմում եմ խաղում անմիջապես ինձ տուն էր կանչում և խրատում էր, որ ֆաշիստի կամ թուրքի կողմում չկռվեմ և ասում էր թեկուզ խաղի ժամանակ երբեք մի եղիր «ֆաշիստ» կամ «թուրք»:

Ասում են խաղաղությունն անհրաժեշտ է կյանքի համար, բայց այսօր հենց խաղաղությունը կյանք է… Չէ, որ այն հավերժ չէ, պետք է գնահատենք կյանքի ամեն պահը և պայքարենք սեփական անտարբերության և չեզոքության դեմ: Մարդու իրավունքների պաշտպանությունը ոչնչով չպետք է սահմանափակվի, ոչ քաղաքականությամբ ոչ էլ ռազմական գործողություններով: Ճշմարտությունը կա այն ապացուցման կարիք չունի ընդհամենը չպետք է խուսափել նրանից, աշխարհը պետք է տեսնի և ճանաչի, ագրեսորին, ոճրագործին, մարդասպանին: Յուրաքանչուրին պետք է տեսնենք իր արարքներով, վարքագծով և ոչ միայն իր մարմնով: Հավատացեք մարդկային կյանքը անգին է: Մենք միշտ այդպես ենք վարվել, հաստատ չկա դրանից ավելի թանկարժեք բան:

Բայց հայրենիքի պաշտպանությունն ազատ ապրելու և արարելու իրավունքն առանց վարանելու մեզ յուրաքանչուրիս կտանի «կրակի բերան»: Պատրաստ նահատակվելու հանուն այդ գերագույն արժեքների, որը ապացուցված է դարերի փորձությամբ: Փառք ու պատիվ Քեզ իմ պաշտպան Զինվոր: Ես հավատում եմ Քեզ, որովհետև մեզ միավորում է հայրենիքին պաշտպան կանգնելու միասնական կամքը: Այս պատերազմը մեր բոլորինն է չնայած մենք երբեք պատերազմ չենք ուզում:

Ոչ պատերազմին, ոչ անաստվածությանը:

Աղոթենք միասին, մնանք միաբան, բոլոր պայմաններում, ցանկալի խաղաղության համար:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան 




Լրահոս